Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանի դառնալու մեծ մրցույթ է

Հոկտեմբեր 01,2008 00:00

15 տեղի համար 47 հավակնորդ կա, 9-ը ցանկանում է վերընտրվել

Այս օրերին Գյումրիի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ասեղ գցելու տեղ չկա. քաղաքում իրենց քիչ թե շատ «լավ տղա» պատկերացնողները շտապում են հանձնաժողով՝ օր առաջ փաստաթղթեր ներկայացնելու: Թիվ 34 ԸԸՀ նախագահ Սայաթ Մինասյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ Գյումրիի ավագանու անդամ դառնալու ցանկություն են հայտնել ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ, ԱԺՄ ու ՍԻՄ կուսակցություններից: Հավակնություններ կան նաեւ «Շիրակ» միջազգային օդակայանից, «Գյումրի-կենտրոն» ու «Մուսալեռ» համատիրություններից, «Անդրանիկ» արտադրական կոոպերատիվից, Գյումրիի մանկավարժական ինստիտուտից, նույնիսկ՝ «ՀայՌուսգազարդից»:

Գյումրիի տարբեր հ/կ-ներից ու անհատներից բաղկացած Հանրային խորհուրդն էլ թեկնածուներին իր մշակած վարքականոնն է հրամցնում՝ նրանց նեղը գցելով: Իր ութերորդ նիստում Գյումրիի հանրային խորհուրդը հաստատեց 14 կետից բաղկացած վարքականոնը, ուր մասնավորապես շարադրված է. «Ես՝ Գյումրու ավագանու անդամության (կամ քաղաքապետի) թեկնածուս, հաշվի առնելով Տեղական ինքնակառավարման մարմիններում իմ հավակնած պաշտոնի հանրային կարեւորությունը, ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրվելու հրամայականը, ընդունելով Գյումրի քաղաքի հավաքական շահի գերակայությունը, առաջնորդվելով մեր նախնիներից ժառանգած արժանապատվությամբ, կամավոր ընդունում եւ ճանաչում եմ այս վարքականոնի սկզբունքները եւ դրանցով առաջնորդվելու եմ ամբողջ ընտրապայքարի ընթացքում: Այս պարտավորությունը բոլոր հնարավոր դրվագներով տարածվում է նաեւ իմ նախընտրական թիմի յուրաքանչյուր անդամի վրա: ՏԻՄ քարոզարշավի ընթացքում ընտրողների դիրքորոշման վրա չազդել ընտրակաշառքով, այդ թվում՝ պաշտոնական առաջխաղացման եւ աշխատատեղերի անձնականացված խոստումներով, նյութական օժանդակությամբ, սննդամթերքի, դեղորայքի մատակարարմամբ, զանազան պարտքերի մարման խոստումներով եւ մարումներով, տնտեսական գործունեությանն առնչվող արտոնությունների եւ կենցաղային բնույթի անձնականացված խոստումներով եւ համանման գործողություններով: Քարոզչության շրջանակներում՝ ելույթներում, մրցակիցների հասցեին հնչող քննադատություններում պահպանել քաղաքավարության եւ պարկեշտության նորմերը, չզրպարտել, հրաժարվել չստուգված տեղեկությունների հրապարակումից»:

«Առավոտը» Հանրային խորհրդի աշխատանքները համակարգող, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերահսկվելու վարքականոնների կիրառումը: Նա պատասխանեց. «Մեր տեղեկություններով, ՀՀ համայնքային իշխանությունների թեկնածուի վարքականոն առայժմ չի եղել: Մենք մտածել ենք մի մեխանիզմ, որով հնարավոր կլինի քարոզարշավի, ընտրապայքարի՝ ներառյալ քվեարկության օրը, ընթացքում նվազեցնել հնարավոր ընտրակեղծիքները, խախտումները, որոնք ունեցել ենք նախկինում: Ես նկատի ունեմ ընտրակաշառքի ազդեցությունը՝ զանազան դրսեւորումներով, հանրային կամ վարչական ռեսուրսների չարաշահումները: Նախկին ավագանու թեկնածուները «բարեգործություններ» էին անում, որոնք ընտրակաշառք են ըստ էության: Մենք ուզում ենք, որ ընտրողն ավելի պահանջկոտ լինի, դրա համար ներդնում ենք այս մեխանիզմը: Թեկնածուներին մինչեւ գրանցելը առաջարկելու ենք ծանոթանալ այս վարքականոնին եւ հայտնել իրենց դիրքորոշումը՝ իրենց համար այս սկզբունքները ընդունելի՞ են, թե՞ ոչ: Մենք հանրությանը տեղյակ ենք պահելու, թե թեկնածուներն ինչպես են արձագանքել սրան: Այնուհետեւ ընտրապայքարի տասնութ օրերի ընթացքում հնարավոր բոլոր միջոցներով դիտարկելու ենք թեկնածուների վարքը, թե ինչպես իրենց պահեցին: Դիտարկումների համար մեխանիզմը ներառում է չորս հիմնական գործիք՝ թեկնածուների բողոքները միմյանց վարքի նկատմամբ, «թեժ» հեռախոսագիծը՝ անպայման ստուգվող համարներով, լրատվամիջոցների հաղորդումները եւ Գյումրու 20 հ/կ-ներից, մի քանի կուսակցություններից ու 40 ակտիվ անհատներից բաղկացած Հանրային խորհրդի անդամների տեղեկությունները: Սա քառասուն հոգանոց քաղաք չէ, սա կարգին քաղաք է, մենք իրավունք ունենք հետզհետե ավելի որակյալ տեղական իշխանություն ունենալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել