Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԸ ԶՈՀԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿՐԱՆՔՆԵ՞ՐՆ ԷԻՆ

Հոկտեմբեր 02,2008 00:00

\"\"Հարցաքննությունների ընթացքում տուժողի իրավահաջորդներին անպայման հարցրել են զոհվածների քաղաքական նախասիրությունների մասին:

«Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծելու մասին ԱԺ որոշման համաձայն՝ այս մարմինը ձեւավորվեց նաեւ զոհերի մահվան հանգամանքները պարզելու համար: Թվում է, թե սա առավել պիտի լիներ նախաքննական մարմնի գործը: Մանավանդ որ, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների գերակշիռ մասի հարցերից դատելով՝ նման հանգամանքներ պարզելու նրանք կա՛մ ցանկություն չունեն, կա՛մ կարողություն: Ասենք, հանձնաժողովում ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանի հարցերից դատելով՝ նրան առավել հետաքրքրում է ոչ թե ճշմարտության բացահայտումը, այլ հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղավորության վերաբերյալ ապացույցներ ստանալը: Իսկ հանձնաժողովում ԱԺՄ ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանը գերազանցապես տարօրինակ հարցեր է ուղղում: Ասենք, Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանին նա նման հարց տվեց, թե հնարավո՞ր է զոհերի դեմքի արտահայտությունից որոշել՝ նրանք հարձակողակա՞ն վիճակում են եղել, թե՞ պաշտպանողական:

Իսկ «Մարտի 1»-ի մայր գործում զոհված քաղաքացիների վերաբերյալ մի ամբողջ հատոր կա՝ 4-րդը, որտեղ հանգամանալից շարադրված է, թե նրանք որտեղ են սպանվել, ինչ վնասվածքներ ստացել եւ այլն: Նախաքննական մարմինը փորձել է պարզել նաեւ զոհվելու հանգամանքները՝ հիմնականում նրանց հարազատների հարցաքննությունների միջոցով: Սակայն նրանցից որեւէ մեկին ճշգրիտ հայտնի չի եղել, թե ինչ պայմաններում կամ ինչպես են իրենց մերձավորները ստացել այդ մահացու վնասվածքները:

Այս բոլոր հարցաքննությունների ընթացքում տուժողների իրավահաջորդներին տրվել են գերազանցապես նույն հարցերը, ասենք՝ «հնարավոր մանրամասնությամբ պատմեք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել Ձեր տանը մարտի 1-ին»: Եվ բոլորից հետաքրքրվել են զոհերի քաղաքական նախասիրությունների մասին: Եթե հավատ ընծայենք ստացված պատասխաններին՝ մարտի 1-ին զոհված քաղաքացիներից եւ ոչ մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցը չի եղել, եւ մի քանիսն ընդհանրապես չեն էլ հետաքրքրվել քաղաքականությամբ:

Հրազենային վերքից զոհված 33-ամյա Դավիթ Պետրոսյանը զբաղվում էր ոսկյա զարդերի պատրաստմամբ «Վաղարշ եւ որդիներ» տոնավաճառում: Եվ նրա մայրը՝ Ջեմմա Վարդումյանը, մարտի 12-ի ցուցմունքում ասել է. «Երբ իմացա, որ Դավիթը վիրավորվել է ցույցի ժամանակ՝ ես շատ զարմացա, քանի որ որդիս ոչ մի անգամ ցույցերի չի մասնակցել. նա մշտապես զբաղված է եղել իր աշխատանքով եւ նրան չէր հետաքրքրում քաղաքականությունը: Նշեմ նաեւ, որ մենք անգամ չենք մասնակցել նախագահական ընտրություններին, եւ որդիս միշտ ասում էր, որ իր համար միեւնույն է, թե ով կլինի նախագահ, քանի որ ինքը գումարը վաստակում էր իր արհեստի շնորհիվ եւ միշտ ասում էր՝ այնպես լինի, որ ոսկին չթանկանա եւ տարադրամի կուրսը շատ չտատանվի, որպեսզի իր գործը չտուժեր: Այդ պատճառով ինչպես ես, այնպես էլ որդիս, նախագահի որեւէ թեկնածուի չէինք նախընտրում, ինչպես նաեւ՝ որեւէ կուսակցության նույնպես չենք նախընտրել եւ ոչ էլ որեւէ կուսակցության անդամ ենք եղել երբեւէ»:

Հրազենից մյուս զոհը՝ 27-ամյա Գրիգոր Գեւորգյանը CPS բենզալցման կայանների համակարգում հերթափոխի պետ էր: Եվ նրա կնոջ՝ Վարդուհի Բաղդասարյանի՝ ապրիլի 15-ի ցուցմունքի համաձայն, մարտի 1-ին ամուսինը գնացել էր աշխատավայր՝ փող ստանալու, եւ վերադառնալիս հայտնվել ցուցարարների մեջ. «Գրիգորը որեւէ կուսակցության անդամ չի եղել, որեւէ կուսակցության չի սատարել: Նախագահական վերջին ընտրություններին չի մասնակցել, քանի որ այդ օրը հերթափոխի էր»:

Հրազենային գնդակային կույր վնասվածքից զոհված 47-ամյա Հովհաննես Հովհաննիսյանի կինը՝ Լիլյա Մինասյանը, ապրիլի 18-ի ցուցմունքում նշել է. «Առաջադրված բանավոր հարցին պատասխանում եմ, որ Հովհաննեսը որեւէ կուսակցության անդամ չի եղել եւ որեւէ կուսակցության չի սատարել: Նախագահական ընտրություններին մասնակցել է»:

Տուժողների մի քանի իրավահաջորդներ, սակայն, չեն վախեցել հայտնել իրենց հարազատների այլ քաղաքական կողմնորոշումների մասին:

Գանգուղեղային բաց, բութ վնասվածքից զոհված 23 տարեկան Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, հունիսի 24-ի հարցաքննության ժամանակ հայտնել է. «Տիգրանը համակրում էր ՕԵԿ-ին, եւ մեկ անգամ՝ մինչ ՀՀ նախագահի ընտրությունները, նա մասնակցել է այդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի կազմակերպած միտինգին: Այլ որեւէ կուսակցության Տիգրանը երբեւիցե չի համակրել, չի սատարել եւ այլ անգամ որեւէ միտինգի չի մասնակցել»:

Հրազենային վնասվածքի հետեւանքով արյան կորստից մահացած 30-ամյա Զաքար Հովհաննիսյանի քույրը՝ Մարիամ Հովհաննիսյանը, իր մարտի 19-ի ցուցմունքում եղբոր մասին հայտնել է. «Նա Սերժ Սարգսյանի կողմնակիցն էր եւ նրա օգտին էլ քարոզում էր»:

Ջնջխված բեկորային վերքից զոհված 29 տարեկան Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ցուցմունք է տվել, թե իր որդին ՀՀ նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձը: Հարց է առաջանում, թե մարտի 1-ին ի՞նչ էր անում Գոռ Քլոյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հավաքում: Սարգիս Քլոյանի ցուցմունքում կա նաեւ այդ հարցի պատասխանը: Նա պատմել է, որ երբ Մյասնիկյանի արձանի մոտ բազմության մեջ գտել է որդուն՝ «Իմ հարցին Գոռը պատասխանեց, որ հավեսի համար է եկել»: Նրանք վերադարձել են տուն, հետո Գոռը նորից գնացել է եւ այլեւս չի վերադարձել:

Սակայն նախաքննական մարմինն ինչո՞ւ է այդպես հետեւողականորեն հետաքրքրվել զոհերի քաղաքական նախասիրություններով: Թերեւս պատասխանը կարելի է ստանալ գլխի սալջարդի հետեւանքով զոհված 34-ամյա Արմեն Ֆարմանյանին վերաբերող նյութերում: Նա Մալաթիայի շուկայում զբաղվել էր գյուղատնտեսական մթերքների վերավաճառքով: Եվ նրա հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, հունիսի 16-ի ցուցմունքում պնդել է. «Իմ որդին որեւէ կուսակցության անդամ չի եղել, քաղաքական գործունեությամբ չի զբաղվել: Նրա մահվանից հետո միայն Աննա Էլոյանից (Արմեն Ֆարմանյանի քաղաքացիական կինը.- Ա. Ի.) իմացել ենք, որ Արմենը 2008-ի փետրվարին մի քանի անգամ մասնակցել է օպերայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքներին»: Հայրը նաեւ փոխանցել է Աննա Էլոյանից իրեն հասած մի լուր. «Արմենը ինչ-որ տեղեկանք է խնդրել «Լեդի» մականունով Հակոբ Հակոբյանից: Նա էլ այդ տեղեկանքը խոստացել է տալ, եթե Արմենն այդ ցույցերի օրերին կանգնի իր կողքին»: Ըստ ամենայնի, հենց Արմեն Ֆարմանյանն է այն զոհը, որին հետմահու մեղադրեցին. հուլիսի 22-ին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում Վահագն Հարությունյանն ասաց. «Հստակ հիմնավորվել է, որ մարդկանց հավաքագրել է նաեւ զոհվածներից մեկը, եւ այդ վճարումները կատարել է նա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել