Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՕՊԵՐԱՅԻՆ

Հոկտեմբեր 01,2008 00:00

\"\"Քաղաքային իշխանությունները վերգետնյա հողհատկացումներն ավարտելով՝ անցել են ստորգետնյա հողհատկացումների:

Մի առիթով Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը Երեւանի կենտրոնում շինարարական բիզնես անել ցանկացող գործարարներին հիասթափեցրեց, հայտնելով, որ մայրաքաղաքի կենտրոնում շինարարություն անելու համար այլեւս ազատ տարածքներ չկան, եւ կենտրոնն այլեւս չի կարող քաղաքաշինական ֆունկցիաներ իր վրա վերցնել: Թերեւս սա է պատճառը, որ քաղաքային իշխանությունները հիմա էլ որոշել են ստորգետնյա հողհատկացումներ անել: Այժմ էլ վաճառքի են հանվել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակների ստորգետնյա հատվածները: «Առավոտն» իր «Ազատության հրապարակը դեռ երկար փակված կմնա» (4.09.2008թ.) հրապարակման մեջ անդրադարձել է, որ Օպերայի հրապարակի տարածքում ստորգետնյա ավտոկայանատեղի է կառուցվելու, ինչի հետեւանքով հրապարակից ժամանակավորապես ապամոնտաժվելու են Հովհ. Թումանյանի եւ Ալ. Սպենդիարյանի արձանները: Տեղեկացանք, որ բացի օպերայից, ստորգետնյա կայանատեղիներ են կառուցվելու նաեւ Սախարովի, Ֆրանսիայի (Մաշտոց-Բաղրամյան-Սայաթ՝ Նովա խաչմերուկ), Ազնավուրի («Մոսկվա» կինոթատրոն), Շահումյանի հրապարակների տակ, Հանրապետական մարզադաշտին հարող տարածքում եւ քաղաքապետարանի դիմացի հրապարակում:

Քաղաքային իշխանություններն իրենց այս նախաձեռնությունը պատճառաբանում են մայրաքաղաքի կենտրոնը մեքենաներից բեռնաթափելու հանգամանքով: Քաղաքապետարանի այս ծրագրին դեմ են մի շարք հասարակական կազմակերպություններ։ Իսկ ընդդիմադիր գործիչների համոզմամբ, Օպերան շինհրապարակի վերածելը պարզապես պատրվակ է, որպեսզի ընդդիմությունն այլեւս չկարողանա առաջիկայում այդ տարածքում հանրահավաքներ հրավիրել:

Այս առնչությամբ «Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց. «Նախ հրապարակներում նման ծրագիր իրականացնելու համար պետք է հ/կ-ների մասնակցությամբ հասարակական լայն լսումներ ու իրազեկումներ կազմակերպվեին: Բնապահպանական առումով պետք է նաեւ բնապահպանության նախարարության ուսումնասիրման արդյունքները լինեին, բայց չկան, իսկ եթե անգամ ուսումնասիրվել է, մենք չենք տեղեկացվել: Դա խախտում է Օրհուսի կոնվենցիան: Պետք է նախապես մտածեին եւ կենտրոնն այսքան խիտ չկառուցապատեին: Մեր կենտրոնը նախատեսված չէր այս ծավալի նոր շենքերի համար, ամեն նոր շենք իր հետ բազմաթիվ մեքենաների հոսք է բերում: Երեւանի կենտրոնը սեյսմիկ առումով ամենաապահովն է, եւ այդ թվով կայանատեղիների կառուցումը կարող է լուրջ վտանգ հասցնել սեյսմակայունությանը: Որքան էլ ասեն անվտանգ է, բայց նման հիմք փորելը կվտանգի հենց Օպերայի շենքը եւ հարակից այգիների ոռոգման ցանցը: Այդ ամենի համար լուրջ ուսումնասիրություն էր պետք»:

Եվ մինչ այս առնչությամբ տարաբնույթ կարծիքներ են շրջանառվում, «Առավոտը» փորձեց շինարարության ոլորտի մասնագետներից ճշտել, թե առհասարակ հրապարակների տակ փորելն ու ավտոկայանատեղիներ սարքելն ի՞նչ վտանգավոր հետեւանքների կարող են բերել: Քանի որ մեր երկիրը գտնվում է երկրաշարժային գոտում, ուստի, մի շարք ճարտարապետների կարծիքով, չի բացառվում, որ այն հատվածներում, որտեղ կայանատեղիներ են կառուցվում՝ սեյսմակայունության խնդիր առաջանա: Մեր դիտարկումներին ի պատասխան, «Առավոտի» հետ զրույցում Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, որը քաջատեղյակ էր այդ նախագծին, ասաց. «Ստիպված ենք նման շինարարություն անել: Ուրիշ բան, որ նախապես քաղաքն այս աստիճան չծանրաբեռնվեր: Մեր փողոցները բավականին ծանրաբեռնված են մեքենաներով: Իսկ թե ինչու հենց կենտրոնում են կառուցում, դա պայմանավորված է նրանով, որ կենտրոնն ամենագեղեցիկ տեղն է, եւ կառուցապատողը որ ներդրում է կատարում՝ ամենագեղեցիկ տեղն է պահանջում, դա բիզնես է»:

Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի խոսքերով, այս նախագիծը միանգամայն անվտանգ է, եւ սեյսմակայունության առումով «Գեոռիսկ» կազմակերպությունն ուսումնասիրել է ու պարզել, որ նշյալ վայրերում նման կառույցներ թույլատրելի են: Ըստ ճարտարապետի, կլինի եռահարկ ավտոկայանատեղի՝ նախատեսված 500 մեքենայի համար: Տեղեկացանք, որ, մասնավորապես, Օպերայի հրապարակի կայանատեղին կառուցում է իտալական «Ռենկո» ընկերությունը: Նշենք, որ կայանատեղիները լինելու են վճարովի:

Մեր այն դիտարկմանը, թե եվրոպական երկրներում քաղաքի կենտրոն մուտք գործելու համար վարորդները որոշակի գումար են վճարում, եւ այդքան շինարարություն անելու փոխարեն՝ արդյոք ճիշտ չէ՞ր լինի այդ նույն մեխանիզմը մեզ մոտ էլ կիրառել եւ կենտրոնն այդ միջոցով բեռնաթափել, պարոն Դանիելյանն ասաց. «Դա էլ է բեռնաթափելու մեթոդ, բայց այսչափ ավտոմեքենաների պարագայում հնարավոր չէ: Պատկերացնո՞ւմ եք, քաղաքի կենտրոն մուտքերը վճարովի դարձնենք կամ փակենք, ու մարդիկ ոտքով շրջեն: Դա անհնար բան է: Իմ կարծիքով՝ հետագայում քաղաքի մուտքը կենտրոն, վճարովի կլինի»: Մեր հարցին՝ այդ հրապարակներում այսուհետեւ վտանգավոր չէ՞ հանրահավաքներ եւ այլ միջոցառումներ անցկացնելը, պարոն Դանիելյանն ասաց, որ այդ ամենը հաշվի է առնվել, եւ հրապարակը նույն ծանրաբեռնվածությամբ կարող է մարդկանց ընդունել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել