Հոկտեմբերի առաջին կեսին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սկսելու են Պեկինում կայացած ամառային 29-րդ օլիմպիական խաղերին՝ ըստ առանձին մարզաձեւերի, մեր հավաքականների մասնակցության քննարկումները, ինչը նաեւ ֆեդերացիաների կատարած աշխատանքների գնահատական է ենթադրում: Դրանց նախապատրաստությունն արդեն սկսվել է, ճշգրտվում են արծարծվելիք հիմնական հարցերի շրջանակները: Շեշտը դրվելու է հենակետային մարզաձեւերի՝ ծանրամարտի, ըմբշամարտի երկու ոճերի, բռնցքամարտի, ձյուդոյի եւ հրաձգության վրա, որոնք ստանում են պետական եւ օլիմպիական կոմիտեի ֆինանսավորման առյուծի բաժինը:
Ի՞նչ կտան այդ քննարկումները, կլինե՞ն անկողմնակալ ելույթներ, որոնք չեն կառուցվի «ես վատամարդ չլինեմ» սկզբունքով, եւ անկեղծ վերլուծություններ ու դրանց հետեւող որոշումներ՝ ցույց կտա քննարկումների ընթացքը:
Մարզասերներին հետաքրքրում է, թե կհետեւե՞ն կադրային արմատական փոփոխություններ: Այս մասին նախարարությունում եւ օլիմպիական կոմիտեում առայժմ գերադասում են լռել: Սակայն որոշակի լարվածություն, սպասողական վիճակ նկատվում է եւ փսփսոց-խոսակցություններ, այնուամենայնիվ, պտտվում են: Մասնավորապես, չճշգրտված լուրերի համաձայն, իրենց զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ կտան Պեկինում սպասելիքները չարդարացրած ձյուդոյի, հրաձգության, ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների գլխավոր մարզիչները: Հնարավոր է, որ փոխվեն նաեւ մեկ-երկու ֆեդերացիայի նախագահներ: Սպորտի նախարար Արմեն Գրիգորյանի խոսքերով, քննարկումների արդյունքները կներկայացվեն նաեւ տարեվերջին կայանալիք ՀԱՕԿ-ի համաժողովում: Հարցին, թե քննարկումները լրատվամիջոցների համար բա՞ց են լինելու, նախարարը դժվարացավ միանգամից հստակ պատասխանել, բայց հավաստիացրեց, որ լիակատար տեղեկատվությունն ապահովված կլինի:
Արմեն Գրիգորյանը նաեւ տեղեկացրեց. «Ֆեդերացիաների աշխատանքների քննարկումներից բացի, նախարարության վարչություններին համապատասխան հանձնարարական է իջեցվել՝ ներկայացնել վերջին չորս տարվա, այսինքն՝ օլիմպիական ցիկլի ընթացքում մարզադպրոցների, ինչպես նաեւ սպորտի մասսայականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին՝ ո՞ր մարզադպրոցն է հավաքականներին սաներ տվել, որի՞ց են պաշտոնական մրցաշարերի մասնակցել եւ այլն: Ուզում ենք ընդհանուր պատկեր կազմել այդ օղակների մասին: Գիտեք, որ վերջին տարիներին բավականին մեծ ներդրումներ են կատարվում մարզադպրոցները հիմնանորոգելու, նորերը կառուցելու համար: Այսինքն՝ ստեղծվում են լիարժեք մարզվելու եւ աճելու լավագույն պայմաններ, որպեսզի հետագայում հայաստանցի մարզիկները պատվով հանդես գան միջազգային մրցասպարեզներում, արժանիորեն ներկայացնեն իրենց երկիրը: Հիմա ցանկանում ենք իմանալ, թե այդ մարզադպրոցներում դրական տեղաշարժ կա՞, թե՞ ոչ: Բացառված չէ, որ տնօրենների հետ կապված խնդիրներ առաջանան: Մեկ շաբաթվա ընթացքում կպարզվի նաեւ տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների կատարած աշխատանքների մակարդակը: Նպատակ կա մինչեւ տարեվերջ ուսումնասիրությունների համալիր ծրագիր իրականացնել, որպեսզի արդեն 2009 թվականից աշխատանքները կազմակերպվեն որակապես նոր մակարդակով»,- ասաց նախարարը: