Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ

Սեպտեմբեր 27,2008 00:00

«Առանց բազմակարծություն ու բազմազանություն ապահովելու՝ թվային համակարգի անցնելը վաղաժամ է»,- թվային համակարգի անցնելու պատճառով անալոգային հեռարձակման լիցենզիաների տրամադրումը սահմանափակելու խնդրի վերաբերյալ այսպիսի եզրակացության են հանգել եվրոպացի փորձագետները: Ինչպես տեղեկացնում է panorama.am-ը, ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ ԵԱՀԿ-ի անկախ փորձագետ Քետրին Նայման-Մետկալֆը, դիտարկելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքով լիցենզավորման սահմանափակում մտցնելու խնդիրը, հանգել է եզրակացության, որ դա եվրոպական երկրներում կիրառվող պրակտիկա է: Միաժամանակ փորձագետը ուշադրություն է հրավիրել երկու հանգամանքի վրա: «Դրանցից առաջինը վերաբերում է Հայաստանում օրենքն ընդունելու եղանակին: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, ընդունվել է առաջին, երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ՀՀ ԱԺ-ի՝ սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած արտակարգ նիստում՝ առանց հանրային քննարկումների եւ խորհրդակցությունների: Դա արժանացել է տեղական ԶԼՄ-ների եւ հ/կ-ների խիստ քննադատությանը: Նրանք կարծում են, որ նոր լիցենզիաներ տրամադրելու մորատորիումը հատկապես նպատակ ունի կանխելու նոր անկախ հեռարձակողների լիցենզավորումը»,- նշում է եվրոպացի փորձագետն ու հիշեցնում, որ ԵԽԽՎ 1620 բանաձեւը ՀՀ-ին կոչ է անում ապահովել «լիցենզավորման հրապարակային, արդար եւ թափանցիկ ընթացակարգ», հատկապես Մարդու իրավունքների ԵԴ-ի՝ «Ա1+»-ի գործով որոշման ֆոնի վրա:

Ապա Նայման-Մետկալֆն ընդգծում է. «Մորատորիումը օգտակար է, որովհետեւ զուգահեռաբար անալոգային եւ թվային հեռարձակում ունենալը շատ թանկ է»: Սակայն եզրակացության մեջ փաստում է, թե «քանի որ որոշ ժամանակ նոր լիցենզիաներ չեն տրվելու, ապա շատ կարեւոր է, որ թվային համակարգ ներմուծելու պահին գոյություն ունենա բազմակարծիք համակարգ», ինչն ըստ նրա, ՀՀ-ում չկա: Փորձագետը հղում է անում ԵԽ Նախարարների կոմիտեի Rec(2003)9 հանձնարարականին եւ հիշեցնում. «Հանձնարարականը կողմ է արտահայտվում արագ անցմանը դեպի թվային հեռարձակման համակարգ, սակայն նշում է, որ դա պետք է արվի՝ հաշվի առնելով հանրության եւ բոլոր տեսակի հեռարձակողների շահերը: Դրա համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան իրավական դաշտ, ինչպես նաեւ բարենպաստ տեխնիկական եւ տնտեսական պայմաններ: Նույնիսկ եթե մորատորիումն անխուսափելի է, այն չպետք է կիրառվի բազմազանության աստիճանը նվազեցնելու հաշվին»:

Հիշեցնենք, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը ԱԺ-ն ընդունեց այս տարվա սեպտեմբերի 19-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում: Փոփոխության համաձայն՝ որոշվեց մինչեւ 2010 թ. հուլիսի 20-ը հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթներ չանցկացնել: Մի շարք քաղաքական գործիչներ եւ հ/կ-ներ կարծիք հայտնեցին, որ այս որոշումն հատուկ արվել է «Ա1+» հեռուստաընկերության դեմ եթերն օրենսդրորեն փակելու նպատակով, իսկ կառավարությունը լիցենզիաների տրամադրման սահմանափակումների կիրառումը հիմնավորում է թվային համակարգի անցնելու անհրաժեշտությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել