Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ՛ ԱԶԱՏԱԶՐԿԵՔ

Սեպտեմբեր 30,2008 00:00

\"\"Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ հրապարակել է Հայաստան հուլիսի 13-15-ն

իր այցի վերաբերյալ եզրակացությունների ամփոփումը:

Միայն երեկ լիովին պարզ դարձավ, թե ինչ էր զեկուցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի սեպտեմբերի 11-ի նիստում՝ ԱԺ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ու նաեւ այդ դեպքերի առնչությամբ ազատազրկված անձանց ազատ արձակման գործընթացի վերաբերյալ:

Ըստ Համմարբերգի հրապարակած եզրակացությունների՝ մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ ազատազրկված անձանց առումով իրավիճակը «դեռեւս շարունակում է խիստ մտահոգությունների տեղիք տալ: Անհետաձգելի է լուծումներ գտնելու համար քաղաքական կամքի պարտադիր կիրառման անհրաժեշտությունը»:

Հանձնակատարը գտնում է, որ լուրջ խնդիրներ կան մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ ազատազրկված անձանց դեմ ներկայացված մեղադրանքների բնույթի առնչությամբ. «Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայության պետի՝ 2008թ. մարտի սկզբին որոշ մարզային դատախազներին ուղղած հանձնարարականը, որով նա պահանջում է տեղեկատվություն հավաքել ընդդիմության ցույցերի մասնակիցների, այլ ոչ՝ կոնկրետ գործողությունների վերաբերյալ, հարցեր է առաջացնում հետաքննության բնույթի եւ նպատակի մասին»:

Թոմաս Համմարբերգը մասնավորապես մտահոգություն է արտահայտել նախնական կալանքի տակ գտնվող 7 անձանց նկատմամբ, որոնց թվում են 3 պատգամավորները եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը, «որոնց բավականին ընդհանրական մեղադրանք է առաջադրված՝ պետական հեղաշրջում (Քրեական օրենսգրքի հոդված 300՝ իշխանության յուրացում) կազմակերպելու համար»: ԵԽ տարածած մամուլի հաղորդագրության մեջ այս կապակցությամբ մեջբերված են պարոն Համմարբերգի խոսքերը. «Անընդունելի է շարունակել կալանքի տակ պահել կամ դատապարտել (նույնիսկ ազատազրկում չնախատեսող պատժամիջոցների) որեւէ մեկին՝ զուտ նրա քաղաքական համոզմունքների կամ ոչ բռնի գործողությունների համար»։

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը նաեւ նշել է, որ 19 անձանց դեմ հարուցված դատական գործերը հիմնված են եղել բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա: Հիշեցնենք, որ սա հակասում է ԵԽԽՎ 1620 բանաձեւին, որի 4.7.3. կետի համաձայն՝ «Ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես մեկ ոստիկանական ցուցմունքի վրա՝ առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների»:

Հանձնակատարի զեկույցում նաեւ նշվել է, թե մինչ օրս մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ «իրավապահ մարմինների որեւէ ներկայացուցչի մեղադրանք չի առաջադրվել»:

Հուլիսին Երեւան կատարած այցի ընթացքում Համմարբերգին ուղեկցում էր հետաքննության ազգային հաձնաժողովների հարցերով մեծ փորձ ունեցող, միջազգային փորձագետ, շվեդ իրավաբան Յոհան Հիրշֆելդտը: Այժմ զեկույցից պարզվում է, որ այդ փորձագետը պատրաստել է հուշագիր, «որը ներկայացնում է ինչպես հետաքննություն իրականացնող փորձագիտական հանձնաժողովի ձեւավորման ընթացակարգին, այնպես էլ՝ կոմիտեի գործունեության էական կողմին (այն է՝ հետաքննության շրջանակը, մանդատը եւ այլն) առնչվող հիմնական հարցադրումները եւ խնդիրները»: Նա այդ հուշագիրը Հայաստանի կառավարությանն է հանձնել օգոստոսի 21-ին: Իշխանությունն արագ պատասխանել է՝ մշակելով ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծ, որը նախատեսում է փորձագիտական խմբի ձեւավորում՝ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների փաստերի հայտնաբերման նպատակով: «Այնուամենայնիվ, հետագա ջանքեր են հարկավոր համալրելու այդ հրամանագիրը, որը հիմք կծառայի փորձագիտական խմբի աշխատանքի համար,- այս կապակցությամբ նշել է պրն Համմարբերգը:- Բացի այդ, լիակատար ներառող եւ համակողմանի խորհրդատվական գործընթաց է անհրաժեշտ՝ երաշխավորելու խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության ընդհանուր աջակցությունը եւ ներգրավվածությունը»:

Հանձնակատարի գրասենյակը եւ փորձագետը Հայաստանի կառավարության հետ փորձագիտական փաստահավաք խմբին առնչվող խնդիրների վերաբերյալ շարունակական երկխոսության մեջ են: Եվ Թոմաս Համմարբերգն այս կապակցությամբ նշել է. «Շատ կարեւոր է, որ փորձագիտական խմբի զեկույցը, օրինակ, հրապարակվի եւ մատչելի լինի երկրի բնակչությանը»: Այսուհանդերձ՝ նա դրական է գնահատել այս առնչությամբ առկա գործընթացը՝ նշելով, թե անկախ, անկողմնակալ, թափանցիկ ու Հայաստանի բնակչության կողմից արժանահավատ համարվող հետաքննություն վարելու նպատակ ունեցող փորձագիտական խմբի ձեւավորումը կարծես այլեւս իրականանալի խնդիր է. «Հուսով եմ, որ այս հնարավորությունը կընդունվի եւ կշարունակի կառուցողական արձագանքներ ստանալ բոլոր համապատասխան դերակատարներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել