Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԵՆ»

Հոկտեմբեր 01,2008 00:00

\"\"Կարծում է նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը

– Պարոն Մելիքյան, մասնակցելով նախագահական ընտրարշավին, Դուք մեծ քաղաքականություն մուտք գործելու հայտ ներկայացրիք, սակայն այժմ ակտիվ կամ հրապարակային գործունեություն չեք ծավալում:

– Այո, ես կուսակցություն չեմ ստեղծել եւ առաջիկայում էլ չեմ պատրաստվում: Երեւի մեզանում փոքր-ինչ սխալ է հասկացվում, թե ինչ բան է քաղաքական գործունեությունը: Ընդհանրապես, ես Հայաստանի կուսակցականությունը չեմ դիտարկում որպես ռեալ քաղաքական մեխանիզմ: Այս տարիներին կայացած ընտրություններն ապացուցել են, որ կուսակցություններն իշխանությանն օժանդակող մեխանիզմներ են: Օրինակ, տարիներ շարունակ իշխանություն՝ Հայաստանի հանրապետական կուսակցության պատմությունը ոչ այնքան կուսակցության պատմություն է, որքան իշխանության կուսակցականացման պատմություն: Ինչքան էլ այդ կուսակցության անդամները խոսեն Նժդեհի եւ նժդեհականության մասին, կարծում եմ, նրանցից շատերը դրանից պարզապես գաղափար չունեն: Այս ընտրություններում ես համոզվեցի, որ անհատը կարող է լուրջ ազդեցություն ունենալ երկրի քաղաքական կյանքի վրա եւ անգամ շրջանառության մեջ դնել նոր մոտեցումներ, որոնց նկատմամբ թե գործող իշխանությունը, թե համեմատաբար մարդաշատ ընդդիմությունը չեն կարող չեզոք մնալ:

– Դուք հանդիպումներ եք ունենում քաղաքական գործիչների եւ ուժերի ներկայացուցիչների հետ. չէի՞ք մանրամասնի:

– Դրանք ավելի շատ մասնավոր եւ ճանաչողական բնույթ են կրում: Ինձ համար հետաքրքիր է իմանալ, թե տարբեր քաղաքական գործիչներ ինչպե՞ս են գնահատում իրենց մինչ այժմ կատարած աշխատանքները եւ առկա խնդիրների վերաբերյալ ի՞նչ լուծումներ ունեն. լինի դա նախկին նախագահը, թե արտգործնախարարը, թե ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ: Համագործակցությունների մասին դեռ վաղ է խոսել:

– Ընդդիմության բողոքի շարունակական ակցիաները Հայաստանի համար դրակա՞ն, թե՞ բացասական շեշտադրումներ ունեն:

– Դրանք իրենց մեջ շատ որոշակի ընդվզում են պարունակում գործող իշխանական համակարգի հանդեպ, եւ այդ ընդվզումը լուրջ հիմքեր ունի. այս տեսանկյունից դրանք դրական են: Այլ խնդիր է, որ հաճախ այդ միջոցով լուծվում են նաեւ անձնական խնդիրներ:

– Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի վարած, ըստ որոշ գործիչների, ագրեսիվ արտաքին քաղաքականությունը:

– Ըստ իս՝ դա ավելի շատ խաղաղասիրական շեշտադրումներ ունի, որը ենթադրում է բազմակողմ շփումներ, փոխհամաձայնություններ: Այս պահին դեռեւս դժվար է գնահատել, թե ինչ արդյունքներ կտա այդ քաղաքականությունը, ամեն դեպքում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պարտավոր է աչքի առաջ ցանկացած տարբերակ ունենալ: Հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալու համար միայն մեր ցանկությունները բավարար չեն. պետք է լինի նաեւ հարեւանների ու տարածաշրջանում իրենց շահերը թելադրող գերտերությունների ցանկությունը: Հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները զուտ երկկողմ հարաբերություններում դիտարկելը կլիներ ծուղակ: Հուսով եմ, որ դա գիտակցվում է գործող նախագահի եւ արտգործնախարարի կողմից, հակառակ դեպքում՝ մենք իսկապես ծուղակում ենք:

– Արտաքին հարաբերությունների այս նոր շեշտադրումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ԼՂՀ հարցի կարգավորման վրա:

– Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ֆորմատով ես առայժմ չեմ տեսնում դիրքերի կամ տեսակետների մերձեցում: Համենայնդեպս, Ադրբեջանը դեռեւս չի խոսում ԼՂՀ-ի ճանաչման մասին, թեեւ տարածքների հանձնման մասին ակնարկներն անընդհատ լսում ենք: Չեմ ցանկանում, որ շտապենք մեր գնահատականներում: Սրանք կարող են լինել մարտավարական քայլեր եւ վերջին հաշվով հանգեցնեն նրան, որ որքան Թուրքիան եւ Ադրբեջանը կոշտացնեն իրենց դիրքերը, այդքան նաեւ հայկական կողմը հիմք կունենա իր դիրքը կոշտացնելու եւ գուցե նաեւ միակողմանի լուրջ քայլերի գնա: Ընդհանրապես, գլոբալ զարգացումների երեք սցենար է հավանական. ԱՄՆ-ը կփորձի Եվրոպային ստիպել՝ Թուրքիային ընդունել ԵՄ, ինչի արդյունքում կսկսվի Ռուսաստանի լուրջ մեկուսացման գործընթացը: Այդ մեկուսացման համար կովկասյան տարածաշրջանում լուրջ հենարան կդառնան Վրաստանը եւ Ադրբեջանը: Հայաստանը Ռուսաստանից կկտրվի, եւ դա մեզ համար նոր իրավիճակ կստեղծի: Դրակա՞ն, թե՝ բացասական. ցանկացած իրավիճակ կարելի է շրջել դրական հունի: Կամ՝ կստեղծվի ռուս-թուրքական համագործակցություն, որը կկրի ռազմավարական բնույթ, ինչի արդյունքում թուրքերի եւ ռուսների համատեղ ջանքերով կշրջափակվեն դեպի Եվրոպա տանող հաղորդակցության բոլոր ուղիները, այդ թվում՝ նաեւ էներգակիրների մատակարարումը: Եվրոպան լուրջ կախման մեջ կընկնի ռուս-թուրքական ալյանսից: Սա ԱՄՆ-ի համար է անընդունելի, որովհետեւ Եվրոպայում, հետեւաբար՝ աշխարհում, կնվազի իր դերը: Եվ երրորդ՝ Եվրոպան կհրաժարվի Թուրքիային ընդունել ԵՄ, կհրաժարվի նաեւ ԱՄՆ-ի աջակցությունից եւ ուղիղ ռազմավարական կապեր կհաստատի Ռուսաստանի հետ: Այս պարագայում տարածաշրջանում մեր հարցերը շատ ավելի կթեթեւանան: Եթե առաջին սցենարի պարագայում հնարավոր է, որ ԼՂՀ հակամարտությունը վերսկսվեր ռազմական փուլի տեսքով, ապա երրորդ պարագայում դա համարյա բացառվում է: Այս երեք տարբերակներն էլ կենսունակ են, սակայն դեռ պարզ չէ, թե որը կլինի հաղթողը, ուստի ցանկացածի դեպքում Հայաստանն իր լուծումների տարբերակը պետք է ունենա: Ինչ վերաբերում է Մինսկի խմբին՝ ես դեռեւս ներկայումս ընթացող բանակցությունների ձեւաչափով հարցի լուծման նախադրյալներ չեմ տեսնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել