Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Սեպտեմբեր 27,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ երրորդ

 ԵՄԻՇ ԳԼՈՒԽՆԵՐ

Եվ ես Վահրամին ասացի՝ «իմ տեսակետն էն ա, որ ամեն անգամ անտեղի կռիվ ես սարքում», եւ Վահրամն ասաց՝ «ըտենց էլ զգում էի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ էիր զգում», եւ Վահրամը պատասխանեց ու ասաց՝ «հոգովսրտով էդ տականքների կողմն ես», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ տականք են», եւ Վահրամն ասաց՝ «օր տականք չեղնեին, համերգը չէին հարամի», եւ ես ասացի՝ «ինչքան իրանք հարամեցին, էնքան էլ՝ դու», եւ Վահրամը զզվանքով ինձ նայեց ու ասաց՝ «մերսի», եւ ես հարցրի՝ «ինչի՞ համար», եւ Վահրամը պատասխանեց ու ասաց՝ «անկեղծությանդ համար», եւ ես ասացի՝ «մի վախտ էլ էդ խանգարողներին կագեբեշնիկ էիր հանում», եւ Վահրամն ասաց՝ «էդ մի վախտ էր. հիմի լրիվ ուրիշ ձեւի կմտածեմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ձեւի ես մտածում», եւ Վահրամն ինձ հարցրեց՝ «դրանց գլխներու ձեւին աշեցի՞ր», եւ ես ասացի՝ «չէ», եւ Վահրամն ասաց՝ «ըդոր համար էլ չես զգացել», եւ ես հարցրի՝ «ի՞նչը չեմ զգացել», եւ Վահրամն ասաց՝ «ավելի ճիշտ՝ չես հասկցել», եւ ես հարցրի՝ «ի՞նչը չեմ հասկացել», եւ Վահրամը ներողամտորեն ժպտաց ու ասաց՝ «չես հասկացել, որ ըդոնք սաղ թուրքի լամուկ են», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞վ ա թուրքի լամուկ», եւ Վահրամը պատասխանեց ու ասաց՝ «էդ աղջկերքի հետի լակոտները», եւ ես ավելի զարմացա ու հարցրի՝ «իրանց ճանաչո՞ւմ ես», եւ Վահրամը ժպտաց ու ասաց՝ «ես ըդոնց սաղին գլխներու ձեւից կճանչնամ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ըդոնց սաղի գլխները եմիշի ձեւի են», եւ քանի որ Վահրամն ավելի ու ավելի էր փրփրում ու անկեղծանում՝ մանրից անցնում էր Գյումրվա բարբառին, եւ ավելի անկեղծանալով՝ Վահրամը շարունակեց ու ասաց՝ «վերջերս եմ հասկցել, օր մեջներս ահագին թուրք օքմին կա. ինչքան չէղնի՝ հարուրավոր տարի իրար մեջ ենք ապրել. բնական է, օր որոշ չափով խառնված կէղնինք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի», եւ Վահրամն ասաց՝ «ոչ թե երեւի, այլ՝ հաստատ», եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես մի նայելեն էդ լամուկներին տարբերեմ գը», եւ ես հեգնանքով հարցրի՝ «ո՞նց ես տարբերում», եւ Վահրամը պատասխանեց ու ասաց՝ «նշաններից», եւ ես հարցրի՝ «ի՞նչ նշաններ», եւ Վահրամն ասաց՝ «նախ եւ առաջ՝ ըդոնց գլխներու ձեւից» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեր՝ արիացիներիս գլխները սավսեմ տարբերվեն գը», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ են տարբերվում», եւ Վահրամը պատասխանեց ու ասաց՝ «ոչ արիացիներինն ու մանավանդ թուրքերի քյալլեքը մերինից տափակ ու երկարավուն են՝ իսկը եմիշ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «բայց տարբեր տեսակի եմիշներ կան», եւ Վահրամն ասաց՝ «ես էդ սաղ տեսակներն էլ մեկից մեկ տարբերեմ գը», եւ ես հարցրի՝ «ուրիշ ի՞նչ նշաններ կան», եւ Վահրամը միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «Մոցարտի համերգները խանգարելը», եւ ես ասացի՝ «չհասկացա», եւ Վահրամն ասաց՝ «չհասկանալու ի՞նչ կա. էդ երաժշտությունը մենակ թուրքը կրնա խանգարի», եւ ես հարցրի՝ «ուզում ես ասես՝ էդ տղերքը թո՞ւրք էին», եւ Վահրամն ասաց ու կրկնեց՝ «մենակ թուրքը կրնա էդ երաժշտությունը խանգարի», եւ ես ասացի՝ «որ էկել էին, նշանակում ա՝ իրանք էլ են էդ երաժշտությունը սիրում», եւ Վահրամն ասաց՝ «կրնա պատահի՝ իրանց հետի էդ աղջկերքի խաթեր էին էկել» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «կրնա պատահի՝ իրանք հատուկ նպատակով համերգ կէրթան», եւ ես հարցրի՝ «ի՞նչ հատուկ նպատակ», եւ Վահրամը պատասխանեց ու ասաց՝ «համերգները խանգարելու նպատակով», եւ ես քմծիծաղով հարցրի՝ «կարող ա՞ թուրքական շպիոն են», եւ Վահրամն ասաց՝ «ես ըդպեսնա բան չասեցի», եւ ես ասացի՝ «բայց ասածներիցդ էդ ա ստացվում», եւ Վահրամն ասաց՝ «շատ հնարավոր ա՝ իրանք էլ չիմանան իրանց թուրք ըլնելու մասին», եւ ես ծիծաղելով ասացի՝ «արդեն վրեքը հաստատում ես», եւ Վահրամն ասաց՝ «իրանք են հաստատում», եւ ես հարցրի՝ «ո՞նց են հաստատում», եւ Վահրամը պատասխանեց ու ասաց՝ «իրանց էդ վարքագծով», եւ ես հարցրի՝ «ի՞նչ վարքագիծ», եւ Վահրամը պատասխանեց ու ասաց՝ «համերգները խանգարեն գը», եւ ես հարցրի՝ «ո՞ր համերգները», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «հատկապես Մոցարտի» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «թուրքը չի՛ կրնա Մոցարտ լսի. օր կարենա Մոցարտ լսի՝ էլ ի՞նչ թուրք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կրնա պատահի՝ իրանք անկախ իրանցից էդ բանը կէնեն ու վաբշե խաբարություն չունեն», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց խաբարություն չունեն», եւ Վահրամը պատասխանեց ու ասաց՝ «իրանց քյալլեքի գանգաբանությունից ու իրանց գենետիկայից», եւ ես ծիծաղելով ասացի՝ «իզուր էլ նկարիչ ես դառել», եւ Վահրամը զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ դառնայի», եւ ես ասացի՝ «ազգային ու քաղաքական գործիչ», եւ Վահրամը միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «մարդ կրնա համ նկարիչ էղնի, համ էլ՝ ազգային ու քաղաքական գործիչ. մեկը մյուսին չի խանգարի, ընդհակառակը, կօգնի», եւ ես ժպտալով հարցրի՝ «հիմի դու համ էլ ազգային գործիչ ե՞ս», եւ Վահրամն ասաց՝ «ըտենց կստացվի» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «ես առաջին հերթին ազգային գործիչ եմ, հետո նոր՝ նկարիչ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «իզուր էլ դեպուտատ չես դառնում», եւ Վահրամը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ պիտի դեպուտատ դառնամ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ազգի հարցերով կզբաղվեիր», եւ Վահրամն ասաց՝ «առանց դեպուտատ ըլնելու էլ զբաղվեմ գը. ո՞վ է ձեռս բռնել», եւ ես ասացի՝ «որ դեպուտատ ըլնեիր, համ էլ աշխատավարձ կստանայիր», եւ Վահրամն ասաց՝ «էդ աշխատավարձով ազգայինների էրեսից ենք էս օրն ընկել», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, աշխատավարձից հրաժարվում ես», եւ Վահրամը կասկածանքով ինձ նայեց ու հարցրեց՝ «ձեռ կառնի՞ս», եւ ես ասացի՝ «լրիվ լուրջ եմ ասում», եւ քիչ առաջվա լարվածությունն արդեն չկար, ու Վահրամն էլ զգում էր, որ էդ բաները կատակով եմ ասում, եւ երբ ինձ հարցրեց՝ «ձեռ կառնի՞ս», եւ երբ պատասխանեցի ու ասացի՝ «լրիվ լուրջ եմ ասում», ինքը մեկից լրջացավ ու ասաց՝ «լուրջ մարդ օր էղնեիր, առաջինը դո՛ւ էդ լակոտներին չափալախ կուտայիր եւ ոչ թե՝ էդ լամուկներին ինձանից կպաշտպանեիր», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞րբ եմ պաշտպանել», եւ Վահրամն ասաց՝ «բաժանեիր գը. չթողիր՝ պորտները տեղը դնեմ», եւ ես ասացի՝ «որ չբաժանեի, հեչ պարզ չի՝ ով էր տուժելու», եւ Վահրամը տհաճությամբ նայեց ինձ ու ասաց՝ «տեյ ա՝ հիմի էլ պաշտպանես գը», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ւմ եմ պաշտպանում», եւ Վահրամը պատասխանեց ու ասաց՝ «էդ թուլեքին», եւ ես հարցրի՝ «ո՞նց եմ պաշտպանում», եւ Վահրամն իմ ասածը հեգնանքով կրկնեց՝ «հեչ պարզ չի՝ ով էր տուժելու», եւ ես հարցրի՝ «դժգո՞հ ես, որ կռիվ չեղավ», եւ Վահրամը քամահրանքով ասաց՝ «զատո՝ դու ես շատ գոհ», եւ ես ասացի՝ «ավելի լավ էր կռիվ ըլներ, քան՝ ըսենց խայտառակ ըլնեի», եւ Վահրամը հարցրեց՝ «էդ աղջկա հաշվո՞վ կըսես», եւ ես ասացի՝ «հիմի հազար տեղ կպատմի», եւ Վահրամը վրդովված ասաց՝ «ի՞նչըղ կպատմի. պատմի, թե ի՞նչըղ են համերգը խանգարել», եւ ես ասացի՝ «ամեն մարդ չի կարա էրկու ժամ լուռումունջ համերգ լսի», եւ Վահրամն անսպասելի գոռաց՝ «օր չեն կրնա լսեն՝ ինչի՞ համերգ կուգան», եւ ես ասացի՝ «կարող ա իրանց հետի էդ աղջկերքն են խնդրել», եւ Վահրամը գոռաց՝ «օր խնդրել են՝ թող հանգիստ տեղները վեր ընկնեն ու ուրիշներին չխանգարեն», ես ես ժպտալով ասացի՝ «անցած ըլնի», եւ ինքը նորից գոռաց՝ «էդքան հեշտ չի կրնա անցնի», եւ ես ասացի՝ «մի գոռա», եւ ինքն ապշահար ինձ նայեց ու ասաց՝ «ի՞նչըղ չգոռամ», եւ մի քիչ դադար տվեց, ատելությամբ ինձ նայեց ու էլի գոռաց՝ «դո՛ւ չպիտի ինձ սորվցնես՝ գոռամ, թե չգոռամ», եւ ես ասացի՝ «լավ. ավելի՛ բարձր գոռա», եւ Վահրամն ասաց՝ «դո՛ւ չպիտի ասես» եւ զզվանքով ինձ նայեց ու հարցրեց՝ «դաս կուտա՞ս. ինձի քաղաքավարություն կսորվցնե՞ս», եւ ես ցածրաձայն ասացի՝ «դաս չեմ տալի. ուզում եմ ասեմ՝ ամոթ ա, կողքից նայում են», եւ ինքը թշնամանքով ինձ նայեց ու ասաց՝ «փոխանակ դու ամաչես, ե՞ս պիտի ամաչեմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞ս խի պիտի ամաչեմ», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «համերգը խանգարելու համար», եւ ես չդիմացա ու ասացի՝ «շառ ե՞ս», եւ ինքը թշնամանքով ինձ նայեց ու ասաց՝ «չհասկցա», եւ ես հարցրի՝ «ես համերգ ե՞մ խանգարել», եւ ինքն ասաց՝ «ի՞նչ տարբերություն. ընկերներդ են խանգարել», եւ ես շիվարած հարցրի՝ «ի՞նչ ընկերներ», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «էդ սայլուկները», եւ ես ապշահար հարցրի՝ «դրանք ինձ ի՞նչ ընկեր. մենակ էդ աղջկան էի ճանաչում, ավելի ճիշտ՝ ինքը ինձ ճանաչեց», եւ Վահրամը զզվանքով ինձ նայեց ու ասաց՝ «կուզես ըսես՝ քեզի որպես բանաստեղծ ճանաչե՞ց», եւ ես չգիտեի ինչ ասեմ ու կատակով ասացի՝ «չէ. որպես արձակագիր ճանաչեց», եւ Վահրամն արհամարհական ինձ նայեց ու ասաց՝ «բանաստեղծը քիչ էր, արձակագիրն էլ ես գումարել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «արձակագիրը գումարել եմ, բայց բանաստեղծը հանել եմ», եւ Վահրամն ասաց՝ «էդոր համար էլ Մոցարտի համերգները խանգարես գը», եւ ես շիվարած հարցրի՝ «ես ե՞մ խանգարել», եւ Վահրամը պատասխանեց ու ասաց՝ «անձամբ չես խանգարել, բայց խանգարողներին պաշտպանես գը», եւ ես ասացի՝ «իսկականից շառ ես անում. ե՞րբ եմ իրանց պաշտպանել», եւ Վահրամն ասաց՝ «հոգովսրտով իրանց կողմն ես», եւ ես ասացի՝ «քեզ ո՞վ ասեց, որ իրանց կողմն եմ», եւ Վահրամն ասաց՝ «կզգամ», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց ես զգում», եւ ինքն ասաց՝ «չթողիր՝ էդ սայլուկներին սատկացնեմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մյուս անգամ կթողեմ», եւ ինքն ասաց՝ «ըսպեսնա բան դժվար թե էլ կրկնվի», եւ ես ժպտացի ու ասացի՝ «այսինքն, էլ մարդկանց դիտողություն չես անելո՞ւ», եւ ինքն ասաց՝ «այսինքն, էլ քեզի պես մարդկանց հետ համերգի չեմ էրթա», եւ ես ասացի՝ «էլ մի սկսի. հազիվ բարիշել ենք», եւ ինքն ասաց՝ «իզուր էլ բարիշանք» եւ մի քիչ դադար տալով ավելացրեց՝ «ձեզի մինակ ձեր փառքը կհետաքրքրի», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ փառք», եւ Վահրամն ասաց՝ «էդ քածն օր քեզի որպես բանաստեղծ ճանաչեց, մեկից հալումաշ էղար», եւ ես ասացի՝ «բայց խի՞ ես մտածում, որ ինձ որպես բանաստեղծ ա ճանաչել. կարող ա բարեկամ էր», եւ Վահրամը մտահոգ ասաց՝ «օր բարեկամ էղներ, չէր ասի՝ պարոն Շեկոյան», եւ ես ասացի՝ «ասենք թե՝ որպես բանաստեղծ ա ճանաչել. դրա մեջ ի՞նչ վատ բան կա», եւ Վահրամն ասաց՝ «փառասիրությունից վատ բան չկա», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «բայց ես ի՞նչ կապ ունեմ», եւ Վահրամը պատասխանեց ու ասաց՝ «օր քեզի կճանաչեն, մեջդ ուռես գը», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «ե՞րբ եմ ուռել», եւ Վահրամը պատասխանեց ու ասաց՝ «տեյ ա՝ զռա գը. երջանկությունն էրեսեդ չռռա գը», եւ ես ծիծաղելով ասացի՝ «լրիվ յանդ տարել ա», եւ Վահրամը զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «ի՞նչըղ թե՝ յանս տարել ա», եւ ես միանգամայն լուրջ ասացի՝ «անկապ բաներ ես խոսում», եւ ինքը հարցրեց՝ «անկապ ի՞նչ եմ խոսացել», եւ ես ասացի՝ «ասում ես՝ մեջդ ուռում ես, ասում ես՝ փառասեր ես», եւ Վահրամն ասաց՝ «սաղ պոետներն էլ փառասեր են», եւ ես հարցրի՝ «նկարիչները փառասեր չե՞ն», եւ Վահրամն ասաց՝ «ես ի՞նչ նկարիչ. ուղղակի ազատ ժամանակ՝ դեպքից դեպք քսեմ գը», եւ ես ժպտալով ասացի՝ «ես նույնիսկ ազատ ժամանակ ոտանավոր չեմ գրում», եւ Վահրամն ասաց՝ «բայց վախտին գրել ես. փառքի համը որոշ չափով առել ես», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ համը հեչ դուրեկան չէր, դրա համար էլ թարգեցի», եւ Վահրամն ասաց՝ «ի՞նչ տարբերություն. հիմի էլ վեպդ ես քոքել», եւ ես ասացի՝ «էդ էլ ե՞ս շատ համարում», եւ Վահրամն ասաց՝ «սաղ արվեստագետներն էլ փառքի համար իրանց կոտորեն գը», եւ ես ժպտալով հարցրի՝ «Մոցարտն է՞լ ա փառքի համար իրան կոտորել», եւ Վահրամը ցնցվեց ու գոռաց՝ «չափդ ճանաչի՛», եւ ես ասացի՝ «մի գոռա. ես էլ կարամ գոռամ», եւ կարմրատակած Վահրամն ինձ հարցրեց՝ «ի՞նչըղ լեզուդ բռնեց՝ էդ բանն ասեցիր», եւ ես հարցրի՝ «ի՞նչ բան», եւ Վահրամն ատելությամբ ինձ նայելով ասաց՝ «փաստորեն, Մոցարտին փառասեր ասեցիր», եւ ես արդարանալով ասացի՝ «ոչ մի բան էլ չեմ ասել. ընդամենը հարցրել եմ», եւ Վահրամը կատաղած հարցրեց՝ «քեզ ո՞վ ա էդ իրավունքը տվել», եւ ես հարցրի՝ «բա քե՞զ ով ա էդ իրավունքը տվել», եւ Վահրամը հարցրեց՝ «ո՞ր իրավունքը», եւ ես ասացի՝ «մի քիչ առաջ էլ դու ինձ փառասեր հանեցիր», եւ Վահրամը մի քիչ մտածեց, հետո անսպասելի հռհռաց ու ասաց՝ «ա՛յ խելոք, ես ու դու մահկանացու ենք. Մոցարտի համեմատ ճանճ ենք», եւ ես հարցրի՝ «Մոցարտը մահկանացու չէ՞ր», եւ Վահրամը մեկից լրջացավ ու ասաց՝ «Մոցարտն անմահ է» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքն արդեն ապացուցել է՝ օր անմահ է», եւ ես ասացի՝ «բայց մեռավ, չէ՞. ինձնից ու քեզնից քիչ ապրեց», եւ Վահրամն ասաց՝ «ինքը հիմի է՛լ կա. հասկցողի համար ինքը հիմի ավելի շատ կա, քան թե՝ իրա կյանքի օրոք» եւ մի քիչ դադար տվեց ու ավելացրեց՝ «էսօրվա օրով էլ ինքը կա ու մեզիպեսներուն օգնե գը՝ օր մենք էլ ըլնենք», եւ ես ասացի՝ «չգիտեմ ում ա օգնում, բայց քեզ հաստատ չի օգնում», եւ Վահրամը գոռաց՝ «իմ անունից մի՛ խոսա», եւ ես ասացի՝ «դու քո անունից լավ էլ խոսում ես», եւ Վահրամը հարցրեց՝ «իմ անունից ի՞նչ եմ խոսացել», եւ ես ասացի՝ «ասում ես, որ Մոցարտի համեմատ ճանճ ենք», եւ Վահրամը հռհռաց ու ասաց՝ «ներողություն, սխալ եմ ըսել», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ես սխալ ասել», եւ Վահրամն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «մենք իրա համեմատ՝ ճանճ էլ չենք. ճանճից էլ պզտիկ ենք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «իմ անունից մի խոսա», եւ ինքը ժպտալով ասաց՝ «սաղ մարդկության անունից կխոսամ», եւ ես ասացի՝ «սաղ մարդկությունը քեզ իրավունք չի տվել, որ իրա անունից խոսաս», եւ ինքն ասաց՝ «սխալվես գը. լափ էլ իրավունք է տվել», եւ ես հարցրի՝ «ո՞նց ա տվել», եւ Վահրամը պատասխանեց ու ասաց՝ «Մոցարտի համերգներին գալով. մինչեւ անգամ էդ սայլուկներն էին իրա համերգին էկել», եւ ես ասացի՝ «էդ սայլուկներն իրանց աղջկերքի խաթեր էին էկել», եւ Վահրամը սեւեռուն ինձ նայեց ու հարցրեց՝ «բա դո՞ւ ում խաթեր էիր էկել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «քո», եւ Վահրամը դառը ժպտաց, զզվանքով նայեց ինձ ու ասաց՝ «կարայիր չգայիր. ոչ մեկը քեզի չի խնդրել», եւ ես առանց իրեն նայելու ասացի՝ «չեմ ասում՝ խնդրել ես», եւ Վահրամն ասաց՝ «սրանից հետո կարաս չգաս», եւ ես ասացի՝ «սրանից հետո որ խնդրես էլ՝ չեմ գա», եւ Վահրամն արհամարհանքով նայեց ինձ ու ասաց՝ «ոչ խնդրել եմ, ոչ էլ կխնդրեմ», եւ ես ասացի՝ «ամեն անգամ մազից ենք պրծնում», եւ Վահրամը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ մազ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ամեն անգամ տհաճ պատմության մեջ ենք ընկնում. էսօր էլ մազ էր մնացել՝ կռիվ ըլներ», եւ Վահրամն արհամարհանքով ինձ նայեց ու ասաց՝ «կռվից շատ կվախնաս», եւ ես ասացի՝ «էնքան չեմ վախենում, ինչքան զզվում եմ» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «համ էլ ամաչում եմ. մեր տարիքն արդեն կռվի տարիք չի», եւ Վահրամն ասաց՝ «տարիքի հարց չկա. ինքնասիրության հարց կա», եւ ես ասացի՝ «ինքնասիրության հարց չկար. Մոցարտի հարցն էր», եւ կարմրատակած Վահրամն ատելությամբ նայեց ինձ ու անսպասելի գոռաց՝ «Մոցարտն իմ ինքնասիրությո՛ւնս է», եւ ես ծիծաղս մի կերպ զսպելով ասացի՝ «որ չես ուզում խանգարեն, կարաս քո արվեստանոցում նստես՝ առավոտից իրիկուն Մոցարտ լսես», եւ Վահրամն ասաց՝ «էդ մեկը միշտ էլ կրնամ էնեմ» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «ժիվոյ երաժշտությունը սավսեմ ուրիշ է», եւ ես ասացի՝ «ժիվոյ երաժշտությունն էլ իրա՛ թերություններն ու բարդություններն ունի», եւ Վահրամը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ բարդություններ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էս ավելորդ վեճերն ու կռիվները», եւ Վահրամն ասաց՝ «բայց ոչ մի կռիվ էլ չի էղել», եւ ես ասացի՝ «ես որ չըլնեի՝ շատ մեծ կռիվ կըլներ», եւ Վահրամը քմծիծաղ տվեց ու ասաց՝ «կռվից օր էդքան կվախնաս, կէրթաս՝ վախդ չափել կուտաս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որ կռվից վախեցող ըլնեի՝ հետդ համերգ չէի գա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ավելի լավ էր կռիվ ըլներ, քան՝ ըսենց խայտառակ ըլնեի», եւ Վահրամը հարցրեց՝ «էդ քածի հաշվո՞վ անհարմար կզգաս», եւ ես ասացի՝ «քած մի՛ ասա. մեր էրեխեքի թայն ա», եւ Վահրամն ասաց՝ «առանց ամաչելու էլ համեմատես գը», եւ ես ոչինչ չասացի, որովհետեւ արդեն համոզված էի, որ էդ զրույցն իմ ու Վահրամի վերջին զրույցն է, այլապես կարող էի Վահրամին հարցնել, թե վերջին անգամ երբ է իր մինուճար աղջկան տեսել, եւ իր ընտանիքից տասը տարուց ավելի բաժանված ապրող Վահրամը երեւի իմ էդ ինքնազսպումն ընկալեց ու հարցրեց՝ «էդ աղջկան ուրդե՞ն կճանչնաս», եւ ես ասացի՝ «հեչ կարեւոր չի», եւ ինքը հարցրեց՝ «բա ի՞նչն է կարեւոր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Մոցարտը», եւ Վահրամն ատելությամբ ինձ նայեց ու գոռաց՝ «արդեն վիրավորես գը», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «դու որ էդ մի մատ երեխին վիրավորում ես՝ լա՞վ ա», եւ Վահրամն ասաց՝ «ես իմ կարծիքը կըսեմ», եւ ես ասացի՝ «ամեն մարդ իրա կարծիքն ունի», եւ Վահրամը հարցրեց՝ «բա քո՞ւ կարծիքդ որն է», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որ իմ կարծիքն ասեմ՝ կարող ա ավելի փիս վիրավորվես», եւ Վահրամը լարվեց, բայց ասաց՝ «չեմ վիրավորվի, ասա՛», եւ ես ահագին ժամանակ մտածում ու չէի ուզում կարծիքս ասել, բայց երբ Վահրամն ասաց՝ «դե խոսա՛. ի՞նչ ես բերանդ ջուր առել», ես համարձակվեցի ու ասացի՝ «երեւի Մոցարտն է՛լ չկարենար էրկու ժամ լուռումունջ համերգ լսեր», եւ Վահրամը զարմացած ինձ նայեց ու ասաց՝ «չհասկցա», եւ ես ասացի՝ «Մոցարտն է՛լ էրկու ժամ չէր դիմանա», եւ Վահրամը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ն չէր դիմանա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «իրա էս համերգին», եւ Վահրամն ասաց՝ «չեմ հասկնա՝ ինչ կուզես ըսես», եւ ես ժպտալով ասացի՝ «ուզում եմ ասեմ՝ ինքն է՛լ էր նորմալ մարդ», եւ Վահրամն ասաց՝ «քեզի կխնդրեմ՝ օր իրա մասին անցյալ ժամանակով չխոսաս», եւ ես ինձ ուղղելով ասացի՝ «ինքն է՛լ ա նորմալ մարդ», եւ Վահրամը հարցրեց՝ «ի՞նչըղ է նորմալ», եւ ես ասացի՝ «ինքն է՛լ չէր կարա լուռումունջ էրկու ժամ համերգ լսեր», եւ Վահրամն ասաց՝ «նայած համերգ» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «պարզ է՝ օր Սալյերիի համերգն էրկու ժամ չէր կրնա լսեր», եւ ես ասացի՝ «նույնիսկ իրա համերգը չէր կարա էրկու ժամ լուռումունջ լսեր», եւ Վահրամը ծիծաղելով ասաց՝ «էսքան քեզի հետս Մոցարտի քաշ կուտամ, բայց էլի Մոցարտից գաղափար չունիս», եւ ես հարցրի՝ «ո՞նց գաղափար չունեմ», եւ Վահրամն ասաց՝ «ա՛յ խելոք, Մոցարտն իրա համերգները համ ծերից ծեր լսեր գը, համ էլ՝ անձամբ դիրիժիրավատ կէներ», եւ ես ասացի՝ «որ էսօրվա համերգն էլ անձամբ ինքը դիրիժիրավատ աներ, էրկու ժամ չէ՝ տասը ժամ էլ կդիմանայինք», եւ Վահրամը խորամանկ ժպտաց ու ասաց՝ «մտքովդ արքայություն կանցնի՞, թե՞ ինձի ձեռ կառնիս», եւ ես ասացի՝ «լրիվ լուրջ եմ ասում», եւ Վահրամը լրջանալով ասաց՝ «ես օր էս համերգների վախտ էրկու ժամից ավել լուռումունջ դիմանամ գը, քու կարծիքովդ աննորմա՞լ եմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «քեզ ա թվում, թե դիմանում ես. կարող ա՞ ես էի էդ տղերքին նկատողություն անում», եւ Վահրամն ասաց՝ «էդ սայլուկները խանգարեին գը», եւ ես ասացի՝ «դու էլ ուրիշներին էիր խանգարում», եւ Վահրամը զարմացած հարցրեց՝ «ի՞նչըղ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էդ սայլուկներին նկատողություն անելով», եւ ինքը չհասկացավ ու նորից հարցրեց՝ «ի՞նչըղ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «դու որ իրանց հետ վիճում էիր, համերգն ավելի էր խանգարվում», եւ Վահրամն արդարանալով ասաց՝ «ես իրա՛նց կարգի կհրավիրեի», եւ ես ասացի՝ «կապ չունի. փաստորեն, իրանց հավասար խանգարում էիր», եւ Վահրամը հարցրեց՝ «ո՞ւմ կխանգարեի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «համերգն ուշադիր լսողներին», եւ Վահրամը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց իմ էդ նկատողությունս ընդամենը քանիմ վայրկյան տեւեց», եւ ես ասացի՝ «էդ տղերքի քչփչոցն է՛լ առանձնապես երկար չի տեւել», եւ Վահրամն ասաց՝ «իրանք րոպեից ավել քչփչային գը», եւ ես ասացի՝ «իրանց քչփչոցը մենակ մենք էինք լսում, բայց դու որ սկսեցիր հետները վիճել, սաղ դահլիճը մեզ էր նայում», եւ Վահրամը մեկից կարմրեց ու մեղավոր տոնով ասաց՝ «չեմ զգացել», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ տղերքն էլ չէին զգում, որ խանգարում են», եւ Վահրամն ասաց՝ «ի՞նչըղ լեզուդ կբռնի՝ էդոնց տղա կըսես. ընդեղ ուրա՞ն էր տղա», եւ ես ասացի՝ «իրանք էլ իրա՛նց խանգարելը չէին զգում», եւ Վահրամն արդարանալով ասաց՝ «իմ նկատողությունս ընդամենը քանիմ վայրկյան տեւեց», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «փաստորեն, մի քանի վայրկյան իրանք են խանգարել, մի քանի վայրկյան էլ՝ դու», եւ Վահրամն ասաց՝ «արդեն շառուշուռ կէնես», եւ ես ասացի՝ «դու էլ իրանց հաշվով ես շառուշուռ անում», եւ Վահրամը նեղսրտած ասաց՝ «բայց իրանք խանգարեին գը», եւ ես ծիծաղելով ասացի՝ «սկզբում իրանք էին խանգարում, հետո միասին սկսեցիք խանգարել», եւ Վահրամն ասաց՝ «չափազանցնես գը. իմ նկատողությունս սաղ-սաղ քանիմ վայրկյան է տեւել», եւ ես ասացի՝ «իրանց քչփչոցն էլ ա մի քանի վայրկյան տեւել», եւ Վահրամը մի քիչ մտածեց, հետո ժպտալով հարցրեց՝ «չհասկցա, Արմո. հիմի դու ի՞մ ընկերն ես, թե՝ արջի», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «քո՛ ընկերն եմ» եւ մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ավելացրի՝ «բայց հեչ պարզ չի՝ արջն ով ա», եւ Վահրամն ասաց՝ «քիչըմ առաջ ընպես կխոսայիր, օր արդեն կմտածեի՝ էդ եմիշգլուխ թուրքերի ընկերն ես», եւ ես ժպտալով ասացի՝ «դու պիտի ազգագրագետ դառած ըլնեիր» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ավելի ճիշտ՝ գանգաբան», եւ ինքը ժպտալով ասաց՝ «դու էլ պիտի երաժշտագետ դառած էղնեիր», եւ ես հարցրի՝ «խի՞», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «երաժշտությունն ու Մոցարտին շատ զիլ մեկնաբանես գը», եւ ես ժպտալով ասացի՝ «հաստատ Մոցարտը երաժշտությանն էնքան լուրջ չի վերաբերվել, ինչքան՝ դու», եւ Վահրամը ժպտալով հարցրեց՝ «ինձի՞ կոմպլիմենտ կէնես, թե՞ Մոցարտին կվարկաբեկես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Մոցարտին եմ կոմպլիմենտ անում», եւ Վահրամն արհամարհանքով ժպտաց ու ասաց՝ «Մոցարտը քու կոմպլիմենտիդ կարիքը շատ ուժեղ կզգա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել