Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱԲԿԻՐԸ ԿԴԱՌՆԱ ՄԱՔՈՒՐ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳ ՀԱՄԱՅՆՔ

Հոկտեմբեր 03,2008 00:00

Դեռ նախընտրական շրջանում տված իր այս խոստումը համայնքի նորընտիր թաղապետ Ալբերտ Երիցյանը երեկվանից սկսել է կյանքի կոչել:

\"\"Այս բեռնատարները Արաբկիրում են՝ համայնքը աղբից մաքրելու առաքելությամբ:

 

\"\"Մինչեւ երեկ այսպիսին էր Արաբկիր համայնքի բակերի մեծամասնությունը:

 

\"\"Արաբկիրի նորընտիր թաղապետը սկսել է համայնքը աղբից մաքրելու 10-օրյակ:

\"\"Համայնքը աղբից մաքրելուն լծվել են 100-ից ավելի բեռնատարներ եւ աղբատարներ:

 

Հոկտեմբերի 1-ին Երեւանի Արաբկիր համայնքի ղեկավարությունն արդեն պաշտոնապես ստանձնեց նորընտիր թաղապետ, «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ նախագահ Ալբերտ Երիցյանը: Որպես իր գործի լավ կառավարիչ ու նաեւ գործնական մարդ՝ նա անմիջապես անցավ նախընտրական շրջանում համայնքի բնակիչներին տված իր խոստումներից մեկի կատարմանը՝ Արաբկիրը մաքրել վաղուց կուտակված աղբակույտերից: Երեկ, առավոտյան ժամը 07:30-ից, թաղապետարանին հարող փողոցում կենտրոնացվել էր հարյուրից ավելի տեխնիկա, այդ թվում՝ բեռնատար եւ աղբատար մեքենաներ, տրակտորներ, որոնք արդեն ժամը 8-ից սկսած, «սանրում» էին համայնքի ողջ տարածքը՝ հավաքելով հենց փողոցի վրա կամ մայթերին, աղբամաններում ու դրանց շուրջը, նաեւ շենքերի աղբանոցներում թափված եւ արդեն գարշահոտող աղբը: Ընդ որում, այս աշխատանքները կատարվում են ոչ թե թաղապետարանի հաշվին կամ համայնքի աղբը մաքրելուն կոչված «Մաքուր Արաբկիր» ՍՊԸ-ի կողմից, այլ՝ նորընտիր թաղապետ Ալբերտ Երիցյանի նախաձեռնությամբ, նրա եւ իր գործարար ընկերների, համակիրների համատեղ ջանքերով ու սեփական միջոցներով: Հայտարարված 10-օրյա այս ակցիայի առաջին օրվա ընթացքում համայնքի մաքրման աշխատանքներում ներգրավված տեխնիկան համայնքից մինչեւ Նուբարաշենի աղբավայր՝ միայն երեկ շուրջ 200 երթ է կատարել: Թաղապետը նախատեսում է համայնքը կուտակված աղբից լիովին մաքրել արդեն առաջիկա 5-6 օրերի ընթացքում, բայցեւ խոստանում, որ անկախ եղանակային պայմաններից, ակցիան կտեւի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի Արաբկիրում եղած կենցաղային եւ շինարարական աղբից ազատվելու համար: Դրանից հետո թաղապետարանում մտադիր են կանոնակարգել իրենց եւ «Մաքուր Արաբկիր» ՍՊԸ-ի հետ պայմանագրային հարաբերությունները եւ ամենօրյա ու խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի այս ընկերությունը աղբահանությունը իրականացնի ճիշտ ժամանակին եւ պատշաճ կերպով:

«Մեր համայնքը շատ վատ պայմաններում է գտնվում: Հիմնականում բազմահարկ շենքերի աղբահանության խնդիրը անմխիթար վիճակում է. աղբը ամիսներով չի տեղափոխվել: Մենք ողջունում ենք նոր թաղապետի այս քայլը: Նման բան մենք չէինք տեսել: Ոգեւորված ենք»,- ասում էր Արաբկիր համայնքի բնակիչներից մեկը:

Նորընտիր թաղապետը անհանգստացած է նաեւ համայնքում՝ հիմնականում բազմահարկ շենքերում աղբի կուտակման պատճառով եւ առնետների դեմ անարդյունավետ պայքարի հետեւանքով առկա սանիտարահամաճարակային վիճակով: Այս, համայնքի կանաչապատման, փողոցների լուսավորման եւ ասֆալտապատման խնդիրները, նաեւ փողոցային առեւտուրը կանոնակարգելը լինելու են թաղապետի մշտական ուշադրության կենտրոնում, որոնց նա կանդրադառնա համայնքի մաքրման 10-օրյա ակցիայից հետո: Իսկ մինչ այդ, առաջիկա շաբաթ օրը, համայնքում հայտարարվել է շաբաթօրյակ:

Թաղապետ Ալբերտ Երիցյանը դեռ համայնքի ղեկավարի նախընտրական քարոզչության շրջանում էր խոստացել մոտ ապագայում Արաբկիրը դարձնել մայրաքաղաքում առավելագույնս մաքուր եւ բարեկարգ, բնակիչների համար գրավիչ համայնքներից մեկը: Նույնը նա խոստանում է նաեւ իբրեւ գործող թաղապետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել