Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՐԱԼԱՆՋԻ ՄԱՅՐՈՒՂԻՆ ԲԱՑՎԵՑ

Սեպտեմբեր 30,2008 00:00

\"\"Աբովյան պուրակից Մյասնիկյան պողոտա տանող ճանապարհն այսուհետեւ երթեւեկելի է

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւանի քաղաքապետ Երվարդ Զախարյանի մասնակցությամբ բացվեց Աբովյան պուրակից Մյասնիկյան պողոտա տանող տրանսպորտային ճանապարհը՝ Սարալանջի մայրուղին։ Երեւանի քաղաքապետը հանդիսավոր պայմաններում կտրեց նորակառույց ճանապարհի սկզբնամասի ստորգետնյա անցման կարմիր ժապավենը, այնուհետեւ նույն հանդիսավորությամբ բացվեց ճանապարհին հաջորդող թունելը, որի ժապավենը կտրեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Ճանապարհաշինության այս ծրագիրը, քաղաքային իշխանությունների հավաստմամբ, շահագործման հանձնվեց նախատեսված ժամկետներում՝ 3 տարում։ Իսկ թունելի շինարարությունը տեւել է ընդամենը 6 ամիս։ Ճանապահաշինական այս ծրագրի մտահղացումը 3 տարի առաջ ընթացք է ստացել հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկությամբ եւ անմիջական նախաձեռնությամբ։ Սակայն, Ե. Զախարյանի խոսքերով, շահագործման է հանձնվում ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։

Տրանսպորտային ճանապարհաշինարարությունն իրականացվել է հայ մեծանուն բարերար Քըրք Քըրքորյանի ստեղծած «Լինսի» հիմնադրամի միջոցներով՝ մոտ 6 մլրդ դրամի չափով։ Բացման արարողության ժամանակ նշվեց, որ այս ծրագրի իրականացման համար պետբյուջեից էլ են միջոցներ հատկացվել՝ 1,3 միլիարդ դրամ։ Նոր մայրուղին առանց լուսացուցային կարգավորվող խաչմերուկների՝ իրար է կապում Կենտրոն եւ Արաբկիր համայնքները՝ հասնելով մինչեւ Դավիթաշենի կամուրջ։ Սարալանջի մայրուղու շահագործմամբ՝ մայրաքաղաքի երթեւեկությունը զգալի կթեթեւանա, այն առաջին արագընթաց ճանապարհն է, որ այլընտրանք է հանդիսանում գերծանրաբեռնված Բաղրամյան պողոտային, Խանջյան, Աբովյան եւ այլ փողոցներին։ Երեւանում հյուսիսից հարավ եւ հակառակ ուղղություններով գնացող տրանսպորտն այլեւս չի անցնի մայրաքաղաքի կենտրոնով, այլ կանցնի այս ճանապարհով:

Սարալանջի մայրուղու բացման արարողության ժամանակ Երվանդ Զախարյանն իր ելույթում ասաց. «Վստահորեն ձեզ են հանձնվում ժամանակակից, որակյալ, հարյուրամյակների համար նախատեսված ճանապարհաշինական կառույցներ, որտեղ ուշադրության են առնվել բոլոր անհրաժեշտությունները, զուգահեռ հաղորդուղիները, քաղաքային ենթակառուցվածքները՝ երկարաժամկետ կառույցի բոլոր օրինաչափություններով։ Այսօր իրականացվում են դեռ խորհրդային ժամանակներում կազմված այնպիսի ծրագրեր, որոնցից շատերը տասնամյակներ հետ էին մնացել եւ հաշվարկված էին հզոր պետության, կենսունակ տնտեսություն ունեցող երկրի համար։ Արձանագրվող բոլոր տվյալները վկայում են, որ այս տարին լինելու է Երեւանի կառուցման ամենաարդյունավետ տարին։ Շնորհավորում եմ բոլորիս՝ քաղաքաշինական կարեւոր եւ համարձակ հերթական ծրագրերի հաջող իրագործման կապակցությամբ։ Բարի երթ նոր մայրուղով»։ Պարոն Զախարյանը նշեց, որ մայրուղու հետ միասին շահագործման է հանձնվում նրա մուտքն ապահովող եւ Աբովյան պուրակը Մյասնիկյան պողոտային կապող տրանսպորտային երկմակարդակ անցուղին. «Այստեղ 6 մետր լայնության տրանսպորտային թունելն ապահովում է միակողմանի անխափան երթեւեկություն։ Տրանսպորտային անցման ընդհանուր երկարությունը 220մ է, որից բուն թունելային հատվածը՝ 44մ։ Չնայած մենք սովորել ենք օբյեկտների արագ գործարկմանը, նման ծավալի աշխատանքների համար դա աննախադեպ կարճ ժամանակ է»։

Քաղաքապետարանի ճանապահաշինություն ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանը շնորհակալություն հայտնեց այն շինարարական կազմակերպություններին, որոնք շատ կարճ ժամկետներում այս աշխատանքները կատարեցին։ Նա բոլորին մաղթեց անվտանգ երթեւեկություն։

Սարալանջի մայրուղու շինարարական աշխատանքներին մասնակցել է ճանապարհաշինարար Գեւորգ Մանուկյանը։ Նրա խոսքերով՝ ինքն այս աշխատանքին է անցել անցած տարվանից, ամեն օր աշխատանքի է գնացել առավոտյան ժամը 10-ից մինչեւ երեկոյան 18-ը։ Այն հարցին, թե ինքը որպես շինարար այս ճանապարհը անվտանգ համարո՞ւմ է, Գ. Մանուկյանը պատասխանեց. «Եթե ամրությունը նկատի ունեք, ապա ասեմ, որ այն անվտանգ է։ Մնացածը կախված է վարորդներից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել