Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ-ԲՀԿ

Սեպտեմբեր 30,2008 00:00

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ լուրջ վրդովված էր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած եզրակացություններից, որոնք վերաբերում էին ԲՀԿ-ի «մանդատով» քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի գործունեությանը: Ըստ այդմ՝ ՎՊ-ն խոշոր չափերի չարաշահումներ է հայտնաբերել նաեւ քաղաքաշինության նախարարությունում: Երեկ ԶԼՄ-ների հարցերին պատասխանելով՝ Գ. Ծառուկյանն ասաց. «Որ փուչիկ լինի՝ ո՞վ է պատասխան տալու: Եթե դա ապացուցվի, միանշանակ, անմիջապես նախարարը կփոխվի: Մենք կուսակցությունով եկել ենք աշխատելու եւ ոչ թե թալանելու, բայց ամենակարեւորը մի բան ասեմ՝ Վարդան Վարդանյանն այդ տարի (ստուգված տարին- Մ. Ե.) ընդամենը հինգ ամիս էր նախարար, ու եթե մարդիկ իրենց անձնական խնդիրներն են լուծում ու առաջինը ստուգում են այն կուսակցությունը, որն իրեն առաջարկել է, իր կողքին է կանգնել, ապա բոլորն էլ հասկանում են, որ այդ մոտեցումն անձնական է: ԲՀԿ-ն Զաքարյան Իշխանի համար ոչ մի քաղաքական պատասխանատվություն չի կրում, չի էլ կրելու, ու այսօր Վարդան Վարդանյանի մոտ ստուգում է նախագահի Վերահսկողական ծառայությունը, որը ոչ մի բան չի հայտնաբերել»: Ասաց, որ ստուգումներն անցկացրել է Իշխան Զաքարյանի «բաջանաղը, որը մի տարի աշխատանքի չի գնացել, եւ Վարդան Վարդանյանն ասել է, թե նա պետք է աշխատանքից ազատվի, եւ այդ մարդը հիմա ՎՊ-ում է աշխատում»: Լրագրողները հիշեցրին, որ ՎՊ նախագահի պաշտոնում հենց ԲՀԿ-ն է երաշխավորել Իշխան Զաքարյանին: Ի պատասխան՝ Գ. Ծառուկյանն ասաց. «Պապենական մի ասացվածք կա՝ մարդուն պաշտոն տուր եւ դեմքը կճանաչես»:

Հ. Գ. «Եղել է երկու անկախ պետությունների նախագահ, ամենածանր պայմաններում, 10 տարի էլ ղեկավարել է Հայաստանը: Դու իմացիր, որ ինքը շատ հոգնել է, ձանձրացել է, բոլորս էլ գիտենք նրա մարդկային «դուխը», եթե նա ուզենար՝ կհայտարարեր, կասեր, բայց էսօր ինքը հանգստանում է եւ եթե ինքը ասելու լիներ՝ կասեր, եւ ինձ թվում է՝ առաջինը դուք կիմանայիք, քան ես»,- պատասխանելով մեր հարցին՝ ճի՞շտ է, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ անում է վերադառնալու համար, ասաց Գագիկ Ծառուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել