Ռեժիսոր Վիգեն Ստեփանյանն ու թատերագետ Լեւոն Մութաֆյանը՝ թատրոնների մասին
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանն ու թատերագետ Լեւոն Մութաֆյանը, որոնք անդրադարձան թատրոնի խնդիրներին: Լ. Մութաֆյանի խոսքերով, դեռ երկու տարի առաջ նախազգալով հանրապետության ղեկավարների, իշխանության, մշակույթի նախարարության դիրքորոշումը հատկապես դրամատիկական թատրոնների կեցության, պահպանման հանդեպ, ինքը մամուլում իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ հանրապետությունում սկիզբ է առել թատրոնների չգոյացման գործընթացը. «Մեր մշակույթի կառավարիչները՝ երկրի առաջին դեմքի աջակցությամբ, որոշել են փակել հանրապետության բոլոր դրամատիկական թատրոնները, սա ես հայտարարում եմ միանգամայն պատասխանատու կերպով: Դեռ նախկին մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի օրոք մի նախագիծ կար, ըստ որի՝ հանրապետության 17 պետական թատրոնի փոխարեն պետք է պահպանվեր 5-ը, որոնց թվում էին Սունդուկյանի, Օպերայի եւ բալետի, Պարոնյանի ու երկու մարզային թատրոններ: Մեկ այլ ծրագրի համաձայն էլ՝ պետք է թատրոնների շենքերը ապապետականացվեին ու դրանք վարձակալության տրվեին, իսկ թատերախմբերը գործեին աղքատ ազգականի կարգավիճակով, այսինքն՝ տարածք վարձակալելով: Սակայն, բարեբախտաբար, ԱԺ-ն մշակութային հիմնարկների ապապետականացումն արգելող օրենք ընդունեց ու կանխեց նրանց ախորժակը»: Լ. Մութաֆյանի փոխանցմամբ, այժմ մշակույթի նախարարությունը որոշել է գնալ այլ ճանապարհով՝ լուծարել գեղարվեստական ղեկավարի հաստիքը, որովհետեւ թատրոնների տնօրենները, համաձայն «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի, կարող են լինել պատահական մարդիկ, այսինքն՝ մասնակցել մրցույթի, որտեղ խիստ չափորոշիչներ չկան ու պարտադիր չէ թատերական կրթությունը. «Թատրոնի տնօրենի հետ ցանկացած խնդիր հեշտ է լուծել՝ սկսած կառավարման սկզբունքներից, մինչեւ ֆինանսատնտեսական, ստվերային գումարների շրջանառություն, ինչին մղվում է մշակույթի նախարարությունը: Վերջինս թքած ունի մեր մտահոգությունների ու առաջարկությունների վրա: Դեռ ծաղկաձորյան խորհրդակցությունների ժամանակ գտել էին մի քանի «սոխակների», որոնք փառաբանում էին այս գաղափարն ու մի քանիսն էլ հայտարարեցին, թե գեղղեկավարի հաստիքը հակասահմանադրական է, կաշկանդում է ստեղծագործողին, զրկում ազատությունից»: Թատերագետն անդրադառնալով Գ. Սունդուկյանի անվան թատրոնին՝ ասաց. «Ներկայացնելով մշակույթի նախարարի խարդավանքները՝ ասեմ, որ Սունդուկյանի դեպքում շատ վաղուց կան ախորժակներ: Անցյալ տարի կոլեկտիվից ու Վահե Շահվերդյանից ծածուկ՝ Հասմիկ Պողոսյանն ու թատրոնի տնօրենը փոխել են թատրոնի կանոնադրությունը, որտեղից հանվում է գեղարվեստական ղեկավար հասկացությունը: Այս ամենը պարտակված էին պահում մինչ այս տարվա օգոստոսի 16-ը: Փաստորեն, ստացվում է, որ Շահվերդյանը 8 ամիս ղեկավարում էր թատրոնը որպես գեղարվեստական ղեկավար, երբ այլեւս ղեկավար չէր, մարդուն աշխատավարձ էին տալիս, նա լուծում էր գեղարվեստական խնդիրներ, այն դեպքում, երբ այդ հաստիքն այլեւս գոյություն չուներ»:
Լ. Մութաֆյանը նաեւ հայտնեց. «Այսօր նմանատիպ իրավիճակ է տիրում Կամերային երաժշտական, Փոսի, Գյումրիի Աճեմյանի եւ Վանաձորի Աբելյանի անվան թատրոններում, այս թատրոնները չունեն գեղարվեստական ղեկավարներ»:
Վ. Ստեփանյանը, դառնալով Սունդուկյան թատրոնին՝ ասաց. «14 տարի սունդուկյանցի եմ եղել ու շատ լավ գիտեմ այդ թատրոնը: Իմ դիրքորոշումը հետեւյալն է՝ թատրոնը չի կարող չունենալ գեղարվեստական ղեկավար: Սունդուկյանի թատրոնը խաղ ու պար չէ»: Ապա, կրկին մանրամասնելով իր դիրքորոշումն, ասաց, որ ինքը խոսում է միայն փաստերով ու ասեկոսեներին չի հավատում. «Ես չեմ կարող ասել՝ դու գող ես, քանի դեռ գողությունը չեմ տեսել: Այո, անընդունելի է գեղարվեստական ղեկավարի պաշտոնի լուծարումը, բայց այսօր նախարարությունը, ինչպես ինքն էր ներկայացրել, ուզում է թատրոնը տանել նոր բարձրության»: