Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցչուհին ինքնասպան էր եղել

Հոկտեմբեր 01,2008 00:00

Այս տարվա օգոստոսի 8-ին քացախաթթու խմելու միջոցով (էսենցիա) ինքնասպան եղավ Սյունիքի մարզի Մեղրիի շրջանի Ալվանք գյուղի միջնակարգ դպրոցի 50-ամյա ուսուցչուհի Լաուրա Սարգսյանը: Փաստի առթիվ նյութեր նախապատրաստվեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնում: Ուսուցչուհին ուներ երկու երեխա՝ դուստր եւ որդի: Վերջինս զինվորական ծառայությունից ազատվել է 2-րդ կարգի հաշմանդամ լինելու պատճառով: Ամուսնու՝ Խաչիկ Առաքելյանի պնդմամբ, կինն այդ ծայրահեղ քայլին դիմել է բնակարան չունենալու պատճառով:

Այս ցավալի դեպքն ունի նախապատմություն: Սույն տարվա մարտին գյուղ է գալիս մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Նրան մոտենալով՝ ուսուցչուհին պատմում է, որ խնդիրներ ունի գյուղապետի հետ, նշում է, որ գյուղապետարանի հաշվեկշռում կան տներ, իսկ ինքն ու իր ընտանիքը զրկված են բնակարան ունենալու հնարավորությունից: Մարզպետին տիկին Լաուրան տեղեկացնում է, որ ամուսինը Վանաձորից է, երկրաշարժի ժամանակ կորցնելով իրենց բնակարանը՝ եկել են Մեղրի բնակվելու: Ապրել են գյուղի ծանոթների բնակարաններում: Մարզպետի հետ հանդիպումից հետո գյուղապետ Վարուժան Թումանյանն ուսուցչուհուն ասում է՝ գնացեք, ապրեք 3-րդ փողոցի 1-ին փակուղու 20 տանը: Խ. Առաքելյանի տեղեկացմամբ՝ այդպես էլ վարվում են: Շուտով հայտնվում են տանտերերը՝ Սերգեյ եւ Մանուշակ Մկրտչյանները: Նրանք 14 տարի առաջ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ եկել են գյուղ, եւ իբրեւ Ադրբեջանում թողած բնակմակերեսի փոխհատուցում՝ ստացել են վիճելի տունը: Ուսուցչուհու ինքնասպանությունից 1 օր առաջ նրանք սեփականության իրավունքի վկայական են ստացել այդ տան նկատմամբ: Այդ լուրը իմանալով՝ Լ. Սարգսյանն ինքնասպան է եղել:

Ի դեպ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օրեր առաջ՝ սեպտեմբերի 19-ին բավարարել է Մկրտչյանների հայցն ընդդեմ Առաքելյանների, եւ նրանց նկատմամբ կայացրել վտարման վճիռ: Տնից վտարված, կնոջը կորցրած Խ. Առաքելյանը դիմում է ՀՀ նախագահին: Դիմումում տեղեկացնում է, որ գյուղապետն իրեն ու կնոջը իր մոտ է հրավիրել եւ ասել, թե տան հարցում ինքը սխալվել է: «Ես եւ կինս՝ զայրացած գյուղապետի պահվածքից, դուրս եկանք նրա մոտից: Դիմեցինք տեղի ոստիկանապետին: Ոստիկանապետը կանչեց բաժին ու բացատրություններ վերցրեց մեզնից: Գյուղապետը նույնպես բացատրություններ էր տվել»,- գրում է Խ. Առաքելյանը: Նրա պնդմամբ, կնոջ ինքնասպանության գործի հանգամանքները «ջրվում» են, եւ ոստիկանությունը փորձում է փակել այն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել