Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՏԵ՛Ք ԱՅՆ ՑՈՒՑԱՐԱՐԻՆ, ՈՐԸ ԿՐԱԿ Է ԲԱՑԵԼ

Հոկտեմբեր 01,2008 00:00

\"\"Իրավապահներին առաջարկում է Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը՝ խոստանալով, որ այդ ցուցարարին իրենք չեն համարի քաղբանտարկյալ:

«Առավոտի» վաղվա համարից սկսած՝ կներկայացնենք «Մարտի 1»-ի գործով ամբաստանվող 7 գործիչների՝ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Շանթ Հարությունյանի, Գրիգոր Ոսկերչյանի եւ Սուրեն Սիրունյանի մասով արդեն իսկ ավարտված նախաքննության առավել ուշագրավ նյութերը:

Մինչ այդ նշենք, որ այս գործով ամբաստանվողների պաշտպանների գործունեությունը համակարգող Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ մինչ այժմ իրենց տրամադրված չեն գործի առաջին եւ վերջին՝ 40-րդ հատորները. «Հատկապես կարեւոր է 1-ին հատորը, որում այն բոլոր որոշումներն են, որոնց հիման վրա հարուցվել է այս գործը: Չունենք նաեւ այն տեսանյութերը, որքան տեղյակ ենք՝ 8 սկավառակները, որոնք կցված են գործին: Հուսով ենք, որ Հատուկ քննչական ծառայությունը մեզ շատ երկար չի սպասեցնի»: Հիշեցնենք՝ այս գործի նախաքննությունն ավարտվել է դեռ սեպտեմբերի 4-ին:

Այս գործով թերեւս նոյեմբերին սկսվելիք դատաքննությունն Արմեն Խաչատրյանն անվանեց «Մարտի 1»-ի քրեական գործի ամփոփիչ ակորդը»: Ըստ նրա՝ «Երեւում է, որ Հատուկ քննչական ծառայությունն իր ողջ ներուժն ու գիտելիքները ներդրել է, որ այս մասով կարողանա ներկայացնել հիմնավոր ապացույցներ: Բայց գործը նույնիսկ թերթելով է հասկանալի դառնում, որ այն ակնհայտ շինծու է՝ սկսած թե՛ Ազատության հրապարակի եւ Մյասնիկյանի արձանի հարակից տարածքի տեղազննության արձանագրություններից, թե՛ ցուցմունքներից»: Խոստացավ, թե այդ արձանագրությունների եւ իրական պատկերի միջեւ հակասությունները կներկայացնեն դատարանում. «Նաեւ նկատել եմ, որ արված տեղազննությունները փորձել են հիմնավորել հետին թվով գրված փաստաթղթերով. կփորձենք սա ապացուցել դատարանում»: Արմեն Խաչատրյանը նաեւ նկատել է, որ քաղաքացիների ցուցմունքները «թեեւ բավականին գրագետ են շարադրված՝ ձեւակերպումների առումով, բայց այնտեղ մի բառում արված է 5-6 տառասխալ: Նման գրագիտության տեր մարդը, բնականաբար, չէր կարող տալ այդպիսի ձեւակերպումներ: Ուստի ակնհայտ է, որ քննիչի կողմից թելադրված ցուցմունք է: Եվ գործում բազմաթիվ են նման ցուցմունքները՝ դրանք գերակշռող են: Մենք հարցաքննություններով կփորձենք պարզել, թե այդ վկաներն ինչքանո՞վ են անձամբ տվել ցուցմունքները, եւ որքանո՞վ են դրանք փոխանցված իրենց բառերից»:

Գործում շուրջ 10 հատոր են կազմում «տնտեսական, քաղաքացիաիրավական հարաբերություններ առաջացնող» նյութերը, որոնք, ըստ պրն Խաչատրյանի՝ վերաբերում են վնասված ու թալանված օբյեկտներին եւ ավտոմեքենաներին. «Այս հատորներում նաեւ քաղհայցեր կան՝ նյութական պահանջների վերաբերյալ: Ենթադրվում է, որ եթե կարողանան ապացուցել, թե զանգվածային անկարգությունների կազմակերպիչներն այս 7 գործիչներն են՝ նրանցից կպահանջվի շուրջ 2 մլն դոլարին համարժեք դրամ կազմող այս վնասի փոխհատուցումը: Այդ նպատակով բոլորի գույքի, մեքենաների եւ այլ սեփականության վրա կալանք է դրված՝ նպատակ ունենալով դրանք հետագայում բռնագրավել՝ վնասի փոխհատուցումն ապահովելու համար»:

Անմիջականորեն 7 ամբաստանյալների մասին նյութերը 13 հատոր են: Ամենաքիչը Շանթ Հարությունյանի նյութերն են՝ հազիվ կես հատոր: Ամենածավալունը ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի վերաբերյալ նյութերն են: «Հետաքրքիր է, որ Հակոբ Հակոբյանի քրգործի մեջ շատ մեծ տեղ են զբաղեցնում նրա տնտեսական գործունեությունը եւ, իբր, դրանից ծագած չարաշահումները, բայց նրա նկատմամբ տնտեսական բնույթի մեղադրանք այս պահին չկա,- ասաց Արմեն Խաչատրյանը:- Գործից հստակ երեւում է, որ Հատուկ քննչական ծառայությունն ընդամենը փորձել է գտնել մի մեծ գումար, որը Հակոբ Հակոբյանն իբր ծախսել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ իշխանությունը յուրացնելու համար»:

Առանձին անդրադարձի նյութ են հրազենային վնասվածքներ ստացած ու տուժող ճանաչված քաղաքացիների ցուցմունքները, որոնց առնչությամբ Արմեն Խաչատրյանն ասաց. «Կարծում եմ, որ նախաքննական մարմինը դիմել է ռեպրեսիվ միջոցների. տուժողները զգուշացվել են, որ իրենց այդ կարգավիճակը տրվում է եւ իշխանության ներկայացուցչին դիմադրելու կամ զանգվածային անկարգությունների մասնակցության մեղադրանքներ չեն առաջադրվում այն պայմանով, որ կտան այն ցուցմունքը, որը պետք է նախաքննական մարմնին»: Նա հաստատեց մեր ենթադրությունը, թե այդ քաղաքացիներն իրենց վիրավորվելը վերագրել են ցուցարարներին. «Ցուցմունքներ կան, որտեղ տուժողին հարց է տրվել, թե ըստ ձեզ՝ ո՞ւմ կողմից էր արձակված կրակոցը: Նա պատասխանել է, թե կարծում եմ՝ ամբոխի կողմից»: Դիտարկմանը, թե սա նույն ձեռագիրն է, որը բացահայտվեց նաեւ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում՝ ընդունել, ասենք, վրաերթը, բայց դրա մեղքը բարդել ցուցարարների վրա՝ Արմեն Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Միեւնույն է՝ սա որեւէ կերպ չի ազատում իրավապահներին պատասխանատվությունից. այդ դեպքում՝ գտե՛ք այն ցուցարարին, որը կրակ է բացել: Նա ցուցարար չէ, այլ հանցագործ, որը պետք է մեղադրվի զենք կրելու եւ օգտագործելու կամ բախում հրահրելու մեջ: Գտե՛ք այդ ցուցարարին, որին մենք, բնականաբար, չենք համարի քաղբանտարկյալ: Սակայն որեւէ զոհի կամ վիրավորի վրա կրակող անձ այս պահին հայտնի չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել