Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ ՈՐԱԿԱՊԵՍ

Հոկտեմբեր 01,2008 00:00

\"\"Օրերս Երեւանում կայացած Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր վեհաժողովը միաձայն մարզական այս կազմակերպության նախագահ ընտրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Երեկ Արմեն Գրիգորյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին:

– Պարոն Գրիգորյան, շնորհավորում ենք նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վեհաժողովի օրակարգում ընդգրկված էր 10 հարց: Դրանցից որո՞նք եք ավելի առանցքային համարում:

– 2009 թվականին Խաղերի ծրագրով բասկետբոլի տղամարդկանց եւ կանանց մրցաշարերի նախապատրաստությունը եւ անցկացման ժամկետները: Հայտնի է, որ նպատակահարմարությունից ելնելով, Համահայկական խաղերը, որի հիմնադրման առանցքում դրված է եղել սպորտի միջոցով սփյուռքի հայ երիտասարդությանը հայրենիքին կապելը, արդեն անցկացվում են չորս տարին մեկ: Սակայն նկատի առնելով, որ դա երկար ժամանակահատված է, ու այն, որ բասկետբոլը մեծ մասսայականություն է վայելում ինչպես մասնակից քաղաքների թիմերի, այնպես էլ մարզասերների շրջանում, որոշվել է Խաղերի ծրագրով այդ մարզաձեւի մրցումներ Երեւանում կազմակերպել երկու տարին մեկ անգամ: Այս վեհաժողովում դրան ավելացավ ֆուտբոլը եւ որոշվեց երկու մրցաշարերն անցկացնել եկող տարվա օգոստոս ամսին:

Կարեւոր եմ համարում նաեւ կանոնադրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարումը: Սկզբնական շրջանում Համահայկական խաղերն անցկացվում էին երկու տարին մեկ: Ըստ այդմ էլ համաշխարհային կոմիտեի նախագահի, տեղակալի, գործկոմի եւ անդամների ընտրությունը կատարվում էր դրան համապատասխան: Հիմա, երբ Խաղերի միջեւ ընկած ժամանակը դարձել է չորս տարի, կանոնադրության մեջ էլ համապատասխան փոփոխություն կատարվեց: Քննարկվեցին եւ ընդունվեցին Խաղերի զինանշանի, լոգոյի հետ կապված եւ էլի յոթ-ութ այլ հարցեր:

Եվ երրորդ կարեւորագույն պահը: Համաշխարհային կոմիտեի նախագահ Վարդան Օսկանյանը կանոնադրության պահանջի համաձայն երկու ժամկետ կազմակերպությունը ղեկավարելուց հետո լիազորությունները վայր դրեց, ու ընտրվեց նոր նախագահ: Ընտրվեցին նաեւ տեղակալներ ու գործկոմի նոր անդամներ: Գործկոմը համալրվեց վեց նոր անդամով, որոնց աշխատանքն արժանացել է համաշխարհային 51 կոմիտեների հավանությանը: Նրանք ներկայացնում են Մերձավոր Արեւելքը, Եվրոպան եւ Հարավային Ամերիկան:

– Համահայկական խաղերի աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է: Կա՞ն տարածաշրջաններ, որոնք ուշադրությունից դուրս են մնացել:

– Եթե սկզբնական շրջանում մտահոգությունն այն էր, թե նախաձեռնությունը հաջողություն կունենա՞ եւ շարունակական կդառնա՞, հիմա կարող ենք հաստատապես արձանագրել. Համահայկական խաղերը ոչ միայն կայացել են, այլեւ շեշտակիորեն բարձրացել է մրցակցության մակարդակը, ու տարեցտարի շատանում է մասնակից քաղաքների եւ երկրների թիվը: Վերջին շրջանում մի փոքր թուլացել էր Փարիզը, բայց հիմա կրկին ակտիվացել է: Շատ ենք կարեւորում Սկանդինավյան երկրները: Այս օրերին Երեւանում է նորվեգահայ Ջիմմի Վարթիվարյանը: Նա հայկական սպորտի մեծ բարեկամն է ու երկար տարիներ ամենաակտիվ մասնակցությունն է ունենում մեր եւ Նորվեգիայի միջեւ մարզական կապերի հաստատման եւ ամրապնդման գաղափարի իրականացմանը: Արդեն պայմանավորվել ենք. Ջիմմի Վարթիվարյանը նշանակվել է Նորվեգիայում եւ Սկանդինավյան երկրներում մեր ներկայացուցիչը, կազմակերպելու եւ կոորդինացնելու է Սկանդինավիայում Համահայկական խաղերի շարժումը: Այս քաղաքականությունը շարունակելու ենք ավելի ակտիվ:

– Փաստորեն, Համահայկական խաղերի շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում բավականին տաղանդավոր հայ մարզիկներ են հայտնաբերվում:

– Անշուշտ: Վերցնենք բասկետբոլը: Արդեն օրակարգային հարց է դառնում նրանցով Հայաստանի ազգային ու տարբեր տարիքային խմբերի հավաքականներն ուժեղացնելը: Նույնը վերաբերում է նաեւ մյուս մարզաձեւերին:

– Նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի գործկոմի անդամ, հիմա էլ՝ Համահայկական համաշխարհային կոմիտեի նախագահ: Մի մարդու համար շատ չէ՞: Կհասցնե՞ք բոլոր ոլորտներով լիարժեք զբաղվել:

– Արի ու տես, որ հնարավոր է: Ինչո՞ւ: Որովհետեւ ոլորտը մեկն է՝ սպորտը: Եթե աշխատում ես սպորտում, ամբողջ ժամանակդ նվիրաբերում դրան ու կարգավիճակիդ բերումով տեղյակ ես բոլոր խնդիրներին, հավատացեք, շատ դժվար չէ: Ընդհակառակը, բավականին հարցեր արագ են կարգավորվում: Ես իմ թեկնածությունը չեմ առաջադրել, ոչ էլ նախապես բանակցել եմ: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն առաջարկեց: Ճիշտ է, ժամանակն է շատ սուղ լինում: Բայց երբ ոլորտը գիտես, գիտակցում ես, որ տվյալ ժամանակահատվածում քո վրա պարտականություններ են դրված, որոնք պարտավոր ես կատարել, դժվարությունները չեն կարող խանգարել. առավել եւս, որ մենակ չես, այլ աշխատում ես սպորտի նվիրյալների հետ:

– Ձմեռային մարզաձեւերից Համահայկական համաշխարհային խաղեր երբեւէ կանցկացվե՞ն:

– Այդ ուղղությամբ մտածում ենք դեռ անցած տարվանից: Ծաղկաձորում ունենք միջազգային չափանիշներին համապատասխանող հրաշալի համալիր մարզաբազա: Կարծում եմ՝ Ամերիկայում, Եվրոպայում, նույն Սկանդինավյան երկրներում անպայման կլինեն մարզիկներ, որոնք կցանկանան մրցել Հայաստանում: Հիմա նրանց հայտնաբերման ժամանակաշրջանն է: Կանոնադրության համաձայն, ձմեռային մարզաձեւերի համահայկական խաղեր կազմակերպել կարելի է միայն այն ժամանակ, եթե մասնակցելու հայտ լինի առնվազն 5 երկրից եւ 10 քաղաքից: Կարծում եմ, որ դրա հերթն էլ կհասնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել