Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ ՀԱՂԹԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Սեպտեմբեր 30,2008 00:00

\"\"Կենտրոն համայնքի թաղապետի պաշտոնում արդեն երրորդ անգամ ընտրվեց գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանը

Սեպտեմբերի 28-ին Երեւանի Կենտրոն համայնքում տեղի ունեցան թաղապետի ընտրություններ, որոնք, ինչպես եւ ակնկալվում էր, անցան թեժ մթնոլորտում: Այս համայնքում ծավալված մրցակցությունն ավելին էր նշանակում, քան զուտ թաղապետի ընտրություններն էին՝ այն վերածվել էր քաղաքական լոկալ պայքարի: Հիշեցնենք, որ Կենտրոնում թաղապետի երկու թեկնածուներ կային՝ գործող թաղապետ եւ ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Բեգլարյանը եւ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության անդամ ու նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը: Այս ընտրություններն էլ ուղեկցվեցին բազմաթիվ օրինախախտումներով, որոնց մասին օրվա ընթացքում ահազանգում էին երկու թեկնածուներն էլ: Մասնավորապես, Գ. Բեգլարյանը, որպես «Ընտրական օրենսգրքի» կոպիտ խախտում, մատնանշեց սեպտեմբերի 27-ին ընդդիմադիր երկու թերթերում օրենքով արգելված ժամանակահատվածում թեկնածու Ա. Զուրաբյանի օգտին քարոզչական նյութերի հրապարակման փաստը: Նաեւ ասաց, թե մրցակից թեկնածուի վստահված անձինք եւ համակիրները տարբեր տեղամասերում փորձում են սադրանքներ, բախումներ հրահրել, ինչից իրենք ձեռնպահ են մնում: Օրինակ բերեց Ջ. Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում Ա. Զուրաբյանի կողմնակիցների կողմից իր վստահված անձանց վեճի մեջ ներքաշելու մի փորձ: Մրցակից թեկնածուի համակիրների կողմից այլ ընտրախախտումների մասին պարոն Բեգլարյանը ոչինչ չասաց, թեեւ հայտնի է, որ հենց Գ. Բեգլարյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչներն են 12 դիմում-բողոք ներկայացրել թիվ 10 ԸԸՀ-ին՝ 54 ընտրատեղամասերից 12-ում ձայների վերահաշվարկ անելու պահանջով: Գործող թաղապետն ու նրա կողմնակիցները տեղի ունեցած ընտրությունները՝ նորմալ եւ արդյունքները գոհացուցիչ են համարում, բայց Ա. Զուրաբյանի նախընտրական շտաբն առավոտից ահազանգում էր ընտրախախտումների՝ իրենց թեկնածուի վստահված անձանց նկատմամբ հոգեբանական ճնշումների եւ ֆիզիկական բռնության, նրանց ուժով կամ ոստիկանության աջակցությամբ տեղամասից դուրս բերելու, բաց քվեարկության ու լցոնումների, ընտրակաշառք բաժանելու բազմաթիվ եւ շատ կոնկրետ դեպքերի, այլ օրինախախտումների մասին: Ա. Զուրաբյանի շտաբում արձանագրված օրինախախտումները՝ կոնկրետ տեղամասերում եւ գործող անձանց անուններով, ավելի քան 10 էջ էին կազմում:

Ինչպես եւ սպասվում էր, իրավիճակը ողջ օրվա ընթացքում ամենալարվածն էր գործող թաղապետի «թաղը» համարվող «Մետաքսի» թաղամասում, նաեւ՝ Նորագյուղում եւ Կիլիկիայում, որտեղ ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթանակ էր տարել: Իշխանություններն այս ընտրություններում ընդդիմության ներկայացուցչին նորից հաղթելու շանս չպիտի տային: Ժամը 15:30-ի սահմաններում մի խումբ զինված անձինք ներխուժել են Նորագյուղ թաղամասում գտնվող թիվ 10/53 եւ 10/54 ընտրատեղամասեր, վերցրել են քվեատուփը, այն տեղափոխել են տեղամասի մեկ այլ հատված, հարձակման են ենթարկել թեկնածու Ա. Զուրաբյանի, նաեւ ավագանու թեկնածուներից մեկի վստահված անձանց եւ ընտրական հանձնաժողովի «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներին, որոնց դուրս են հանել տեղամասից եւ այլեւս թույլ չեն տվել մուտք գործել: Ապա սույն երիտասարդները վերցրել են քվեաթերթիկների մի խուրձ եւ, ցուցադրաբար նշում կատարելով Գ. Բեգլարյանի անվան դիմաց, գցել են քվեատուփի մեջ: Նույն թաղամասերում մի քանի տասնյակ զինված երիտասարդներ՝ թանկարժեք արտասահմանյան մեքենաներով, շրջել են տարածքներում՝ մարդկանց «հորդորելով» ընտրել Գ. Բեգլարյանին: Դրանց թվում եղել են նաեւ հետեւյալ համարանիշներով մեքենաները՝ 600 ss 06 պետհամարանիշով սեւ «Range Rover», 60 666 սեւ «Mersedes Brabus» (այդ երկուսը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին), 53 SS 555 պետհամարանիշով «7-րդ դասի BMW», 50 555, 04 040, 09 990, 70 111 համարանիշներով մեքենաներ: ԿԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ինքը ստացած ահազանգի հետքերով եղել է Կիլիկիայի թիվ 10/52 ընտրատեղամասում եւ տեսել է, թե ինչպես են տեղամաս ներխուժած շուրջ 50 երիտասարդներ իրեն եւ Ա. Զուրաբյանի վստահված անձանց մեկուսացնելուց եւ քվեատուփը շրջապատելուց հետո ավելի քան 100 քվեաթերթիկ լցոնել: Հ. Խուրշուդյանն իր բջջային հեռախոսով հասցրել է լուսանկարել տրցակով քվեաթերթիկների լցոնման փաստը: Ըստ ընտրությունների արդյունքների՝ 10/52-ում ընտրություններին մասնակցել է 790 ընտրող, որոնցից 656-ը քվեարկել է Գ. Բեգլարյանի օգտին:

Ժամը 10:55-ին բաց քվեարկություն է կատարվել նաեւ Ծխախոտագործների 1 հասցեում («Մետաքս») գտնվող թիվ 10/32 ընտրական տեղամասում: Բաց քվեարկությունը դադարեցնել պահանջող վստահված անձանց ոստիկանները դուրս են հանել տեղամասից: Ժամը 10:30-ին թիվ 10/33-ում գործող թաղապետի թիմակիցները «Գազել» միկրոավտոբուսներով ընտրողներին բերել են քվեարկության, վստահված անձանց արգելել են մոտենալ ընտրացուցակներին եւ հանձնաժողովի անդամների թողտվությամբ ընտրողների հետ մոտեցել են քվեախցիկին՝ ստուգելու համար, որ նրանք ընտրել են հենց Բեգլարյանին: Այս տեղամասից ժ. 11:25-ին դուրս է հանվել թեկնածու Ա. Զուրաբյանի վստահված անձ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Մեսրոպյանը: Նույն տեղամասի հանձնաժողովի նախագահը ժամը 11:50-ին բացել է քվեարկված քվեաթերթիկները եւ Ա. Զուրաբյանի օգտին քվեարկվածների վրա նշումներ անելով՝ դրանք դարձրել է անվավեր: «Մետաքսում» գտնվող թիվ 33 դպրոցում տեղակայված թիվ 10/29 ԸԸՀ նախագահ Միշա Սանթրյանի կարգադրությամբ Ա. Զուրաբյանի վստահված անձինք մեկուսացվել են, երբ Գ. Բեգլարյանի համակիրները տեղամաս են բերել ոչ Կենտրոնի բնակիչների, որոնք հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ քվեաթերթիկներ ստանալուց հետո քվեարկել են: Այստեղ Ա. Զուրաբյանը ստացել է 69, Գ. Բեգլարյանը՝ 786 քվե: 10:45-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված թիվ 10/23 ԸԸՏ-ում: Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կոստանյանը պահանջել է կատարել բաց քվեարկություն, ինչը եւ կատարվել է: Թեկնածու Ա. Զուրաբյանի վստահված անձը պահանջել է դադարեցնել դա, ի պատասխան՝ Ս. Կոստանյանը կանչել է տեղամասի մոտ հավաքված մի խումբ տղաների, որոնք քաշքշել եւ հարվածել են Զուրաբյանի վստահված անձին: Նույն տեղամասում ժ. 16-ի սահմաններում Գ. Բեգլարյանի կողմնակից մի խումբ երիտասարդներ հարձակման են ենթարկել Զուրաբյանի վստահված անձանց՝ նրանց ծեծելով հանել տեղամասից:

Ընտրությունների ավարտից մոտ մեկուկես ժամ առաջ ընտրական տեղամասեր են սկսել այցելել նաեւ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ: 18:30-ի սահմաններում նույն թիվ 20 դպրոցում Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի եւ հատուկ ջոկատայինների ներկայությամբ Գ. Բեգլարյանի թիմակիցները ծեծի են ենթարկել Ա. Զուրաբյանի վստահված անձանց եւ տեղամասում գտնվող դիտորդներին: Դրանից հետո նույն անձինք, կրկին Ն. Նազարյանի եւ հատուկ ջոկատայինների ներկայությամբ, Բեգլարյանի օգտին քվեարկված քվեաթերթիկների խուրձ են լցրել քվեատուփ:

Այսպիսով ընտրությունների արդյունքները, Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ամփոփվելուց հետո, այսպիսին են՝ գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանը իր մրցակցին հաղթել է ձայների մեծ առավելությամբ: Նրա օգտին քվեարկել է 22369 ընտրող, մինչդեռ Արարատ Զուրաբյանը ստացել է 8085 քվե: Կենտրոն համայնքում 89612 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 31691-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել