Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սպառում ենք մի բան, որը չունենք

Հոկտեմբեր 01,2008 00:00

Ըստ տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի, մենք պետք է գոհ լինենք, որ գազը սպառելու հնարավորություն ունենք:

– Անցած շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «ՀայՌուսգազարդ» եւ կնքեց մի պայմանագիր, որն իշխանական լրատվամիջոցներում ներկայացվեց որպես համագործակցության բարձր մակարդակի ապացույց: Ինչպե՞ս եք մեկնաբանում պայմանագիրը, ի՞նչ կտա դա մեր տնտեսությանը:

– Գազն ու գազամատակարարումը մեր երկրի համար չափազանց կարեւոր գործ են, քանի որ մեր երկիրն ընդհանրապես զուրկ է այդպիսի ստրատեգիական բնույթի հումքից: Քաղաքական իրադարձությունների տարբեր զարգացումների պայմաններում հայերը կարողացան ՌԴ-ի հետ այնպիսի կապեր ունենալ, որոնց շնորհիվ լավագույն վիճակը ստեղծվեց Հայաստանի համար: Հիմա էլ վիճակը միայն դրական կարելի է գնահատել. 2,5-3 անգամ պակաս գնով ենք ստանում գազը: Ակնհայտ է, որ այսպիսի, ես կասեի՝ դրախտային պայմանները հնարավոր չէ պահպանել շուկայական հարաբերությունների պայմաններում: Այդ սցենարները պետք է փոխվեին: Մեր իշխանություններին հաջողվեց կնքել մի պայմանագիր, ըստ որի՝ ոչ թե միջազգային, այլ ավելի զուսպ գներով՝ 2009-ի ապրիլից 1000 խորանարդ մետրի համար Հայաստանը կվճարի $154: Ամբողջ Եվրոպան գազի սպառման առումով գրեթե 2 եւ ավելի անգամ թանկ է վճարում նույն քանակի գազի դիմաց: Բացի այդ, սա պետք է գործի մինչեւ 2010 թ. ապրիլի 1-ը, որից հետո գազի սակագինը դառնալու է 1000խմ-ի համար $200: Իսկ սա նշանակում է, որ մենք դարձյալ էականորեն պակաս ենք վճարում այդ թանկարժեք, չափազանց կարեւոր հումքի համար: Եվ մինչեւ 2015 թ. պայմանագիրը կմնա անփոփոխ:

– Մարդիկ այդ ամենից միայն մի բան են հասկացել, որ գազը թանկանում է, իսկ Դուք փառաբանում եք պայմանագիրը:

– Որպես տնտեսագետ, ես իրավունք ունեմ այդպես ասելու: Հասկանալի է, որ մեր բնակչությունը որոշակի նեղվածություն կզգա, բայց դա չի հասնում այնպիսի ցուցանիշների, որ կտրուկ վատթարանա վիճակը: Մասնավորապես, եթե, ասենք, այսօր 40000-ի չափով ենք վճարում, դրանից հետո կմուծենք 46000: Էլեկտրաէներգիայի գները կբարձրանան 3-4 դրամի չափով, կարծում եմ, կարելի է համակերպվել, չէ՞ որ մենք սպառում ենք մի բան, որն ընդհանրապես չունենք: Հիմա ունենք գազի մոտ 550 հազար բաժանորդ, իսկ մեր երկրում ընտանիքների թիվը 880 հազար է:

– Սակայն կան մարդիկ, ում Ձեր նշած ավելացումները եւս զգալի են:

– Ես ոչ թե ուզում եմ գովել իշխանություններին, այլ առաջարկում եմ ճիշտ հասկանալ: ՀՀ նախագահի՝ «ՀայՌուսգազարդ» այցի ժամանակ խոսվեց էներգետիկ անվտանգության մասին, դա բարդ տեխնիկական համակարգ է, որը պահպանել, արդիականացնել, զարգացնել է պետք, եւ դրա համար կատաստրոֆիկ գումարներ են հարկավոր, իսկ այդ այցից եւ պայմանագրից հասկացա, որ շարունակվում է այդ արդիականացման գործընթացը: Հայաստանը փորձում է նաեւ հարավից գազամատակարարման հարցը լուծել. սա չափազանց դժվարին գործ է քաղաքական գործոնի պայմաններում, քիչ երկրներ կարող են նման գործընթացում հաջողության հասնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել