Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԴՐԱՆԻԿԻՆ ՍՊԱՆԵԼՈՎ՝ ՍՊԱՆԵՑԻՆ ԻՆՁ»

Սեպտեմբեր 30,2008 00:00

\"\"Ասում է ընդհատակում հայտնված լրագրող Արթուր Սահակյանը

Երեկ, ժամը 11:30-ի դրությամբ, ոչ ոք Հայաստանի ոստիկանություն չի դիմել լրագրող, ՀՀ հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի ղեկավար Արթուր Սահակյանի անհետացման առնչությամբ: Այդ մասին «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել էին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Լրագրողի մեքենայի հայտնաբերման մասին տեղեկությունները նույնպես ոստիկանությունում չէին հաստատվել:

Երեկ, ժ. 17.26-ին, «Panorama.

am»-ը, հղում կատարելով ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջին, տեղեկացրեց, որ սեպտեմբերի 23-ին, ժ. 23.30-ին, Երեւանի բնակչուհի, 1983թ. ծնված Մ. Մ.-ն Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 20-ին իր ծանոթի՝ Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի ղեկավար Արթուր Սահակյանի հետ գնացել են Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղ՝ ճաշկերույթի, որտեղ Սահակյանն օգտագործել է ոգելից խմիչք: Հետդարձի ճանապարհին Սահակյանն՝ իր «Նիսան Տիդա» ավտոմեքենայով, շեղվել է ճանապարհից եւ, ըստ ոստիկանություն դիմած Մ. Մ.-ի, փորձել է բռնաբարել իրեն:

Հաղորդում տվողը օգնություն է կանչել, եկել են իր ծանոթները (ըստ շրջիկ լուրերի՝ «Ալրաղացի Լյովի» թիկնազորի տղաները): Ա. Սահակյանն, ըստ ոստիկանությունում առկա հաղորդման, դիմել է փախուստի: Ղեկին նստած Անդրանիկ Բաբայանը ենթարկվել է դաժան ծեծի: (Երեկ ժամը, 18-ի սահմաններում, տեղեկացանք, որ նա հիվանդանոցում մահացել է՝ այդպես էլ ուշքի չգալով):

Դեպքից հետո «Օդնոկլասնիկ» սրճարան գնացած Արթուր Սահակյանն ու «Ուրբաթ» ակումբի պատասխանատու Աբել Միքայելյանը հայտնաբերվել եւ նույնպես ծեծվել են «աղջկա կողմից» եկած տղաների կողմից: Սեպտեմբերի 22-ին մեղայականով ոստիկանություն է ներկայացել Արմեն Սարգսյանը եւ հայտնել, որ ինքն է ծեծի ենթարկել վերոհիշյալ անձանց: Հարուցվել է քրեական գործ:

Ուշադրության արժանի է այն, որ հաղորդում տվողը ոստիկանություն է դիմել 3 օր հետո միայն, այն ժամանակ, երբ կարեւորագույն վկան՝ Ա. Բաբայանը, ծեծի էր ենթարկվել եւ անգիտակից վիճակում էր: Ոստիկանությունը, խախտելով անմեղության կանխավարկածը, հրապարակել էր «կասկածյալի» անուն-ազգանունը:

Երեկ «Ռադիոլուրի» պատասխանատու Արթուր Սահակյանն «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Սեպտեմբերի 20-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել վերջին ժամանակների ամենամեծ ոճրագործությունը: Դաժան սպանություն: Ոստիկանությունը մինչեւ հիմա թաքցրել էր, եւ ես բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ ոստիկանությունը մեղսակից է այդ ոճրագործությանը: Ի՞նչ է տեղի ունեցել. սպանել են մի մարդու, որը պատահականորեն այդ ժամին իմ մեքենայում էր: Բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ իրենք ուզեցել են սպանել ինձ: Մեկ շաբաթ շարունակ Անդրանիկ Բաբայանը, որն այսօր մահացել է, գտնվել է անգիտակից վիճակում: Դեպքը տեղի է ունեցել ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության եւ Ռազմական ոստիկանության արանքում: Ինքս «Օդնոկլասնիկ» սրճարանից փախուստի եմ դիմել, հասկանալով, որ եկել են ինձ սպանելու: Դուրս եմ եկել, անմիջապես դիմել ոստիկանությանը, որը կից էր սրճարանին: Որեւէ մեկը չի արձագանքել: Մեկ ժամ տեւած ծեծկռտուքից հետո զենք են պահել մարդկանց վրա (մոտ 70-80 հոգի): Հետո պարզվեց, որ իմ մեքենային երկու կողմից խփել են, ջարդուփշուր արել, իջել են ու միանգամից հարձակվել իմ ընկերոջ՝ Անդրանիկ Բաբայանի վրա ու սպանել երկու երեխաների հորը: Այդ արյունը իմ վրա է մնացել: Իրականում նրանք սպանել են անմեղ մարդու՝ կարծելով ինձ են սպանում: Ոստիկանությունն այնքան ժամանակ է թաքուն պահել հանցագործությունը, մինչ մահացել է Հանրապետական կուսակցության անդամ Անդրանիկ Բաբայանը: Ես տվյալներ ունեմ, որ ոստիկանության որոշ աշխատակիցներ, որոնք ենթարկվում են Ալրաղացի Լյովի բանդայի անմիջական հրամաններին, սկսել են գործ սարքել իմ դեմ: Իմ ամենամեծ մեղքն այն է, որ այդ օրը ես շփվել եմ բանդայի պոռնիկներից մեկի հետ»:

Ոստիկանական կայքէջում տեղադրված բռնաբարության փորձի տեղեկատվության առնչությամբ Ա. Սահակյանն ասաց. «Այդպիսի բան չի եղել: Ես եղել եմ Ապարանում, ինքը (Մ. Մ.-ն) որպես Հանրապետական կուսակցության անդամ եւ նաեւ իմ ծանոթ անձնավորություն՝ ինձ հետ է եղել: Տղամարդուն հարիր բան չէ խփել, առավել եւս՝ բռնաբարել: Երբեք մանիակային հատկություններով չեմ առաջնորդվել: Ես հասկանում եմ իրենց սցենարը: Սցենարը հետեւյալն է. իբր ինչ-որ մեկի ընկերուհին էր, ես ծեծել կամ փորձել եմ բռնաբարել, նրանք էլ եկել են մուռ հանելու: Դա սարքած է: Ցավալին այն է, որ ոստիկանությունը զբաղված է գործ սարքելով, փոխանակ հետաքննի, թե ովքեր եկան-սպանեցին էդ մարդուն, ծեծեցին լրագրող Աբել Միքայելյանին: Ջարդուփշուր են արել եւ գործ չեն հարուցել: Նրանք ուզում են խուլիգանությամբ գործը փակեն-գնա ու չբացահայտեն սպանություն կատարողներին»: Մեր հարցին, թե սրվա՞ծ են եղել հարաբերությունները ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի հետ, Ա. Սահակյանն ասաց. «Ես ընդհանրապես անձնական եւ քաղաքական թշնամիներ չեմ ունեցել: Իմ կարծիքով, բավական մանրամասներ կան, որոնք ինձ թույլ են տալիս մի քանի վարկածների մասին խոսել. նախապես պլանավորված սպանություն եւ այնպիսի հետեւանքներով, որ հասարակական կարծիքը պիտի ուղղեն իմ դեմ, որպեսզի ասեն, որ ծեծել է կամ բռնաբարության փորձ է արել «մեր քվորը», բանդայի մեջ կան նաեւ այդպիսի մարդիկ: Երկրորդ վարկածը՝ իրենք տարել-ջարդուփշուր են արել «իրենց քվորը», ու նա էլ վախի ազդեցության տակ ինչ-որ բաներ է ասել, եւ եկել են մուռը հանելու աֆեկտի տակ: Չեմ պատկերացնում, թե մարդը ինչ անձնական դրդապատճառներ կարող է ունենալ, որ ասի այնպիսի սուտ, որի հետեւանքը մարդկային կյանք արժեցավ: Դա կարող է պարզել հետաքննությունը, եւ ես ամեն ինչով պատրաստ եմ օգնել: «Բռնաբարության փորձ» արտահայտությունը խնդրում եմ մի օգտագործեք, որովհետեւ այդպիսի բան չկա: Նշեմ, որ դատաբժշկական փորձաքննությունը, իմ տվյալներով, այդպիսի դեպք չի արձանագրել: Մենք գործ ունենք նաեւ երկրորդ հանցագործության հետ. թող պարզեն, թե ովքեր են ծեծել այդ աղջկան եւ ինչի համար»: Մեր հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել ճանապարհին, Ա. Սահակյանն ասաց. «Ճանապարհին մեքենայի դեմը կտրել են 770-70 համարներով մեքենաներ, իրենց աղջկան վերցրել-տարել են: Եթե ես ծեծել եւ բռնաբարել էի այդ աղջկան, թող այդ ժամանակ ասեին: Ամեն ինչ սարքված է: Այդ աղջիկը գողացել է նաեւ իմ հեռախոսը, թող այդ էլ պարզեն: Ես դիմելու եմ դատարան՝ իմ պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու համար: Նման բանդիտիզմ ես չեմ տեսել իմ ողջ կյանքում»:

«Առավոտի» հարցին, թե մեքենադ կանգնեցնելու, հեռախոսդ գողանալու կապակցությամբ ինչո՞ւ ինքդ չդիմեցիր ոստիկանություն, Ա. Սահակյանն ասաց. «Ես առաջին օրը դիմեցի եւ հասկացա, որ ոստիկանությունը մասնակից է այդ հանցագործությանը, դրա համար հայտնվեցի ընդհատակում: Հենց նրանք մտան «Օդնոկլասնիկ» սրճարան ու սկսեցին ջարդուփշուր անել, հարցնելով՝ ո՞ւր է Արթուրը, խփելու ենք գլխին, սպանելու ենք, ես անմիջապես հետեւի մուտքով դուրս եկա եւ փորձեցի դիմել ոստիկանություն, որովհետեւ այդ սրճարանի հիմնադիրներից մեկն եմ: Այդ ժամանակ կային մարդիկ, որոնք պարզապես հաճախորդներ էին, եւ անվտանգության խնդիր կար: Դիմեցի քաղաքային վարչությանը, բայց արձագանքեցին 1-1,5 ժամ հետո, երբ ոճրագործ խումբն արդեն հեռացել էր: Մարդուն սպանել են, ուրիշ մեքենայով բերել-գցել են «Օդնոկլասնիկի» նկուղային հարկ: Պատմում են, որ մարդուն դաժան ծեծի են ենթարկել, որքան տեղյակ եմ՝ զենքով են գլխին հարվածել: Իրենց պատկերացմամբ՝ սպանվածը եղել եմ ես, բայց դժբախտ պատահականությամբ, իմ մեքենայի ղեկին այդ պահին եղել է անմեղ մարդ: Հոգեկան բեռը հիմա իմ ուսերին այնքան շատ է, որ Անդրանիկի հարազատներին ընդամենը կասեմ՝ երանի այդ պահին ես լինեի ղեկին ու իրենք այդ վիշտը չտեսնեին»:

Ա. Սահակյանը տեղեկացրեց, որ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, դիվանագիտական ներկայացուցչություններին: Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը որեւէ ծանուցագիր իրեն չի ուղարկել, եւ իրենք հաղորդակցվել են «չերեզներով»: «Ուղարկեք ծանուցագիր, իմանամ՝ որպես ինչ եմ անցնում: Պատրաստ էի գնալ փաստաբանի հետ, նախապես իմանալով, թե ինչի համար եմ գնում այնտեղ: Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ տեխնոլոգիաների են տիրապետում նրանք: Անդրանիկի սպանությունը բացահայտելու փոխարեն՝ ընկած գործ են սարքում ինձ վրա: Կոչ եմ անում նրանց՝ պարկեշտ լինել: Անկեղծորեն հավատում եմ նախագահին, որ հետամուտ կլինի այս գործին: Մինչեւ հիմա ձերբակալվել են 3-ը, կալանավորվել 2-ը, մինչդեռ, իմ կարծիքով, եթե չձերբակալվեն «մսաղացի» Լյովիկը եւ նրա խումբը, հետեւանքը կլինեն նոր հանցագործությունները: Այսօր վտանգված է իմ ընկերների անվտանգությունը, իմ ընտանիքի անվտանգությունը, իմ աշխատակիցների անվտանգությունը»,- ասաց Ա. Սահակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել