Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը դեռ չի վերադառնա

Սեպտեմբեր 30,2008 00:00

Սերժ Սարգսյանն էլ, վստահ լինելով, որ առաջիկա տարիներին ինքն է նախագահելու, շինարարական նոր ծրագրեր է կազմում:

«ԱՄՆ-ում իմ ամենաջերմ ու հուզիչ հանդիպումը հայկական համայնքի հետ էր։ Հուզիչ էր հայկական դպրոցի սաների հետ հանդիպումը, նրանք եկել էին Սուրբ Վարդան եկեղեցի։ Ես նրանց ասացի, որ մենք պետք է հանդուրժողական եւ մրցունակ լինենք, եւ որ մեր ուժը մեր բազմազանության մեջ է։ Հայաստանում այլ են պատկերացումները Սփյուռքի մասին, բայց տեղում հզորությունն իրոք զգացվում է։ Ես ուղղակի հպարտ եմ, որ մեր հայրենակիցներն իրենցից ուժ եւ հզորություն էին ներկայացնում աշխարհի ամենահզոր երկրում»,- երեկ Սարալանջի մայրուղու բացումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, այսպես ներկայացրեց ԱՄՆ-ի մեր հայրենակիցների հետ հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր՝ ԱՄՆ կատարած այցը, պարոն Սարգսյանը պատասխանեց, որ նորմալ էր, երկուսուկես օրվա համար այն բավականին հագեցած ծրագիր ուներ։ Հարցին, թե՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպումը սպասված արդյունքը տվե՞ց, թե՝ ոչ, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Առանձնապես մեծ չէին սպասումները։ Այնտեղ մի քանի հանդիպումներ եղան, բայց որեւէ կոնկրետ արդյունք չեղավ, դրանք մեկ ամբողջի մի մասն էին, վստահ եմ, որ արդյունքները կերեւան հետագայում»։ Նա նաեւ շնորհակալություն հայտնեց «Լինսի» հիմնադրամին՝ Սարալանջի մայրուղու նախագծի ֆինանսավորման համար. «Շնորհակալություն եմ հայտնում նաեւ Քըրք Քըրքորյանին, հույս ունեմ, որ շարունակելու ենք իրականացնել նոր ծրագրեր։ Սա հայկական հզորության մի մասն է, եւ այդ մասը Հայաստանում պետք է գործի: Ճանապարհաշինության սկզբնական փուլում դժգոհություններ են լինում, սակայն վստահ եմ, որ ավարտից հետո բոլորը շատ գոհ են: Պետք է թեթեւացնել Երեւանի ծանրաբեռնված փողոցները»։

Լրագրողների հարցերին պատասխանեց նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այն հարցին, թե չի՞ պատրաստվում վերադառնալ մեծ քաղաքականություն, նա պատասխանեց. «Դա հասարակության բամբասանքի հիմնական թեման է: Դեռ չեմ ձանձրացել այն ազատությունից, որը վերջապես ստացել եմ, նույնիսկ ասեմ, որ վերջին 6 ամսվա ընթացքում 2-րդ անգամ այսօր եմ փողկապ կապում: Հանրային աշխատանքն առաջին հերթին ոչ թե մեծարանքն ու բարձր պաշտոնն է, այլ հանապազօրյա անդադար աշխատանքը: Եթե ես ցանկանամ մեծ քաղաքականություն վերադառնալ, ապա այդ մասին ես անձամբ կասեմ: Հասկանում եմ մարդկանց նյարդայնությունը. տպավորություն է ստեղծվում, որ անընդհատ խփում եմ նրանց ձեռքերին»: Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ներքին քաղաքական վիճակը շտկելու համար պետք է ազատվել Ռ. Քոչարյանի թողած ժառանգությունից, նախկին նախագահը համեստորեն ասաց. «Իմ ժառանգությունից հնարավոր չէ ազատվել, որովհետեւ դա առաջին հերթին կայացած Հայաստանի Հանրապետությունն է, դա բարեկարգված Երեւանն է, վերականգնված Գյումրին է, Հյուսիսային պողոտան, այն ճանապարհը, որի վրա մենք կանգնած ենք (Սարալանջի մայրուղին), քաղծառայության համակարգը, որը մեծամասամբ արհեստավարժ ձեւով կատարում է իր պարտականությունները: Այդ ամենից ինչպե՞ս ձերբազատվել՝ ես չգիտեմ, ազատվելու համար պետք է բոլորը քանդել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել