Ըստ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի, միայն այս քայլից հետո կարելի է նոր էջ սկսել
«Սիվիլիթաս անունը պատահաբար չի ընտրվել, այն բազմանշանակ բառ է, նշանակում է քաղաքացի, քաղաքակրթություն, քաղաքացիական հասարակություն: Հիմնադրամն աշխատելու է երկու ուղղություններով՝ առաջինը Արտաքին հարաբերությունների խորհուրդն է, երկրորդը՝ «Ժողովրդավարություն եւ զարգացում» նախաձեռնությունը»,- երեկ Հյուսիսային պողոտայում «Սիվիլիթաս» հիմնադրամի բացման արարողության ժամանակ ասաց «Սիվիլիթասի» հիմնադիր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: «Հիմնադրամը փորձելու է տարածաշրջանային նախաձեռնությունների միջոցով, որոնք միտված կլինեն երկխոսության, նպաստը բերել տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, ինչն էլ արվելու է դասախոսությունների, «կլոր սեղանների», կոնֆերանսների միջոցով: «Ժողովրդավարություն եւ զարգացում» նախաձեռնության տակ էլ հիմնադրամն իրականացնելու է չորս ծրագիր՝ «Սիվիլիթասի» կրթաթոշակի ծրագիր, որը հատկացվելու է հայաստանցի կարիքավոր ուսանողներին՝ Հայաստանում ուսում ստանալու համար, տեղեկատվական ծրագիր, որի ներքո հիմնադրամը նյութեր է պատրաստելու Հայաստանի եւ Սփյուռքի մամուլի համար, եւ գյուղական զարգացման ծրագիր՝ հիմնադրամի միջոցով փորձելու ենք լրացնել տնտեսական հատվածը: Գրանտների ու միկրոֆինանսավորման միջոցով էլ աշխատելու ենք գյուղացիների հետ, չորրորդ ծրագիրն էլ բնապահպանական ներգրավվածությունն է, որի միջոցով հասարակության մեջ բարձրացնելու ենք գիտակցությունը բնապահպանական հարցերի առնչությամբ»,- մանրամասնեց Վ. Օսկանյանը:
Անդրադառնալով վերջին ամիսներին իշխանության կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանն ու հարցին, թե որքանո՞վ են հավաստի այն տեղեկությունները, որ Վ. Օսկանյանը եւս ներգրավվելու է երրորդ ուժ կոչվող միավորմանն ու դառնալու է վերջինիս առաջին դեմքը, բանախոսը պատասխանեց. «Դեռեւս վաղ է գնահատական տալ լարված քաղաքականությանը: Իհարկե, մեր նախագահն ու նախարարը բավական ակտիվ են տարբեր երկրներ իրենց այցելություններով, նույնիսկ Թուրքիայի նախագահի այցն էր շատ աննախադեպ: Ակնհայտ է, որ լայն գործունեություն է ծավալվում, բայց թե ինչ արդյունքներ կտա այդ գործունեությունը մեր ժողովրդին՝ կերեւա որոշ ժամանակ անց: Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում չպետք է հանդես գա որպես միջնորդ: Թուրքիան դեռեւս տեղ չունի այդ բանակցություններում, քանի որ սահմանը դեռ չի բացել, երկաթգիծը չի գործում, հետեւաբար՝ նա հանդես է գալիս Ադրբեջանի շահերից: Ինչ վերաբերում է երրորդ ուժ ձեւավորելու խոսակցություններին, ասեմ, որ իմ անվան հետ կապված բոլոր լուրերն անհիմն են: Ես իբրեւ ՀՀ երկրի քաղաքացի, չեմ կարող անտարբեր լինել երկրում տեղի ունեցող իրադարձությունների, զարգացման ու ապագայի հանդեպ, այդ պատճառով էլ իմ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին՝ հավանական է»:
Վ. Օսկանյանը իր գնահատականը տվեց Աբդուլլա Գյուլին Հայաստան հրավիրելուն. «Անկախ Ռոբերտ Քոչարյանի ասածից, կարծում եմ, այդ որոշման ճիշտ լինելն էլ կերեւա որոշ ժամանակ անց: Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մի չափանիշ կա՝ սահմանի բացումն ու առնվազն երկաթգծի գործարկումը: Եթե այս երկուսից մեկը մոտակա ամիսներին տեղի չունենա, կասեմ, որ Թուրքիան լավագույնս շահարկել է քաղաքականորեն իրեն ընձեռված հնարավորությունը: Իսկ եթե մի քանի ամսից սահմանը բացվի, երկաթգիծը գործարկվի, ապա կասեմ, որ նախագահի հրավերը Գյուլին՝ ճիշտ որոշում էր»: Վ. Օսկանյանը նաեւ հայտնեց, որ հնարավոր է այսօր ԱԺ-ում նախագահ Ս. Սարգսյանն իր ուղերձի մեջ հայտարարի համաներման մտադրության մասին:
Ներքաղաքական իրադարձությունների մասին խոսելիս նախկին ԱԳ նախարարը նշեց, որ բանտարկյալների հարցի կապակցությամբ իշխանությունը պիտի քայլեր ձեռնարկի, որ ներքին լարվածությունը թուլանա. «Բանտարկյալներին մի ասեք քաղբանտարկյալներ, թեեւ այդ առումով մոտեցել ենք սահմանագծին: Եթե իշխանությունը քայլեր չանի իրավիճակը հանգուցալուծելու համար, Հայաստանը կարող է բաց թողնել այն շանսը, որ կովկասյան վերջին զարգացումների համատեքստում ստացել է տարածաշրջանում կարեւոր դերակատարում ունենալու համար: Իրավիճակը հանգուցալուծելու համար իշխանությունն ու ընդդիմությունը երկուստեք անելիքներ ունեն: Հայաստանը որպեսզի հաղթահարի լարվածությունը՝ պետք է կատարի ԵԽ պահանջը հատկապես բանտարկյալների մասով… Մարտի 1-ի դեպքերի պատճառով շատ բան ենք կորցրել: Մարտի 1-ը մեր պատմության ողբերգական, սեւ էջն է, որը պետք է կարողանալ շրջել, բայց դրա համար պետք է մարտի 1-ին տալ օբյեկտիվ գնահատական ու նոր անցնել առաջ»: