Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է հայը

Հոկտեմբեր 02,2008 00:00

Բաց նամակ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ ամերիկահայ առաջատար կազմակերպությունների կողմից իր պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: Իր ելույթում ՀՀ գլխավոր հրամանատարը, մասնավորապես, մատնանշել է. «Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ եւ խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից: Անգլախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը, սոցիալիստ կամ ժողովրդավար հայը, ազատական կամ ազգայնական հայը պարզապես հայ է»:

Ժամանակակից համընդհանուր գործընթացների, մասնավորապես՝ տնտեսական եւ քաղաքական գլոբալացման պայմաններում առաջին պլան է մղվում ազգային ինքնության եւ առանձնահատկության արժեւորումը՝ հոգեւոր եւ նյութական մշակույթների առանձնահատկությունները, լեզուն, դավանանքը, ավանդույթները եւ այլն: Հենց այս տարրերն են բնորոշում եւ պայմանավորում ազգային ինքնությունը եւ հենց այս տարրերով են տարբերակում ազգերին:

Լինելով հինավուրց մշակույթի կրող՝ մենք միշտ հպարտացել ենք, որ դարեր շարունակ տարբեր փորձություններում, ոչնչացման վտանգի տակ, շրջապատված օտարալեզու եւ օտարադավան հարեւաններով ու թշնամիներով, մենք, այնուամենայնիվ, վեհությամբ պահպանել ենք մեր հիմքերի հիմքը հանդիսացող հայոց լեզուն, չենք ուրացել Հայ առաքելական եկեղեցին, չենք դավաճանել Հայկ Նահապետի պատգամներին եւ աշխարհի հորձանուտում շարունակում ենք մնալ այն, ինչ մենք կանք՝ կյանքի գնով պահպանելով հայոց ինքնությունը:

Սակայն այսօր վտանգն այլ է. մեր իսկ հայրենիքի նախագահի ելույթը հարցականի տակ է դնում դարեր ի վեր դավանած արժեքները՝ եւ՛ լեզուն, եւ՛ կրոնը, եւ՛ մշակույթը…

Ի դեպ, այդ նույն «առանց սահմանման սահմանումը» հակասության մեջ է նաեւ երկրի իշխանության մեջ մեծամասնություն կազմող եւ նախագահին սատարող Հանրապետական կուսակցության կողմից որդեգրած նժդեհյան գաղափարախոսության հետ:

Այդ իսկ պատճառով հարց ենք ուղղում ՀՀ նախագահին՝ ո՞վ է հայը եւ որո՞նք են մեր ազգային ինքնության հիմնաքարերը, եթե «հրաժարվում ենք լեզվական, կրոնական, մշակութային եւ գաղափարական տարանջատումներից»:

Մենք՝ լինելով մեր ազգի նվիրյալ զավակները, անվերապահորեն արժեւորելով մեր լեզուն, մշակույթը, կրոնը, ժառանգած գաղափարները, եւ լինելով հայրենասեր՝ ի հակառակ իշխանությունների բոլոր ջանքերի, համարում ենք նախագահի ելույթը վիրավորական ողջ ազգի նկատմամբ եւ խիստ վտանգավոր ենք գնահատում ելույթի հնարավոր բոլոր հետեւանքներն ազգապահպան գործի համար, մանավանդ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական մարտահրավերները, ուստի պահանջում ենք նախագահից հրապարակավ բացատրություն՝ նշված հարցերի շուրջ:

Կոչ ենք անում ազգայնական բոլոր ուժերին վերհիշել իրենց հռչակած գաղափարները եւ միանալ մեր պահանջին: Ձեզ ենք դիմում մեր ազգային էպոսի (ներողություն ենք հայցում նախագահից «ազգային» բառն օգտագործելու եւ մեր մշակույթը հիշատակելու համար) հայտնի տողերով՝

Ով քնած է՝ արթուն կացեք,

Ով արթուն է՝ ելեք, կեցեք…

Տեր կանգնենք նախնիներից մեզ ավանդված եւ այսօր, ինչպես երբեք, վտանգված մեր արժեքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել