Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆ ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»

Հոկտեմբեր 02,2008 00:00

«Ժողովրդի մեծագույն հիասթափությունը գալիս է իշխանություններից»,- երեկ «Հայացք» ակումբում պատասխանելով «Առավոտի» հարցին եւ չընդունելով տեսակետը, որ ժողովուրդը հիասթափվել է պայքարից ու այլեւս չի մասնակցում հանրահավաքներին, ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա հուսահատության որեւէ նշույլ չի տեսնում՝ «Ուղղակի մարդիկ կան, ովքեր հոգնել են եւ ուզում են հանգստանալ, մի փոքր «թայմ-աուտ» են վերցրել, նորմալ է»: ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի անվան շուրջ պտտվող եւ մահացու ելքով վերջին աղմկոտ իրադարձությունների մասին էլ ասում է. «Իշխանական բուրգում առկա փտախտը շատ ավելի արագ է զարգանալու, եւ այդ բուրգը դատապարտված է փլուզման: Պետք է վերջ տալ այս ամենին եւ ազատվել այս հանցագործ իշխանություններից, որոնք կամ չեն ուզում պատժել հանցագործներին, կամ նրանց աջակցողն ու հովանավորողն են»: Իբրեւ սոցիալ-դեմոկրատական ուժի ներկայացուցիչ, նա անդրադարձավ նաեւ երկրի սոցիալական վիճակին. «Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը բացարձակ մտահոգված չէ երկրի ապագայով, բացարձակ պատրաստ չէ մարտահրավերներին, բացարձակ չի ուզում իր երկրում ինչ-որ բան փոխել»:

Արտագաղթի մեծացող ծավալները բանախոսը պայմանավորում է հենց նրանով, որ մարդը երկրում իրեն պաշտպանված չի զգում եւ չի տեսնում իր կարեւորությունը: Նա անդրադարձավ նաեւ «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններին. «Մեր իշխանությունները մոռանում են, որ 18-ամյա երիտասարդը մեր ապագա գիտնականն է, տնտեսագետը, երկրի ապագան: Դրանով սպանելու են նաեւ մեր երկրի մտավոր պոտենցիալը՝ հանուն 70 հազարանոց ոչ մարտունակ բանակ ունենալու»: ՍԴՀԿ-ն կողմ է պայմանագրային զինծառայությանը: Ըստ նրա, իրենց կուսակցությունն իշխանափոխության պահանջին եւ այդ ուղղությամբ արվող քայլերին զուգահեռ՝ հետամուտ է լինելու առկա սոցիալական հարցերի լուծմանը եւ սոցիալ-դեմոկրատիայի սկզբունքների արմատավորմանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել