Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իմացան մրցակիցներին

Սեպտեմբեր 27,2008 00:00

Ֆուտզալի Հայաստանի 2008թ. գավաթի խաղարկությանը այս տարի կմասնակցեն 7 թիմեր, որոնց մասնակցությամբ էլ այսօր ՀՖՖ-ի շտաբ բնակարանում տեղի ունեցավ վիճակահանություն: Նախքան վիճակահանությունը մասնակիցները, ըստ իրենց վարկանիշների, բաժանվել էին 2 զամբյուղների:

Վիճակահանությունը կատարեց ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը: Ինչպես հաղորդում է «Ա1+»-ը, 1-ին խմբում հայտնվեցին «Թալ Գրիգ», «Էրեբունի», «Դանեսիր» եւ «Արսենալ» թիմերը: 2-րդ խմբում կմրցեն Հայաստանի չեմպիոն «Պոլիտեխնիկը», «Եվրոպան» եւ «Ռեման»: Խմբային մրցաշարի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 4-ին, 8-ին եւ 12-ին: Առաջին 2 հորիզոնականներում հայտնված թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ:

Նախքան վիճակահանությունը տեղի ունեցավ Հայաստանի մինչեւ 15 եւ 17 տարեկանների, Երեւանի եւ Հայաստանի առաջնությունների հաղթողների պարգեւատրման արարողությունը:

15 տարեկանների պայքարում չեմպիոն էր դարձել «Եվրոպա» թիմը՝ Արթուր Աբազյանի գլխավորությամբ, իսկ 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները գրավել էին համապատասխանաբար՝ «Խալդ» եւ ՎԱ-ԲԱ թիմերը: Այս տարիքային խմբում լավագույն ֆուտբոլիստ եւ ռմբարկու է ճանաչվել Յուրի Զարգարյանը, որը հանդես է գալիս «Եվրոպայում»:

17 տարեկանների պայքարում հաղթել էր «Պոլիտեխնիկը»՝ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ, 2-րդ հորիզոնականին արժանացել էր Ռուբեն Մուրադյանի գլխավորած «Արաբկիրը», իսկ լավագույն եռյակը եզրափակել էր «Ծաղկահովիտը»:

Լավագույն խաղացողի կոչմանը այս տարիքային խմբում արժանացավ Արմեն Կարապետյանը («Պոլիտեխնիկ»), իսկ լավագույն ռմբարկուն Մովսոս Անտոնյանն էր («Ծաղկահովիտ»):

Երեւանի առաջնությունում 1-ին տեղի համար պարգեւատրվեց «Ռեմա» թիմը, որը ներկայացնում է ավետարանական հավատքի «Ռեմա» եկեղեցին: Հայկական ֆուտբոլի լեգենդար հարձակվող Սարգիս Հովիվյանի գլխավորությամբ «Ամիկուս» թիմը արժանացավ մայրաքաղաքի փոխչեմպիոնի կոչմանը:

Հայաստանի առաջնությունում չեմպիոնի կոչմանը արժանացած «Պոլիտեխնիկը» ոսկե մեդալները կստանա տարեվերջում ՀՖՖ-ի կողմից կազմակերպվող ավանդական պարգեւատրման հանդիսավոր արարողությանը, իսկ ահա փոխչեմպիոն «Թալ Գրիգը» Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ ստացավ արծաթե մեդալներ: Բրոնզե մեդալների արժանացավ «Էրեբունի» թիմը: ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ անցկացված հարցման շնորհիվ ՀՖՖ-ն Հայաստանի առաջնության լավագույն խաղացող էր ճանաչել Գրիգոր Կապուրկանյանին, իսկ լավագույն ռմբարկուն Կարեն Միքայելյանն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել