Արդեն 3 տարի է՝ ինչ բնակարանի մասնավորեցման համար բնակիչը քաշքշուկների մեջ է
Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի պաշտոնյաներն իրենց համայնքի բնակիչներին աջակցելու փոխարեն՝ նրանց համար անընդհատ խնդիրներ են ստեղծում: Համայնքի բնակիչները քաշքշուկի մեջ են հայտնվում հատկապես այն ժամանակ, երբ բնակարանի սեփականաշնորհման հարցով դիմում են թաղապետարան: 3 տարի է՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սեբաստիայի թիվ 18 շենքի բնակիչ Մարիամ Գաբրիելյանը փորձում է սեփականաշնորհել իր բնակարանը, սակայն, նրա հավաստմամբ, թաղապետարանն անընդհատ խոչընդոտներ է ստեղծում: Նշենք, որ վերոնշյալ շենքը տարիներ շարունակ եղել է վթարային վիճակում եւ միայն 2003-ին հիմնանորոգվելուց հետո՝ բնակիչները պետք է սկսեին մասնավորեցնել բնակարանները: Սակայն, երբ Մ. Գաբրիելյանը պահանջվող բոլոր փաստաթղթերով դիմել է թաղապետարան, բնակարանային բաժնի պետ Նուբար Արիստակեսյանը հրաժարվել է գործին ընթացք տալ:
Նշենք նաեւ, որ, Մ. Գաբրիելյանի հավաստմամբ, տարիներ առաջ ինքն իր բնակարանը 3 տարի ժամկետով բնակվելու համար տվել է ամուսնու ընկերներից մեկին: Թաղապետարանում նրան տեղեկացրել են, որ այդ բնակարանը սեփականաշնորհելու համար այդ ընտանիքն արդեն դիմում է ներկայացրել: Ըստ Մ. Գաբրիելյանի, աբսուրդն այն է, որ թաղապետարանը դիմում է վերցրել մի մարդուց, որը երբեւիցե այդ հասցեում գրանցված չի եղել եւ որեւէ փաստաթուղթ չէր կարող ներկայացնել, քանի որ բնակարանի բոլոր օրինական փաստաթղթերը գտնվում են իր մոտ: Վերջինիս ներկայացմամբ, ի պատասխան իր դիմում-բողոքներին, Ն. Արիստակեսյանն ասել է. «Եթե ես չիմանայի, որ դու ապօրինի բնակիչ ունես քո տանը, ես կսեփականաշնորհեի այն»: Բացի այդ, Մ. Գաբրիելյանի հավաստմամբ, բնակբաժնի պետն իրեն խորհուրդ է տվել «զգույշ լինել, քանի որ բնակարանի սեփականաշնորհման համար դիմած մյուս անձն իրեն ասել է, որ արյան գետեր են հոսելու»:
Նախորդ տարի պաշտպանության նախարարությունը գրավոր դիմել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետին եւ խնդրել՝ նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Մ. Գաբրիելյանին: Ըստ Մ. Գաբրիելյանի, թաղապետարանում շահագրգռված են, որ տունը սեփականաշնորհվի իր բնակարանում ապօրինի բնակվող անձանց անունով եւ ամեն կերպ նրանց սատարում են: Այս առնչությամբ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի բնակարանային բաժնի պետ Ն. Արիստակեսյանն «Առավոտին» պարզաբանեց. «Այդ բնակարանը ներքին առուվաճառքով վաճառվել է այլ քաղաքացու: Երբ ինքը դիմում է գրել սեփականաշնորհման համար, ես աշխատողին ուղարկել եմ, որ գնա բնակարանը չափագրի, դուռը բացել է այլ մարդ, որը այդ բնակարանի ներքին առուվաճառքի փաստաթղթեր է ցույց տվել: Այդ շենքի 10 ընտանիք եկել է մեզ մոտ եւ հավաստիացրել, որ սրանից 10 տարի առաջ այդ բնակարանը վաճառվել է: Հիմա այդ վիճահարույց հարցը դատարանի վարույթում է»:
Պարոն Արիստակեսյանը վստահեցրեց, որ ինքն անձամբ տեսել է առուվաճառքի փաստաթղթերը:
Նշենք նաեւ, որ Մ. Գաբրիելյանը հանրապետության վաստակավոր արտիստուհի, ռեժիսոր եւ ասմունքող Սուսաննա Գաբրիելյանի դուստրն է: