Լրահոս
Օրվա լրահոսը

Յովանովիչի առաջին ասուլիսը

Հոկտեմբեր 03,2008 00:00

«ԱՄՆ կառավարությունը միշտ հանդես է եկել ի պաշտպանություն տարածաշրջանային համագործակցության, որը նպատակաուղղված է կայունության, անվտանգության եւ ինտեգրման ապահովմանը»: Այս մասին երեկ Երեւանում իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը՝ մեկնաբանելով Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման Թուրքիայի նախաձեռնությունը: Դեսպանի խոսքերով, Թուրքիայի առաջարկած ծրագիրը մշակման փուլում է եւ վերջնական տեսքի դեռեւս չի բերվել: Այդուհանդերձ, Յովանովիչն ընդգծեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ցանկացած նման նախաձեռնության:

«Այս պահը պատմական է եւ կարեւոր Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ երկու երկրների միջեւ սահմանի բացման համար»,- թեման շարունակեց ԱՄՆ դեսպանը՝ հավելելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում շրջադարձային էր Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին Երեւան հրավիրելու՝ ՀՀ նախագահի նախաձեռնությունը: Ամերիկացի դիվանագետի կարծիքով, Սարգսյանի այդ քայլը նոր հորիզոններ է բացում հարաբերությունների կարգավորման գործում, ինչպես նաեւ՝ նոր հնարավորություններ ընձեռում ԼՂ հարցի լուծման գործընթացում: Մատնանշելով Թուրքիայի հետ սահմանի բացման օգուտը, Յովանովիչն ընդգծեց, որ դա կնպաստի տարածաշրջանում անվտանգության մակարդակի բարձրացմանը, առեւտրի, հետեւաբար նաեւ՝ ՀՀ տնտեսության զարգացմանը:

Խոսելով Հայաստանում տեղի ունեցած մարտյան իրադարձությունների մասին՝ Յովանովիչը, մասնավորապես, նշեց. «Մենք հորդորում ենք Հայաստանի կառավարությանը՝ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված գործերը արագ ավարտին հասցնել բաց, թափանցիկ եւ արդարացի ձեւով»: Հարցին, թե կիսո՞ւմ է, արդյոք, տեսակետը, որ Հայաստանն այսօր ունի քաղբանտարկյալների խնդիր, դեսպանն արձագանքեց. «Ցանկացած պարագայում, երբ մարդիկ անազատության մեջ են հայտնվում իրենց քաղաքական հայացքների եւ գործունեության, այդ թվում՝ ցույցերին մասնակցելու համար, մտահոգվելու առիթ կա: Սա մի մտահոգություն է, որը մենք կիսել ենք Հայաստանի կառավարության հետ եւ հրապարակավ հայտնել դրա մասին»:

Յովանովիչը հավելեց, թե կցանկանար, որ մի բան հստակ լիներ. «Յուրաքանչյուր կառավարություն պետք է տարբերակի այն անձանց, ովքեր պարզապես իրականացրել են իրենց քաղաքացիական իրավունքները, տվյալ դեպքում՝ հավաքների եւ ցույցերի ազատությունը, այն անձանցից, ովքեր բռնություններ եւ անօրինական գործողություններ են կատարել»:

Անդրադառնալով ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպանն ասաց, թե ԱՄՆ-ն հավատարիմ է եղել ու այժմ էլ հավատարիմ է տնտեսության զարգացման եւ ժողովրդավարական բարենորոգումների անցկացման գործում հայ ժողովրդին աջակցելու գաղափարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել