Որոշ նախարարություններ ստիպված կլինեն 2009-ին իրենց հատկացված փողերը խիստ խնայողաբար ծախսել, քանի որ այս տարվա համեմատ՝
հաջորդ տարի նրանք մի քանի միլիարդ դրամ պակաս կստանան:
Կառավարության հավանությանն արժանացած 2009-ի պետբյուջեի նախագծով նախատեսվում է մեր պետության կարիքների համար հաջորդ տարի ծախսել մոտ 945 մլրդ դրամ, այսինքն՝ 122 միլիարդով ավելի, քան այս տարի: Չնայած բյուջեն բավականին մեծացել է, սակայն դա ոչ բոլոր նախարարությունների վրա է անդրադարձել: Եթե որոշ գերատեսչությունների համար նախատեսված գումարները այս տարվա համեմատությամբ հաջորդ տարի կրճատվել են, ապա մյուսներինն էլ հակառակը՝ մի քանի միլիարդով ավելացել են: Օրինակ, Հարություն Քուշկյանի ղեկավարած առողջապահության ոլորտին հաջորդ տարի մոտ 12 մլրդ դրամ ավելի են տալու: Ըստ պետբյուջեի նախագծի, այդ գումարը հիմնականում ուղղվելու է բնակչությանը մատուցվող հիվանդանոցային ծառայությունների որակի բարելավմանը: Այսպիսով, եկող տարի հիվանդանոցային ծառայությունների, բժշկական սարքավորումների, դեղագործական ապրանքների եւ առողջապահական այլ ծառայությունների համար պետբյուջեից կհատկացվի մոտ 66 միլիարդ դրամ:
2009-ի պետբյուջեից դժգոհելու տեղ չունի նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը: Նրա ղեկավարած ոլորտին այս տարի կտրամադրվի մոտ 253 մլրդ 194 մլն դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 33 միլիարդով: Պետությունն ավելացրել է սոցիալական պաշտպանության ոլորտին տրվող գումարները: Մասնավորապես այս տարվա 981 միլիոնի փոխարեն՝ հաջորդ տարի անաշխատունակության համար կտրվի 1 մլրդ 125 միլիոն դրամ, մոտ 1 մլրդ-ով նախատեսվում է ավելացնել գործազրկության ոլորտի, իսկ ավելի քան 2 մլրդ դրամով՝ բնակարանային ապահովման համար հատկացվող գումարները: Սոցիալական ոլորտին հատկացվող գումարների մեծ մասը՝ մոտ 182 մլրդ դրամ, 2009-ին կհատկացվի կենսաթոշակների համար:
Ի տարբերություն առողջապահության եւ սոցիալական ոլորտների, գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը ստիպված կլինի իր ոլորտում հատկացումներ անելիս շռայլություններ թույլ չտալ: Կառավարության համոզմամբ, մեր գյուղատնտեսությունն այնքան լավ վիճակում է, որ ոչ միայն լրացուցիչ ֆինանսավորման կարիք չունի, այլեւ ավելին՝ նախորդ տարի հատկացված գումարները շատ են եղել եւ այս տարի որոշել են մի քիչ պակասեցնել: Եթե այս տարի անտառային տնտեսությանը հատկացվել էր 1 մլրդ 918 մլն դրամ, ապա մյուս տարի անտառների վերահսկողության եւ պահպանության համար կհատկացվի 1 մլրդ 831 մլն դրամ: 9 մլրդ դրամով կրճատվել են նաեւ ոռոգման համար հատկացվող գումարները, այս տարվա 19 մլրդ 586 մլն դրամի փոխարեն մյուս տարի գյուղացիները ստիպված կլինեն բավարարվել ընդամենը 10 մլրդ 352 մլն-ով: Դատելով լեռնարդյունահանման, արդյունաբերության եւ շինարարության համար պետբյուջեից տրամադրվող գումարների նվազումից, կարելի է կարծել, որ արդյունաբերության այս ճյուղը Հայաստանում սկսել է զարգացում ապրել, եւ բյուջեից կատարվող հատկացումների կարիքն այլեւս չունի: Այս տարվա ընդամենը 70 մլն-ի փոխարեն՝ 2009-ին նախատեսվում է այս ոլորտին հատկացնել 12 մլրդ 442 մլն դրամ: Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը եւս եկող տարի ստիպված կլինի փողերը խնայողաբար ծախսել, քանի որ պետբյուջեն բաշխելիս՝ ֆինանսների նախարարությունն այս գերատեսչության հանդեպ այնքան էլ առատաձեռն չի գտնվել: Այս տարվա 543 մլն 200 հազար դրամի փոխարեն՝ 2009-ին կապի ոլորտին կտրամադրվի ընդամենը 479 մլն դրամ, ճանապարհային տրանսպորտին՝ 50 մլրդ 942 մլն, իսկ օդային տրանսպորտին՝ 143 մլն 218 հազար դրամ:
Ինչ վերաբերում է բնապահպանությանը, ապա հաջորդ տարի այս ոլորտին կհատկացվի գրեթե նույնքան գումար, որքան այս տարի: Ընդհանուր առմամբ, շրջակա միջավայրի պաշտպանության համար 2009-ի բյուջեով նախատեսված է 4 մլրդ 652 մլն դրամ, որից 2 մլրդ 663 միլիոնը կենսաբազմազանության եւ բնության պաշտպանության, մոտ 29 միլիոնը՝ աղբահանության, 1 մլրդ 748 միլիոնը՝ շրջակա միջավայրի պաշտպանության համար: Հաջորդ տարի բնապահպանության նախարարությունը ստիպված կլինի անհամեմատ պասիվ պայքարել օդի աղտոտման դեմ, քանի որ դրա համար հատկացվող գումարը զգալի կրճատվել է. մոտ 248 մլն-ի փոխարեն՝ հաջորդ տարի այն կկազմի ընդամենը 214 մլն դրամ:
Այս տարվա համեմատությամբ՝ էականորեն կրճատվել են նաեւ հրատարակչություններին եւ խմբագրություններին հատկացվող գումարները:
Նշենք նաեւ, որ հաջորդ տարի կավելանան պետբյուջեի ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը: Եկամուտները կկազմեն մոտ 906 մլրդ, իսկ ծախսերը՝ 946 մլրդ դրամ: Բյուջեի 40 մլրդ դրամ դեֆիցիտը նախատեսվում է լրացնել ներքին աղբյուրների, պետական արժեթղթերի եւ արտաքին աղբյուրների՝ հիմնականում արտերկրից ստացվող վարկային միջոցների հաշվին:
Հիշեցնենք, որ կառավարությունը բյուջեի նախագիծը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել երեկ: