Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ-ն կբոյկոտի՞ ընտրությունները

Հոկտեմբեր 02,2008 00:00

Գյումրիի քաղաքապետի թեկնածուներից որեւէ մեկին սատարելու փոխարեն, հնարավոր է, որ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցը պարզապես բոյկոտի ընտրությունները:

«Թող մարդկանց մեջ փարատվի այն թյուր կարծիքը, թե երկրապահն այնքան է թուլացել, որ այս պահին չունի ներուժ, մտավոր կարողություն՝ քաղաքապետ կամ ավագանու անդամ առաջադրելու համար: Պարզապես տեսնելով, թե ինչ է կատարվում հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, մենք եւս մեկ անգամ չէինք ուզենա իշխանություններին մեր մասնակցությամբ հաճույք պատճառել, որ նրանք փորձեն նսեմացնել մեր արժանապատվությունը, մենք էն խնդիրը չունենք, թե շատ կամ քիչ ձայներ կհավաքենք, դա հարցի մի կողմն է, ուղղակի մենք ուզում ենք մնալ մեր դիրքերում: Իսկ Գյումրիի երկրապահի անունից տարածվող այն լուրերը, թե քաղաքապետի այս կամ այն թեկնածուին ենք սատարելու՝ իրական չեն, դրանք այնպիսի անհատների միջոցով են շրջանառության մեջ դրվում, որոնք ընդհանրապես կապ չունեն մեր կառույցի հետ», – երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հայտարարեցին գյումրեցի երկրապահները: Նրանք ՏԻՄ ընտրություններից առաջ հերթական ասուլիսն էին հրավիրել ինչպես իրենց հրամանատար քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանի՝ անկախության տոնի հետ կապված ուղերձը ներկայացնելու, այնպես էլ Գյումրիի որոշ ավագանու անդամների՝ «իրենց տեղը ցույց տալու» հատուկ նպատակով: Բանն այն է, որ վերջերս հեռուստաեթերից Գյումրիի ավագանու անդամ Գեւորգ Առաքելյանը (լայն շրջանակներին հայտնի «Փիսո» մականունով) իրեն իրավունք է վերապահել դատավորի դերում հանդես գալու ու Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանի կայացրած ակնհայտ անարդար վճիռը գովաբանելու: Հիշեցնենք, որ Վահե Խալաթյանը քննում էր Աշոտ Զաքարյան-Շոթա Սաղաթելյան- Պետրոս Մակեյան եռյակի դեմ հարուցված քրեական գործը, ու չնայած 9 վկաներ միաբերան պնդեցին, թե ամբաստանյալներից ոչ մեկը ընտրությունների օրը խուլիգանություն չի կատարել, այդուհանդերձ՝ դատավորը որոշեց 2,5 -3 տարվա ազատազրկման դատապարտել մեղադրյալներին: «Էս ծանր ամիսների ընթացքում մեր կողքին կանգնած միակ ավագանու անդամը Մելքոնյան Հրաչն էր, հացադուլներին ու դատավարություններին վերոհիշյալ անձը մի վայրկյան անգամ մեզ չլքեց ու այժմ մենք կայացրել ենք որոշում՝ առաջիկա ընտրություններում նրան սատարելու: Նաեւ ամեն ինչ անելու ենք, որ ավագանու անդամ Գեւորգ Առաքելյանը նորից չվերընտրվի, պարզաբանեմ, թե ինչու. մոտ օրերս «Ցայգի» եթերով նա փորձում էր արդարացնել կատարված դատավարության կամ, որ նույնն է՝ խեղկատակության գործընթացը ու փորձում էր Խալաթյան Վահեի կայացրած որոշումը օրինականացնել, մեկնաբանելով, որ եթե դատարանը որոշում է կայացրել՝ ուրեմն ճիշտ է: Առաքելյան Գեւորգին ձայն տալով՝ նշանակում է ձայն տալ Վահե Խալաթյանին, նույնն է թե՝ անարդարությանը»,- իրենց որոշումն այսպես մեկնաբանեց Աշոտ Զաքարյանի եղբայր Արմեն Զաքարյանը: Ավագանու անդամության թեկնածու Հրաչ Մելքոնյանից բացի, նրանք ԵԿՄ-ն խորհրդանշող հուշանվերով՝ արծիվով պարգեւատրեցին թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, ԵԿՄ գործունեությունը անկողմնակալ լուսաբանելու համար շնորհակալագրեր հանձնեցին մի քանի լրատվամիջոցների, այդ թվում՝ նաեւ «Առավոտին» ու ընթերցեցին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Շիրակի մարզի ԵԿՄ նախագահ Աշոտ Զաքարյանի ուղերձը, ուր մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ՝ անկախության 17-րդ ամյակի կապակցությամբ, սակայն անկախությունը առանց ազատության՝ լիարժեք չէ, իսկ անկախության վեհ գաղափարը դառնում է սին եւ ունայն: Առհավատչյան՝ 2008թ. ՀՀ նախագահական խայտառակ ընտրություններից հետո անկախ Հայաստանի ժողովրդի արդարացի բողոքն իր իսկ արյան մեջ խեղդելն ու հարյուրավոր հայորդիների ձերբակալումն ու կալանավորումներն են, իշխանությունների կազմակերպած սեփական ժողովրդի մարտի մեկի սպանդն էր, ուստի կոչ եմ անում պայքարել իրական եւ օրինական ազատության համար, քանզի անկախության եւ ազատության զուգակցումը մեր երկրի հզորացման եւ հայ ժողովրդի զարգացման ու առաջընթացի գրավականն է, որը մեր ազգի ուրույն տեղը կապահովի քաղաքակիրթ եւ առաջադեմ ժողովուրդների շարքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել