Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դա արյուն է»

Հոկտեմբեր 02,2008 00:00

Ի հեճուկս Շոթա Վարդանյանի՝ ասում է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը

«Ոստիկանությունն իրականացրել է ապօրինի հանրահավաքը կասեցնելու գործողություն, եւ այն փաստը, որ նրանք Ազատության հրապարակ էին եկել միայն մահակներով, ոչ թե հրազենով, վկայում է այդ մասին»,- երեկ «Ուրբաթ» ակումբում իր տեսակետը բարձրաձայնեց Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: Ի դեպ, նա բավականին դժկամությամբ խոսեց «Մարտի 1»-ի դեպքերի առիթով ստեղծված խորհրդարանական հանձնաժողովի գործունեության մասին, մինչդեռ լրագրողներին հետաքրքրող հարցերը հիմնականում այդ թեմայի շուրջ էին: Ինչեւէ, ի պատասխան «Առավոտի»՝ հանձնաժողովի վերջին նիստերին չմասնակցելը պատահականությո՞ւն է, թե՞ միտում կա, նա պարզաբանեց, որ զուտ առողջական խնդիրներն են խոչընդոտ հանդիսացել: Ի դեպ, պարոն Արսենյանին էլ արժանահավատ չի թվացել խորհրդարանական հանձնաժողովի վերջին նիստում դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանի հնչեցրած թեզը՝ խոճկորի ծնոտի, ոչխարի լեզվի եւ արյան բացակայության մասին: «Դա արյուն է, եւ ոչ ոք չի կարող ասել, որ արյուն չկա»,- ասաց հանձնաժողովի հրավիրյալ անդամ Գուրգեն Արսենյանը:

Ինչ վերաբերում է մարտի 1-ին Ազատության հրապարակում ոստիկանների իրականացրած գործողություններին՝ Գուրգեն Արսենյանը նկատեց, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանատու են իրենց աշխատողների կյանքի եւ անվտանգության համար, եւ եթե իրենք ունեին օպերատիվ տեղեկատվություն այն մասին, որ ցուցարարները զինված են, իսկ տարածքում զինամթերք կա՝ «Ինչպե՞ս կարելի է անզեն գործողություն իրականացնել, երբ կա տեղեկատվություն, որ հանրահավաքում զենք կա»,- տարակուսեց նա՝ հավելելով, որ զինված մարդկանց դեմ հանդես է գալիս ոստիկանության հատուկ ստորաբաժանումը: Ըստ բանախոսի՝ մեկ էական հանգամանք եւս. «Ոստիկանապետը ուժերի մոբիլիզացիա սկսել է մարտի 1-ի ժամը 10-ից, դա փաստվում է ոստիկանապետի հեռախոսագրերից, այնինչ, գործի նյութերով, մարդկային կուտակումների մասին առաջին տեղեկատվությունը ստացվել է ժամը 11-ին»:

«Նոր դիրքավորում է տեղի ունենում՝ նոր նպատակներ սպասարկելու համար»,- ԱԺ նախագահի փոփոխության առիթով ասում է բանախոսը՝ չմասնավորեցնելով, սակայն, թե հատկապես ինչ «նոր նպատակների» մասին է խոսքը: Անդրադառնալով քաղաքական դաշտում առկա ճգնաժամին, Գ. Արսենյանն ասաց. «Թող նստեն երկխոսության, եւ թեկուզ շատ խիստ, բայց բանավեճ կայանա: Պետք է գտնել մի ձեւաչափ այդ երկխոսության համար»: Նրա խոսքն ավելի շատ ուղղված է իշխանություններին, քանի որ նրանք ավելի լայն հնարավորություններ ունեն: Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ՝ թե իշխանությունները երկխոսության գնալու նշաններ ցույց չեն տալիս, մասնավորապես ազատ չեն արձակվում ընդդիմության ակտիվիստները, ՄԱԿ ղեկավարն արձագանքեց. «Ես էլ հենց դա եմ ասում: Պետք է տեղից շարժվել: Հայ-թուրքական հարաբերություններում էլ ոչինչ չկար, բայց Գյուլը եկավ, եւ ինչ-որ տեղաշարժ նկատվեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել