Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԱՅՆԵ՞Ր ԵՆ ՎԱՃԱՌՎՈՒՄ «ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ»

Հոկտեմբեր 02,2008 00:00

Վանաձորում ընտրապայքարի են դուրս եկել քաղաքապետի՝ 7, ավագանու՝ 59 թեկնածու

Թեկնածուների նման «առատությունը» Վանաձորում տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս: Ենթադրվում է, որ ոմանք ընդամենը «ձայն փախցնողներ» են եւ աշխատում են այս կամ այն թեկնածուի օգտին, ոմանք էլ առաջադրվել են որոշակի ակնկալիքով՝ լավ պաշտոնի կամ որեւէ յուղալի պատառի սպասելիքներով: Նման ենթադրությունների տեղիք է տալիս այնպիսի թեկնածուների առաջադրումը, որոնք Վանաձորի հասարակական կամ քաղաքական կյանքում երբեւէ ակտիվություն չեն ցուցաբերել:

Առաջադրված թեկնածուներից 2-ը՝ գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու «Հայփոստ» ՓԲԸ Վանաձոր մասնաճյուղի տնօրեն Էդվարդ Խլղաթյանը ներկայացնում են ՀՀԿ-ն: Հավանաբար՝ հիմնական ընտրապայքարը կընթանա այս երկու թեկնածուների միջեւ:

«Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրվել է Գառնիկ Սահակյանի թեկնածությունը:

Գագիկ Ղազարյանի կուսակցությունը, ըստ թեկնածուի, Վանաձոր քաղաքն է: Իսկ կուսակցական հարուստ կենսագրություն ունեցող Ստեփան Այվազյանը, որը նախ եղել է Կոմկուսի շարքերում, հետո համալրել է Վիգեն Խաչատրյանի ղեկավարած Ռամկավար-ազատական կուսակցությունը, իսկ ԱԺ ընտրությունների ժամանակ ջանադրաբար աշխատում էր ՄԱԿ կուսակցության օգտին եւ մեծ գումարներ էր ծախսում կուսակցության հաղթանակն ապահովելու համար, հավանաբար՝ կուսակցության վերջին պարտությունից հետո ուրացել է իր կուսակցական պատկանելությունը եւ հանդես է եկել որպես անկուսակցական: Հարկ է նշել, որ թեկնածուների գրանցման օրը նա չուներ Վանաձոր քաղաքի 2 տարվա քաղաքացիություն, սակայն թիվ 30 ՏԸՀ-ն գաղտնի քվեարկությամբ ընդունել է նրան որպես թեկնածու գրանցելու մասին որոշում:

Քաղաքական կայուն կենսագրություն ունի կոմունիստ Սենիկ Էվինյանը:

Առաջադրված մյուս թեկնածուներն անկուսակցական են:

Թեկնածուներից Գագիկ Ղազարյանը «Առավոտի» բոլոր հարցերին պատասխանում էր մարզական տրամադրվածությամբ, քանի որ սամբոյի աշխարհի հնգակի չեմպիոն է, սպորտի վաստակավոր վարպետ, ղեկավարել է Հայաստանի հավաքականը, եղել է ավագ մարզիչ: Ղազարյանն ընտրապայքարի կեսից իր դուրս գալը որպես մարզիկ բացառում է. «Մարզիկները չեն սիրում պայքարից դուրս գալ, նրանք վախկոտ մարդիկ կլինեն, եթե պայքարի կեսից դուրս գան»: Նա բացառեց նաեւ իր՝ այլ թեկնածուի օգտին աշխատելը, քանի որ դա սպորտում բացառվում է: Թե ինչպես է մարզիկն իր աշխատանքային գործունեությունը պատկերացնում մեծ համայնքի ղեկավարի պաշտոնում՝ այսպես պատասխանեց. «Ուզեցի սպորտային առողջ հոգով եւ մտքով աշխատենք մեր քաղաքի համար, հօգուտ մեր քաղաքի՝ կարողանանք լավ բաներ անել»: Թեկնածուն «Առավոտի» հարցին ի պատասխան՝ խոստովանեց, որ համայնք ղեկավարելու աշխատանքային փորձ չունի, բայց հույս ունի, որ այն ձեռք կբերի աշխատանքի ընթացքում:

Ի տարբերություն մարզիկ թեկնածուի, Ստեփան Այվազյանն ունի համայնք ղեկավարելու հարուստ փորձ. աշխատել է Գուգարքի շրջանի գործկոմի նախագահ, այնուհետեւ՝ կարճ ժամանակահատված եղել է Լոռու մարզպետի պաշտոնում, այժմ նա Լոռու մարզի հարկային տեսչության պետի տեղակալն է: Թեկնածուն հրաժարվեց հեռախոսով պատասխանել «Առավոտի» հարցերին, քանի որ վստահ չէր, որ իրեն զանգողը լրագրող է:

Սենիկ Էվինյանին հարց ուղղեցինք, թե որքանո՞վ է հավանական համարում Կոմկուսի անդամի հաղթանակն այս ընտրություններում, քանի որ գրեթե բոլոր ընտրություններում առաջադրվում են եւ պարտվում: Պատասխանը եղավ. «Ես վստահորեն կարող եմ ասել, որ ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ մեծամասնական կարգով առաջադրվել էի, երկու անգամ հաղթել եմ եւ կեղծման արդյունքում հայտնվել երկրորդ տեղում: Հանրապետությունում հայտնի մի պատգամավոր ինձնից առաջ է եղել ընդամենը 43 ձայնով, այն դեպքում՝ երբ ընտրատեղամասերից մեկի արձանագրությունում գրված էր, որ ընտրությանը եկավ 460 մարդ, քվեատուփից հանեցին 700-ից ավելի քվեաթերթիկ: Այս անգամ ինձ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ հորդորում էին առաջադրվել եւ ես նրանց նախաձեռությամբ եմ առաջադրվել եւ ոչ թե կուսակցության կողմից»:

«Ժառանգության» թեկնածու Գառնիկ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Բոլոր համապետական եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխանությունը, օգտագործելով վարչական լծակները եւ ստվերային ճանապարհով կուտակած փողերը, վերարտադրվում է: Ես դեռեւս չեմ տեսնում այն մեխանիզմը, որով ընդդիմադիր թեկնածուն կկարողանար ընտրակաշառքի դեմն առներ: Դա կարող է միայն անել հանրապետության նախագահը: Իսկ չընտրված նախագահին ես չեմ վստահում: Չընտրված նախագահը ընդառաջում է այն թեկնածուին, ով իր համար մեծ կեղծիքների է գնացել: Օրինակ՝ հիմա Վանաձորում ամեն քայլափոխի, գրեթե յուրաքանչյուր բակում կա մի ենթաշտաբ, որոնք ընտրաձայներ գնելու «խանութներ» են եւ աշխատում են իշխանության թեկնածուի օգտին»: Հարցին, թե ո՞ր թեկնածուի օգտին են ձայներ գնվում այդ «խանութներում», քանի որ իշխանությունը Վանաձորում երկու թեկնածու ունի, պարոն Սահակյանն ասաց. «Ես համոզված եմ, որ պարոն Խլղաթյանի համար դրանք չեն աշխատում, նա չի օգտվում այդ «խանութներից»: Թեկնածուն հավելեց նաեւ. «Ցավալիորեն՝ ժողովուրդը անտարբեր է դարձել տեղական ընտրությունների նկատմամբ, եթե կարողանանք նրանց հանել ակտիվ, ազնիվ ու արդար ընտրությունների՝ ապա արդյունքը կլինի դրական»:

«Առավոտի» հետ հեռախոսազրույցի ժամանակ ՀՀԿ-ական թեկնածու Էդվարդ Խլղաթյանը վերոնշյալ «խանութների» հետ կապված ասաց. «Այո, թեեւ լուրեր են շրջանառվում, որ անձնագրեր են հավաքվում եւ արդեն գումարներ են բաժանվում, սակայն դրանք դեռեւս միայն ասեկոսեների շրջանակներում են, քանի որ մենք կոնկրետ նման փաստեր չունենք: Իսկ ինչ վերաբերում է ընտրակաշառքին, կարծում եմ, որ մեր համաքաղաքացիները գիտակցում են, որ փողով ընտրված բոլոր ղեկավարներն իրենց ծախսած գումարի քառապատիկը հանում են ժողովրդից: Ուստի այս անգամ ժողովուրդն իր ձայնը չի վաճառելու: Եթե անգամ վերցնեն իրենց առաջարկված գումարը՝ ապա կգնան եւ կկատարեն իրենց ճիշտ ընտրությունը»:

Վանաձորի գործող քաղաքապետն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ոչ մի ընտրակաշառք չի բաժանվել, իմ ընտրակաշառքը իմ հետագա կատարելիք աշխատանքներն են լինելու, եթե ես ընտրողներին խոստանում եմ բարեկարգել այս կամ այն փողոցը եւ դա համարվում է ընտրակաշառք, ապա թող նման կաշառք բոլորն էլ բաժանեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել