Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, սա է եղել Գյուլի՝ Հայաստան այցի հիմքում
«Մինչեւ Գյուլի Երեւան ժամանելը՝ Եվրոպայում տեղի են ունեցել գաղտնի բանակցություններ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ»,- երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Նրա համոզմամբ, այս գաղտնիությունն իր մեջ անպայման վտանգավոր տարրեր է պարունակում: Այդ բանակցություններում թուրքերն, ըստ նրա, պայման են դրել՝ Գյուլը կգա Հայաստան մի դեպքում. եթե արցախյան հարցում Հայաստանի իշխանություններն ընդունեն ի նպաստ Ադրբեջանի դիրքորոշում եւ նախեւառաջ ազատագրված տարածքներից հայկական զորքերը համաձայնեն դուրս բերել: Քանի որ հայկական կողմն այդպես էլ չհերքեց Թուրքիայի նախագահի՝ Հայաստանից վերադառնալուց հետո արած հայտարարությունները, բանախոսը հիմք է ունենում ենթադրելու, որ Գյուլի հայտարարությունները ե՛ւ Բաքվում, ե՛ւ Անկարայում համապատասխանում էին իրականությանը: Այսինքն՝ «մերոնք» համաձայնել են ազատագրված տարածքներից հայկական զորքերը դուրս բերել: «Ես չեմ կարծում, որ Գյուլն այնպիսի գործիչ է, որ սայթաքեր, վրիպում թողներ: Վերջապես պիտի հասկանանք, որ գործ ունենք լուրջ, կայացած պետության, կայացած նախագահի հետ»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Նա զավեշտի մակարդակում է դիտարկում նաեւ Սերժ Սարգսյանի՝ Ադրբեջանին ուղղված առաջարկը՝ ԼՂՀ-ում ներդրումներ կատարելու մասին:
«Զիջումների մասին խոսք անգամ չի կարող լինել»,- պնդեց Ժիրայր Սեֆիլյանը, ավելացնելով, որ ժողովուրդը չպետք է մոռանա Թուրքիայի պանթուրքիստական նկրտումները: Իսկ ներկայիս «չնախագահի» կողմից տարվող այս քաղաքականության գլխավոր նպատակն, ըստ բանախոսի, մեկն է՝ «Նա փորձում է աշխարհի տերերին համոզել, որ մնա իշխանության. ինչ ուզեք՝ կանեմ, նույնիսկ թուրքերի հետ կախպերանամ, Ղարաբա՞ղն եք ուզում՝ էդ էլ կծախեմ, գինն էլ շուտով կպայմանավորվենք»: Ինչեւէ, պարոն Սեֆիլյանը կասկած չունի, որ վաղ թե ուշ միջազգային հանրությունը կհասկանա, որ «այս մարդկանց հետ բանակցելն անիմաստ է, որովհետեւ սրանք Հայաստանի եւ հայության հետ ուղղակի կապ չունեն, չեն ներկայացնում հայ ժողովրդին, ուստի նրանց հետ բոլոր պայմանավորվածություններն անիմաստ են»: Ժիրայր Սեֆիլյանը նաեւ ժողովրդին զգոնության կոչ արեց՝ «հերթական անգամ հերթական դավադրությունը կանխելու համար»:
«Վտանգավոր ու անթույլատրելի ենք համարում ազգային համերաշխության ու համաձայնության բացակայության պայմաններում, առանց լայն հասարակական քննարկումների Արցախի եւ ազատագրված տարածքների խնդրի շուրջ՝ փոփոխվող ձեւաչափերով կիսագաղտնի բանակցությունների անցկացումը: Ազգային-ազատագրական պայքարը չի կարող հանդիսանալ Թուրքիայի հետ առեւտրա-դիվանագիտական հարաբերությունների բարելավման առարկա: Ազատագրված տարածքների հաշվին քննարկվող զիջումները ներկայիս պայմաններում անխուսափելիորեն խարխլելու են Արցախի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանվածությունը եւ ֆիզիկական անվտանգությունը: Նման բանակցությունները չունեն որեւէ բարոյական հիմք, ուստի դրանց արդյունքը անընդունելի է լինելու հայության համար: Մենք պահանջում ենք ընդունել մեր պատվիրակությանը եւ ապահովել ԱԳՆ մասնակցությունը առաջիկայում կազմակերպվող հասարակական քննարկումներին»,- երեկ հասարակական նախաձեռնությունն այս բովանդակությամբ նամակ է հանձնել նաեւ ՀՀ ԱԳ նախարարին: