Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԱԶԱՅԻՆ ՀՐԱԲՈՒԽ՝ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ

Հոկտեմբեր 01,2008 00:00

\"\"Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգը 10-ամյա ընդմիջումից հետո փառահեղ անցավ

«Հայկական ջազ-70» միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ հայկական ջազի թագուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգը: Դահլիճում, բառիս բուն իմաստով, ասեղ գցելու տեղ չկար, կարոտած հանդիսատեսը սիրելի երգչուհուն չէր հանդիպել արդեն 10 տարի: Տաթեւիկը հանդես եկավ ամերիկացի ճանաչված երաժիշտների հետ, որոնցից կիթառահար Ժան Բաբոյանը եւս մեր հայրենակիցն է: Երեկ, հենց բեմի վրա նա գրպանից հանեց այն ծրարը, որտեղ գտնվում էին օրեր առաջ ջազային մրցույթի հաղթող երկու երիտասարդ երաժիշտների անունները (Արտյոմ Մանուկյան, Արթուր Գրիգորյան): Վերջիններս 5 շաբաթ սովորելու են Բերկլիի երաժշտական քոլեջում, որտեղ դասախոսում է Ժանը: Տաթեւիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ երբ ինքը տեղափոխվել է ԱՄՆ, Բոստոնում կազմակերպված իր առաջին համերգի կայացմանը աջակցել է նաեւ Ժան Բաբոյանը:

Տաթեւիկի երեւանյան համերգը բացվեց կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի խոսքով, որը համուհոտով ու իրեն բնորոշ հումորով ներկայացրեց, թե ինչպես է ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը ժամանակին ծանոթացրել իր ջազ երգող փոքրիկ աղջնակի հետ: Տիկին Օֆելյան նույնպես դահլիճում էր, եւ Տաթեւիկ Հովհաննիսյանն ասաց, որ համերգը նվիրվում է իր սիրելի մորը՝ ում պարտական է իր կայացման համար: Աշխարհի լավագույն բեմերը նվաճած երգչուհին սկզբում մի տեսակ հուզվում էր, հետո «բացվեց» ու ջազային «հրաբուխը» տիրեց ողջ դահլիճը. հանդիսատեսը վերածվել էր մեկ միասնական ու զգայուն նյարդի, որ արձագանքում էր ամեն ելեւէջի: Տաթեւիկը անընդհատ անակնկալներ էր մատուցում, այդ թվում՝ Սայաթ-Նովան ու կոմիտասյան մեղեդիները յուրովի, միայն իրեն բնորոշ մեկնաբանումով ներկայացնելով: Դահլիճը պայթում էր բրավոներից ու բուռն ծափահարություններից: «Կան ամերիկյան ջազի ստանդարտներ, բրազիլական ջազի ստանդարտներ ու նաեւ հայկական էթնիկ ջազ, որի զավակն եմ ես»,- իրեն այսպես ներկայացնելուց հետո Տաթեւիկ Հովհաննիսյանը հավելեց, որ եթե Հայաստանում է ինքն այսքան ջերմ ընդունվում, ուրեմն իր համար այլ երկրներում ցանկացած փորձություն հաղթահարելի է:

Համերգի ավարտից հետո հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր, չէր ուզում հեշտ «բաց թողնել» սիրված երգչուհուն, ուստի նա վերադարձավ ու եւս մեկ կատարում նվիրեց: Գեղեցիկ էր ոչ միայն Տաթեւիկի երգը, այլեւ թեկուզ ծաղիկ ընդունելու նրա ոճն ու հանդիսատեսին խոնարհվելու կերպը: Ուրիշ է Տաթեւիկը, համարձակ՝ իր արվեստում, հզոր՝ իր փոխանցած էներգիայով, համեստ՝ հանդիսատեսի համար ու առանց աստղային «այլափոխումների», նաեւ լուսավոր, դրական ու առանց ավելորդությունների՝ իր զուլալ երգերի նման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել