Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներն իրենց բնակարանների խնդիրները լուծելու համար սկսել են դիմել դատարան։
Օրերս Սարալանջի մայրուղու բացման ժամանակ լրագրողներից մեկը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխանցեց ընդդիմության այն դիտարկումը, թե մեր երկրի ներքին քաղաքականության վիճակը շտկելու համար պետք է ազատվել Ռ. Քոչարյանի թողած ժառանգությունից, ինչին նախկին նախագահը պատասխանեց. «Իմ ժառանգությունից հնարավոր չէ ազատվել, որովհետեւ դա առաջին հերթին կայացած Հայաստանի Հանրապետությունն է, դա բարեկարգված Երեւանն է, Հյուսիսային պողոտան….»։ Նախկին նախագահն իր արած գործերը թվարկելիս մոռացավ նշել ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին ժառանգություն թողած ցուցարարների այն հսկայական բանակի մասին, որոնք իր պաշտոնավարման օրոք իրենց սեփական բնակարաններից վտարվել էին հանուն «պետական շահի»: Ու թեեւ Ս. Սարգսյանը ժամանակ առ ժամանակ խոստանում է «իրացված բնակիչների» բնակարանային խնդիրը լուծել, սակայն այդ հարցն այդպես էլ վերջնական լուծում չի ստանում։
Ըստ «Սեփականության իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Վաչագան Հակոբյանի՝ խնդիրն էլ ավելի բարդացնում է այն, որ հենց Հյուսիսային պողոտայի բնակարանների հարկադիր առքն ու վաճառքը կատարվել է բազմաթիվ ապօրինություններով, քանի որ Անշարժ գույքի գնահատման գործակալությունը խիստ խտրական վերաբերմունք է ցուցաբերել բնակիչների նկատմամբ՝ մեկ բնակարանի 1 քմ-ն հաշվարկելով $200-250, մյուսինը՝ $500-550։ Նա «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ երբ այս ամենի վերաբերյալ դժգոհություն են հայտնում, իրենց քաղաքապետարանից ցույց են տալիս դատարանի դուռը. «Այժմ սկսել ենք դիմել, բայց անընդհատ մերժում ենք ստանում, քանի որ մենք պահանջում ենք, որ մեր պայմանագրերը չեղյալ համարվեն, իսկ, ըստ դատական համակարգի, պայմանագիրը հնարավոր չէ անհիմն ճանաչել։ Արդեն 10 հոգի դիմել է դատարան, որից 3-ը ստացել է մերժում։ Մեր գործերից մեկը լսող դատավոր Գոռ Հակոբյանին մենք միջնորդություն ներկայացրինք, որպեսզի Երեւանի քաղաքապետարանի ԾԻԳ-ից պահանջի բոլոր բնակիչների պայմանագրերը, որ պարզ դառնա, թե որ բնակիչը որքան փոխհատուցում է ստացել, սակայն նա մեր միջնորդությունը մերժեց։ Մեր միջնորդությունը չմերժեց մեկ այլ գործ լսող դատավոր՝ Էդիկ Ավետիսյանը, նա դիմեց ԾԻԳ-ին, սակայն նրանք այդ տվյալները չափազանց կցկտուր ներկայացրին, 2-րդ անգամ դիմելիս երբ մենք պահանջեցինք ավելի մանրամասն ներկայացնել տվյալները, մեզ արդեն մերժեցին՝ պատճառաբանելով, որ ֆինանսական գաղտնիք է։ Մենք ունենք բոլոր տվյալները, սակայն դատարանի համար ավելի հավաստի կլիներ, եթե դրանք ներկայացներ քաղաքապետարանը»։ Վ. Հակոբյանը կարծում է, որ դատական համակարգը կոռումպացված է, եւ այդ է պատճառը, որ իրենց գործերը իրար հետեւից մերժվում են:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ քաղաքապետարանը ամբողջությամբ դատարան չի ներկայացրել պայմանագրերի տվյալները, ԾԻԳ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանը պատասխանեց. «Այն պայմանագրերը, որոնք բողոքարկվել են՝ մենք դրանք ներկայացրել ենք։ Մենք չենք կարող առանց երկրորդ կողմի՝ տվյալ դեպքում չբողոքարկած բնակիչների համաձայնության, այդ տվյալները ներկայացնել»։