Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԷԼԻ ԳՆԱՑԵԼ ԷԻՆ «ՎԱՐԴԱՇԵՆ»

Հոկտեմբեր 02,2008 00:00

\"\"Նրանք հանդիպեցին քաղկալանավոր Սուրեն Սիրունյանին

«Մարտի 1»-ի գործով կալանավորված եւ այսօր անազատության մեջ գտնվող Սուրեն Սիրունյանը դեռ անցյալ ուրբաթ՝ սեպտեմբերի 26-ին էր դիմել «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին՝ իր հետ հանդիպելու խնդրանքով: Երեքշաբթի օրը այս հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ու ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այցելել էին Ս. Սիրունյանին: Վերջինիս ասելով, այդ հանդիպման առաջարկը պայմանավորված է այն փաստով, որ մայիսից ի վեր իր հետ քննչական որեւէ գործողություն թեեւ չի կատարվել, բայց իրեն առաջադրված մեղադրանքի ծավալը փոխվել եւ իրեն մեղսագրվել է նաեւ «պետական իշխանությունը յուրացնելու» մեղադրանք: Ս. Սիրունյանի ասելով, մայիսից հետո ինքը մեկ անգամ է քննիչ տեսել, որն իրեն պարզապես տեղեկացրել է, որ իր մասով նախաքննությունն ավարտված է, եւ որ իրեն նոր մեղադրանք է առաջադրվել: «Իմ դեմ չկա ուղղակի վկայություն, չկա տուժող, քննչական գործողությունները չեն կատարվել, ուրեմն՝ էդ նոր մեղադրանքն ինչի՞ հիման վրա է առաջադրվել: Իրենք էլ ասացին, որ հարցադրումը կփոխանցեն քննչական խմբին»,- հանձնաժողովի անդամներին ուղղած իր հարցադրումները փոխանցեց Ս. Սիրունյանը: Ի դեպ, վերջինիս վերաբերյալ քրգործի նյութերում բացի այն, որ տուժող չկա, չկան նաեւ ուղղակի ցուցմունքներ նրա հանցանքն ապացուցված համարելու համար: Ընդամենը 4 վկայի ցուցմունք կա, որոնցից երեքն ասում են, թե՝ լսել են, որ Ս. Սիրունյանը Ազատության հրապարակում փող է բաժանել, բայց իրենք դա չեն տեսել եւ փող չեն ստացել: Չորրորդ վկան էլ մի կին է, որը ցուցմունք է տվել, թե մարտի 1-ին «Գլաձոր» համալսարանի մոտակայքում հաստ հոնքերով մի տղայի է տեսել, որը շատ ակտիվ էր: Այս կնոջ եւ Ս. Սիրունյանի միջեւ, սակայն, ճանաչում չի կատարվել, ինչը նշանակում է, որ այս վկայի ցուցմունքը Սիրունյանի մեղքն ապացուցող հանգամանք համարվել չի կարող:

Ս. Սիրունյանը իրեն այցելած պատգամավորներին նաեւ հորդորել է ծանոթանալ քրգործում եղած գաղտնալսումների բովանդակությանը. «Ես ասել եմ՝ նայեք իմ եւ Ալիկ Արզումանյանի խոսակցության գաղտնալսման տեքստում, տեսեք՝ դրանում որեւէ հանցակազմ կա՞»: Ի դեպ, Ս. Սիրունյանի քրգործի նյութերում նրա եւ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի միջեւ հեռախոսային ընդամենը երկու գաղտնալսման սղագրություն կա: «Դրանցից մեկը այն է, երբ ես Ալ. Արզումանյանին ասել եմ՝ ոստիկաններին պաշտպանում ենք, որ ժողովուրդը մեքենան շուռ չտա, եւ երկրորդը, երբ ճանապարհին գնալուց պատմել եմ, թե ինչ է կատարվում»,- ներկայացրեց Ս. Սիրունյանը: Նրա փոխանցմամբ, Ս. Նիկոյանը իրենց հանդիպման ժամանակ ասել է, որ իրեն էլ են հետաքրքրում այդ գաղտնալսումները՝ պարզելու համար, թե Ս. Սիրունյանն այդ հեռախոսազրույցի ժամանակ ասե՞լ է՝ «ժողովուրդն է անում», թե՞ «անում եմ» կամ «անում ենք»:

Հանձնաժողովի ներկայացուցիչ երկու պատգամավորները հետաքրքրվել են նաեւ կալանավորի առողջական վիճակով: Հիշեցնենք, որ Ս. Սիրունյանը վիրահատությունից հետո «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ վերադարձվելուց հետո բողոքել էր, թե լիովին չի ապաքինվել եւ հետվիրահատական պրոբլեմներ են առաջացել: Դրանից հետո էլ մինչ օրս Ս. Սիրունյանին պատշաճ բուժօգնություն չէր ցուցաբերվել: Դեռ երեկ էլ նա գտնվում էր ՔԿՀ-ի բուժմասում՝ հույսով, որ իր մոտ բժիշկներ կհրավիրեն շարունակվող գլխացավերի եւ լյարդի հետ կապված բողոքները լսելու եւ նորմալ բուժում նշանակելու համար:

Ինչ վերաբերում է իրեն առաջադրված՝ մասնավորապես ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի հատկանիշներով՝ «պետական իշխանությունը յուրացնելը» մեղադրանքին եւ իր գործը «Մարտի 1»-ի գործով մյուս 6 կալանավորների գործերի հետ մեկ փաթեթում ներառելու ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի որոշմանը, ապա Ս. Սիրունյանը դրա առնչությամբ միայն տարակուսանք հայտնեց. «Ես այդ 6-ից փաստացի միայն մեկի՝ Ալ. Արզումանյանի հետ եմ շփում ունեցել: Սասուն Միքայելյան, Հակոբ Հակոբյան, Գրիգոր Ոսկերչյան կամ Մյասնիկ Մալխասյան, Շանթ Հարությունյան. այս մարդկանց հետ, ում վաստակը հայրենիքի հանդեպ եւ Հայաստանի անկախության կայացման հարցում ես բարձր եմ գնահատում, ես տարիներով շփում չեմ ունեցել: Ես հպարտ եմ եւ ինձ համար մեծ պատիվ է նրանց հետ նույն հոդվածներով դատարան մտնելն ու դահլիճում նրանց կողքին լինելը: Բայց ինձ համար պարզ չէ՝ էդ ո՞նց ստացվեց, որ հենց այդ 7-ով մենք կազմակերպեցինք իշխանության յուրացումը, երբ բացի Ալ. Արզումանյանի հետ հեռախոսային խոսակցությունից, ես ընդհանրապես նրանցից որեւէ մեկին չեմ զանգել: Ես ասել եմ ու էլի կկրկնեմ՝ սա իմ նկատմամբ զուտ վրեժխնդրության դրսեւորում է: Հակառակ դեպքում, ինչպե՞ս է ստացվում, որ նույն գործով կան մարդիկ, որ ազատության մեջ են գտնվում, իսկ ես կալանքի տակ եմ, եւ դեռ մեղադրանքների ծավալն էլ է փոփոխվում, ավելանում է: Ես, իհարկե, շնորհակալ եմ քննչական խմբին’ իմ արժանիքներն ու դերը ընդդիմության պայքարում այդքան բարձր գնահատելու համար»:

Հիշեցնենք, որ Ս. Սիրունյանը մեղադրվում է «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը յուրացնելու» մեջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել