«Ժառանգության» այլընտրանքային թեկնածու Լարիսա Ալավերդյանը ստացավ 5 ձայն
Խորհրդարանի պատմության մեջ երեկվանից սկսվեց մի նոր՝ Հովիկ Աբրահամյանի ժամանակաշրջանը: Պատգամավորների գործարար մասը բավականին ակտիվ էր եւ ոգեւորված: Իշխանական մեծամասնությունը հավուր պատշաճի էր նախապատրաստվել շեֆի ընտրությանը՝ խորհրդարան էր ժամանել պատգամավորների ողջ «բիզնես կլասը»՝ գործարար պատգամավորները, որոնցից շատերին թվում էր, թե գալու են ընտրեն եւ գնան իրենց գործին, սակայն թեկնածուների առաջադրումը եւ քննարկումները ձգվեցին գրեթե ամբողջ օրը, եւ պատգամավորներից շատերի համար ուղղակի անսովոր էր, որ ստիպված էին այդքան երկար մնալ Ազգային ժողովի շենքում, բայց եւ հեռանալ չէին կարող՝ հասկանում էին, որ սա սովորական ընտրություն չէ, պետք է մնան մինչեւ վերջ: Մինչ կսկսվեր ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկումը, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը լքեց դահլիճը եւ ապա՝ խորհրդարանի շենքը:
Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջարկեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը, իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն առաջարկեց Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը:
Հովիկ Աբրահամյանը՝ որպես ԱԺ նախագահի թեկնածու, իր խոսքից առաջ կարդաց ԱԺ պատգամավորի երդումը, քանի որ այդ բանը չէր արել ընտրվելուց ի վեր: «Երկրի նախագահին, քաղաքական կոալիցիայի մաս կազմող կուսակցություններին» երախտագիտություն հայտնեց «այս պատվաբեր եւ պատասխանատու պաշտոնում» իր թեկնածությունն առաջադրելու համար, ասաց, որ իր համար ԱԺ-ն «հոգեհարազատ կառույց է», խոստացավ, որ ընտրվելու դեպքում կապահովի «խորհրդարանի բնականոն եւ արդյունավետ գործունեության համար խիստ անհրաժեշտ փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության եւ գործընկերության մթնոլորտը»: Հովիկ Աբրահամյանի պատկերացմամբ՝ «խորհրդարանի նախագահը նախ եւ առաջ գործընկեր է եւ ոչ թե՝ ղեկավար»: Հայտարարեց, որ դահլիճում գտնվողները գիտեն իր ունակությունները, իր թույլ եւ ուժեղ կողմերը: Որպես թույլ կողմ նշեց այն, որ ինքը մինչ այժմ չի եղել հրապարակային գործիչ, եւ այդ պատճառով իր մասին տարբեր բաներ են շրջանառվում, խոստացավ, որ «հետեւողական եւ սկզբունքային է լինելու երկրի համար կենսական նշանակության հարցերում եւ ազնիվ՝ մարդկային հարաբերություններում»:
Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ ինքը կարող է լինել ավելի սկզբունքային այն հարցերում, որոնք վերաբերում են պետականաշինությանը, նաեւ, որ ինքը Մարդու իրավունքների առաջին պաշտպանը լինելուց զատ, հայտնի է «որպես պետականությանը նվիրված եւ պետականության ջատագով անձ»:
Վիկտոր Դալլաքյանը, խոսք վերցնելով, թեկնածուներին չբնութագրեց, այլ անդրադարձավ խորհրդարանի պատմությանը, անգամ՝ խորհրդարանի շենքի պատմությանը եւ չարագուշակ բաներ ասաց այն մասին, որ այդ տեղում եղել է Կոզեռնի գերեզմանատունը, եւ որ ո՛չ Կենտկոմի որեւէ քարտուղար եւ ո՛չ էլ խորհրդարանի որեւէ նախագահ չի պաշտոնավարել օրենքով սահմանված ողջ ժամանակահատվածում: Ավելի ուշ՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը փորձեց մեղմել ասվածի տպավորությունը եւ հայտարարեց, որ այն տեղում, որտեղ հիմա ԱԺ-ի շենքն է, նախատեսված էր կառուցել համալսարան, սակայն այդ նախագծի հեղինակին 37 թվականին աքսորեցին: Վիկտոր Դալլաքյանն արդեն հայտարարել էր, որ «Չարի եւ բարու պայքարն այս դահլիճում առայժմ չի հանգուցալուծվել»: Ի դեպ, վերջինիս պատմական էքսկուրսի այն հատվածը, որն առնչվում էր «Օրինաց երկիր» կուսակցությանը եւ ԱԺ նախագահի պաշտոնից Արթուր Բաղդասարյանի հրաժարականին, դուր չեկավ ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանին: Նա նախ ասաց. «Հույս եմ հայտնում, որ մենք գերեզմանոցում չենք ապրում, եւ ցանկալի չէ նման ձեւով խոսել այն շենքի մասին, որտեղ մենք բոլորս աշխատում ենք», հետո հավելեց. «Ուզում եմ ասել, որեւէ մեկը՝ գործադիր լինի, օրենսդիր լինի, պաշտոնյա լինի, այդքան ուժ ու հնարավորություն չունի եւ չէր կարող ունենալ ՕԵԿ-ը «պայթեցնելու» համար»:
Վիկտոր Դալլաքյանն առաջինն էր, ով շնորհակալություն հայտնեց Տիգրան Թորոսյանին՝ համատեղ աշխատանքի համար, դրանից հետո բոլորը սկսեցին շնորհակալությունների շարքը: Նաեւ՝ Հովիկ Աբրահամյանին համարեց «կայացած չինովնիկ, որովհետեւ նա հիմնականում աշխատել է գործադիր իշխանությունում: Ընդ որում, ե՛ւ պարոն Թորոսյանի, ե՛ւ Հովիկ Աբրահամյանի հետ կապված՝ ես չեմ առաջնորդվում հրեշտակների կանխավարկածով»: Լարիսա Ալավերդյանին գովերգեցին իր խմբակցության պատգամավորները, իսկ Հովիկ Աբրահամյանին՝ ՀՀԿ-ից Վարդան Այվազյանը, Գալուստ Սահակյանը, Մկրտիչ Մինասյանը: ԲՀԿ-ից խոսեց Գագիկ Ծառուկյանը, ով նախ խնդրեց «բայղուշություն» չանել (նկատի ուներ Վ. Դալլաքյանի որոշ զուգահեռները) եւ ասաց, թե Հովիկ Աբրահամյանն իր ընկերն է, եւ իրենք բոլորն ընտրվել են ժողովրդի կողմից եւ պետք է ամեն ինչ անեն՝ ժողովրդի բարգավաճման համար: ՀՅԴ-ից խոսեցին Հրայր Կարապետյանը եւ Վահան Հովհաննիսյանը: Ի դեպ, վերջինս մի շարք խնդիրներ ներկայացրեց, որոնք, իր կարծիքով, ԱԺ նոր նախագահը պետք է փորձի «արմատախիլ» անել խորհրդարանի աշխատանքներից: