Էջմիածնի քաղաքապետի թեկնածուները հնարավոր բոլոր մեթոդներով միմյանց վրա ցեխ են շպրտում
Էջմիածնում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 4 թեկնածու. գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ ներկայիս փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ԱԺ նախկին պատգամավոր, հանրապետական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), անկուսակցական Արտակ Պողոսյանը եւ ՀՀԿ կուսակցության մեկ այլ անդամ՝ Թամարա Թադեւոսյանը: Մինչ թեկնածուների պաշտոնական առաջադրումը, խոսվում էր այն մասին, որ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաեւ ԱԱԾ նախկին աշխատակից Հողմիկ Եղիազարյանը, սակայն, մեր տեղեկություններով, նա ՀՀ իշխանությունների հետ «համաձայնության» է եկել եւ մոտ օրերս կստանա Արմավիրի փոխմարզպետի պաշտոնը:
Իշխանությունների հիմնական «թիրախը» գեներալի որդին է, որի դեմ, կարելի է ասել, դուրս է եկել ողջ պետական ապարատը: Էջմիածնում դեռեւս ամիսներ առաջ են նրա նկատմամբ «սեւ PR» իրականացնում: Բանը հասել է նույնիսկ նրան, որ Հ. Հակոբյանի կողմնակիցները զանգում են Էջմիածնի խանութների եւ տաքսի ծառայությունների աշխատակիցներին եւ, ներկայանալով որպես Կարեն Գրիգորյան, նրանցից պահանջում են ջնջել բջջային հեռախոսների մի քանի հազար դրամանոց լիցքավորման քարտերի պաշտպանիչ շերտն ու հեռախոսով թվերը թելադրել:
Հաշվի առնելով, որ հիմնական պայքարը Կ. Գրիգորյանի եւ Հ. Հակոբյանի միջեւ է ընթանալու, «Առավոտը» նրանց հրավիրեց բանավիճելու: Մեզ հետ զրույցում Հ. Հակոբյանը կտրուկ հրաժարվեց որեւէ թեկնածուի, առավել եւս՝ Կ. Գրիգորյանի հետ հրապարակային բանավեճից:
Նրա խոսքերով. «Չենք ցանկանա քաղաքական բանավեճի նստել այնպիսի մարդկանց հետ, որոնք քաղաքականության մեջ չկան եւ չեն էլ կարող հասկանալ, թե ինչ հարց եմ իրենց տալիս: Նրանք այս հարցում չկայացած են, եւ բանավեճը պարզապես ծիծաղ կառաջացնի, եթե ընդունեմ ձեր հրավերը»: Չնայած Կ. Գրիգորյանը պատրաստակամ էր Հ. Հակոբյանի հետ դեմ առ դեմ հանդիպելու, սակայն տեղեկանալով, որ նա հրաժարվել է, հիշեցրեց, որ տարածքային ինքնակառավարման մարմինը օրենսդիր մարմին չէ եւ այստեղ զուտ քաղաքական բանավեճի խնդիր չի կարող լինել ու քանի որ «քաղաքապետարանը գործադիր մարմին է, բանավեճը պետք է ծավալվի կատարված աշխատանքի եւ բացթողումների շուրջ»:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ որոշեցիք քաղաքապետ դառնալ, Հ. Հակոբյանն ասաց, որ առաջին հերթին ուզում է փոխել «քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտը եւ մարդկանց միջից հանել վախվորածությունը»: Իսկ թե ումից են էջմիածինցիները վախենում՝ Հ. Հակոբյանն այդպես էլ չնշեց. «Երբ Էջմիածնի պատգամավորն էի, այդ ընթացքում քաղաքացիներից ստացել եմ 700 դիմում, 122 դիմում էլ ստացել եմ, երբ արդեն պատգամավոր չէի: Այսօր մարդիկ քաղաքային իշխանություններից վախենում են, դա է պատճառը, որ այս 3 տարիների ընթացքում քաղաքացիների մասնակցությամբ որեւէ մրցույթ չի եղել, օրինակ՝ որեւէ մանկապարտեզի սպասարկումը կազմակերպելու համար: Իմ ուսումնասիրությունները դա են վկայում»: Մեզ հետ զրույցում Հ. Հակոբյանը նաեւ ասաց, որ Էջմիածնի քաղաքապետարանը խախտել է նաեւ կրպակատերերի իրավունքները, քանի որ քաղաքի տարբեր հատվածներից ապամոնտաժվել է 320 կրպակ: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Կարապետ Խարբերդյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Այս տարվա գնումների պաշտոնական տեղեկագրի մարտի 10-ի թիվ 5 համարի 578-622 էջերը նվիրված են Էջմիածնի մրցույթների հայտարարություններին»:
Էջմիածնի քաղաքապետարանի լրատվականից էլ «Առավոտին» հայտնեցին, որ Հ. Հակոբյանն իր ուսումնասիրությունները ճիշտ չի կատարել, քանի որ կրպակների թիվը եղել է ոչ թե 320, այլ 124, բացի այդ, կրպակները եղել են ապօրինի. «Իսկ քաղաքում տիրող վախի մթնոլորտի եւ Հ. Հակոբյանի ստացած դիմումների թվի վերաբերյալ ասենք, որ եթե Հակոբ Հակոբյանը մի քանի տարում է 700 դիմում ստացել, ապա այդքան նամակ Կ. Գրիգորյանը ստանում է 1 շաբաթում: Եթե էջմիածինցին վախենում է քաղաքապետարան մտնելուց, ապա որտեղի՞ց են քաղաքապետարանում այդքան հերթեր գոյանում»:
Երեկ Հանրապետական կուսակցության մի խումբ էջմիածինցի համակիրներ «Առավոտին» փոխանցեցին իրենց ստորագրություններով բաց նամակ՝ ուղղված ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանին, որտեղ ասվում է. «Մի՞թե Գալուստ Սահակյանի նման շրջահայաց քաղաքական գործիչը մոռացել է, որ Հակոբ Հակոբյանը պետությունից գողություն կատարելու համար դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Մենք վախենում ենք, որ մեր կաթողիկոսական աթոռանիստ քաղաքի հյուրերի թվում օրերից մի օր կարող է լինել նաեւ Արաբական Էմիրությունների այն խանութատերը, ում խանութից Հակոբ Հակոբյանը թանկարժեք կոստյում է գողացել: Ի՞նչ է մտածելու այդ մարդը մեր երկրի բարձր ղեկավարության մասին, եթե իմանա, որ նրան այդ պաշտոնում երաշխավորել է հենց երկրի քաղաքական ղեկավարող կուսակցությունը»: