ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձով դիմեց ժողովրդին եւ Ազգային ժողովին, ասելով, թե դրանով դրվում է նոր ավանդույթի սկիզբը:
ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի 1-ին կետին հղում անելով՝ ԱԺ արտահերթ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձով դիմեց ժողովրդին եւ Ազգային ժողովին: Նա հիշեցրեց իր նախընտրական ծրագրի այն հատվածը, որտեղ ասված է. «Մենք բաց ենք լինելու կառուցողական առաջարկությունների եւ համագործակցության համար, կարեւորելով նաեւ ժողովրդին եւ ԱԺ-ին ուղերձով դիմելու սահմանադրական ինստիտուտի դերը»: Խոստացավ, որ ուղերձները լինելու են պարբերական. «Ամեն անգամ միասին ենք ամփոփելու մեր երկրի անցած ճանապարհը եւ առանձնացնելու խնդիրները, որոնց շուրջ պետք է մեկտեղենք մեր ջանքերը»:
Դահլիճում ուղղակի ասեղ գցելու տեղ չկար, թեպետ, երբ բոլորը գրանցվեցին, պարզվեց՝ 16 պատգամավոր բացակայում է նիստից՝ մի մասը գործուղման էր, մյուսները՝ երեւի հիվանդ, երեքը՝ կալանավորված: Ի դեպ, մինչ ուղերձի հրապարակումը, շատերն էին ակնկալում, որ նրանում խոսք է լինելու համաներման մասին, սակայն այդ մասին որեւէ ակնարկ չկար: Նիստին մասնակցում էին ՀՀ կառավարությունն՝ ամբողջ կազմով, լրատվամիջոցների աննախադեպ թվով ներկայացուցիչներ: Քանի որ նախագահի ուղերձը մենք տպագրել ենք ամբողջությամբ, պարզապես անդրադառնանք նախագահի արտահայտած վերջին մտքին եւ դրա արձագանքներին: Ի դեպ, հենց դա էր որոշ պատգամավորների վրա հատուկ տպավորություն թողել: «Ոչ ոք ՀՀ-ում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք ՀՀ-ում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն: Ես բոլորին առաջարկում եմ ձեռնպահ մնալ արմատավորված արատավոր երեւույթներից, որովհետեւ հետեւանքներն իսկապես տեսանելի են լինելու: Եվ, երկրորդ, դիմում եմ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներին, լրագրողներին, հասարակական գործիչներին, բոլորին, դիմում եմ ու հորդորում՝ վերջ տալ հրապարակավ այլոց վիրավորելուն, սա մեզ մոտ արդեն անցնում է ընդունելի սահմանը, անձնական վիրավորանքներ հասցնելը մեզանում կարծես թե դարձել է նորմ, եկեք բոլորս կանգ առնենք, դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է»,- այսպես ավարտեց իր ուղերձը Սերժ Սարգսյանը:
Մենք փորձեցինք պատգամավորներից պարզել, թե ի՞նչ տպավորություն ստացան ուղերձից եւ ի՞նչ հետեւություններ են անելու: ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանին հարցրինք՝ բավարարե՞ց նախագահի խոսքը. «Ամբողջովին»,- եղավ պատասխանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եւս ամբողջովին բավարարված էր: «Առավոտը» հարցրեց՝ ինչպե՞ս է պարոն Ծառուկյանը գնահատում նախագահի ուղերձի հատկապես այն հատվածը, երբ հորդորեց, որ որոշ մարդիկ չփորձեն իրենց պետության գործառույթներ վերագրել: Ի պատասխան՝ պարոն Ծառուկյանն ասաց. «Շատ ընդունելի էր, շատ ողջունելի էր, բոլորս էլ սպասում ենք դրան, եւ ամեն ինչը պետք է իր կարգով գնա»:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մեր նույն հարցին խուսափեց պատասխանել եւ հորդորեց դիմել Գագիկ Ծառուկյանին, եւ երբ բացատրեցինք, որ պարոն Ծառուկյանն արդեն պատասխանել է, պատգամավոր Ալեքսանյանը դարձյալ լռեց: Ս. Ալեքսանյանին «փրկելու» նպատակով Գ. Ծառուկյանն ասաց՝ «Ինչ որ ես ասել եմ՝ համարի, որ ինքն էլ է ասել»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին շատ էր դուր եկել նախագահի խոսքի հատկապես վերջին մասը, եւ ի պատասխան մեր հարցի՝ իր կարծիքով հատկապես ի՞նչ նկատի ուներ նախագահը նման զգուշացում անելով, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Դուք շատ լավ գիտեք, թե ինչ նկատի ուներ նախագահը, նա նկատի ուներ այն թեման, որի մասին ես երեկ հարցում ուղղեցի կառավարությանը (խոսքը ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահների կողմից կատարված սպանության եւ ծեծի մասին էր: Ի դեպ, որքան հասցրինք նկատել, այդ պատգամավորը երեկ դահլիճում չէր.- Մ. Ե.)»: Մեր հաջորդ հարցին՝ իսկ ուղերձով դիմելը բավարա՞ր է, որ մարդիկ շտկվեն եւ համապատասխան հետեւություններ անեն, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Բնականաբար՝ ոչ, քանի որ ուղերձն առաջին քայլն է, որը պարտադրելու է համապատասխան մարմիններին՝ կատարել ձեր ասած մնացած քայլերը»:
Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը նախագահի ուղերձի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը եւ ողջ ուղերձը գնահատեց «շատ բարձր, որովհետեւ, իսկապես, շատ կարեւոր է, որ մենք գիտակցենք, որ ունենք շատ մեծ պոտենցիալ, Սփյուռք եւ ամեն հայ, որն ապրում է աշխարհի տարբեր ծայրերում, մեր երկրի դեսպանն է»:
Մյուսներն ուղղակի խնդրեցին անմիջապես հարցեր չտալ. «Մենք դեռ պետք է մտածենք»,- եղավ շատերի պատասխանը: