Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 27,2008 00:00

\"\"Ինչպես Սարյանը նկարեց Սարոյանին

«Պետք է մեծ լինել՝ մեծերին հասկանալու համար». ասել է Վիլյամ Սարոյանը: Սարոյանն ու Սարյանը հասկացան միմյանց:

\"\"«Ձեր կտավները հիացմունք եւ սեր են առաջացնում դեպի կյանքի պարզ եւ ճշմարիտ երեւույթները՝ դեպի հողը, աղբյուրները, քարերը, լույսը, կանաչը, ծառերը, բերքը, ջուրը, գինին, դեպի ճշմարտությունն ինքնին: Ինչ երջանիկ ենք, որ ունենք Ձեր աչքերը, Ձեր ձեռքերը, Ձեր ճշմարիտ հոգին, Ձեր հանճարը, Ձեր արվեստը»,- ասել է գրողը: Նույն այս հանճարեղ պարզությունը Սարյանը գտել եւ գնահատել է իր մեծ հայրենակցի պատմվածքներում. «Սարոյանն ուղղակի մեծ երեխա է, այն էլ՝ հանճարեղ: Զարմանքով գրում է բաների մասին, որոնք, թվում է, այնքան հասարակ են, պարզ, սովորական, որ հետաքրքրություն չեն ներկայացնում: Բայց դրանց խորքում այնքան պայծառ իմաստնություն, փիլիսոփայական վեհություն, զգացմունքների, տպավորությունների այնքան բազմազանություն եւ մեծ արվեստ… կա»:

Երեւի թե կարելի է պատկերացնել, թե ինչի մասին կարող էին զրուցել կամ լռել երկու հայ մեծերը, երբ 1960 թվականին, իրենց երկրորդ հանդիպման օրերին (առաջինը տեղի էր ունեցել 1935 թվականին), նրանք առանձնացան Սարյանի արվեստանոցում: Եվ ահա նկարչի մեջ հասունացավ գրողին նկարելու ցանկությունը: Նա նստեցրեց Սարոյանին կաշվե մեծ, սեւ բազկաթոռի մեջ, ուր առհասարակ հարմարավետ եւ բնական դիրքով տեղավորվում էին իր բնորդները: «Գուրգեն Մահարին ասաց ինձ, որ երեկ չէ առաջին օրը տեսել է Ձեզ Մոսկվայում, եւ Դուք ունեցել եք երկար բեղեր,- ասաց Վարպետը:- Ես սպասում էի տեսնել դրանք, ո՞ւր են երկար բեղերը»: Եվ Սարոյանը խոստովանեց, որ Երեւան գալուց առաջ կարճացրել է իր բեղերը, ցանկանալով ավելի երիտասարդ երեւալ եւ «ցնցում չառաջացնել… ընդունելի լինել Հայաստանի հայերի… համար»:

Ինչպե՞ս նկարել Սարոյանին… Սարյանի առջեւ նստած էր ամերիկացի ճանաչված եւ մեծարված գրող, հպարտ կեցվածքով, խոհուն, ինքնամփոփ հայացքով: Բայց, իհարկե, նա նաեւ մեծ հայ էր: Եվ համաձայն իր դիմանկարներին բնորոշ կոմպոզիցիոն կառուցվածքի, Սարյանը նկարեց հայկական լեռներ՝ գրողի ուսերի ետեւում: Այդպիսին եղավ առաջին դիմանկարը:

Իսկ թե ինչ էր մտածում գրողը բնորդելիս նկարչին՝ գուշակելու հարկ չկա, այդ մասին կարդում ենք նրա հուշերում. «Եվ ահա ես նստած եմ նրա արվեստանոցում, հենց Երեւանի սրտում, նա 80 տարեկան է, ես՝… նման ազգանունով մեկը՝……52: Նա նկարում է իմ դիմանկարը, եւ ես փորձում եմ օգտակար լինել նրան՝ չտալ դեմքիս քարացած վիճակ, անշարժ, ինչպես մի դիմակ, եւ հաղորդել իմ սովորական, անպաշտպան հիացմունքը մեր ողջ մնալու առթիվ»:

Բնաջնջման ենթակա ժողովրդի զավակը, որն ապրել եւ ստեղծագործել էր օտար երկրում, հատուկ խանդավառություն էր ապրում՝ տեսնելով իր հայրենի երկրի զարգացումն ու խաղաղ կյանքը, շփվելով իր ազգի մեծ նկարչի հետ: Նկարելու 4-5 օրվա ընթացքում Սարյանը բացահայտեց իր համար գրողի այս հիմնական միտքը, նրա պարզ եւ բաց հոգու խորքերը: «Ո՛չ: Ես պետք է նորից նկարեմ»,- ասաց Սարյանը:

Երկրորդ դիմանկարում Վարպետը պատկերեց Սարոյանին նույն մուգ գույնի կոստյումով եւ ամերիկյան ոճի նեղ փողկապով, բայց որպես մի պարզ հայ մարդու: Այստեղ այլեւս չենք տեսնում լեռներ հետին պլանում, բայց նկատում ենք գրողի բարձր ճակատի ամուր կառուցվածքը, նրա հոնքերի, քթի, բեղերի եւ շրթունքների լեռնանման գծագրությունը: Իսկ ամենաազդեցիկը Սարոյանի աչքերն են՝ նրա թախծոտ, կարոտալից հայացքը ուղղված է եւ դիտողին, ուղղված է եւ դեպի հեռուն՝ նա նման է իր պիեսի հերոսին՝ սիրտը լեռներում է, սարյանական դիմանկարում էլ՝ հայոց լեռներում:

«Այս դիմանկարներից յուրաքանչյուրը նրա հանճարի անթերի ապացույցն է,- գրել է Սարոյանը,- քանզի բնորդը միաժամանակ նման է որեւէ մեկի կամ ոչ ոքի… հայազգիի կամ այլազգիի՝ անգամ առանց իսկական բեղերի»:

Երկու դիմանկարն էլ մնաց Սարյանի մոտ: Իսկ Սարոյանին նկարիչը նվիրեց Արարատ պատկերող իր աշխատանքներից մեկը՝ «Առավոտը», որը մինչ օրս էլ գտնվում է Սարոյանի տուն-թանգարանում՝ Սան Ֆրանցիսկոյում:

Երբ 1976 թվականին Վիլյամ Սարոյանը նորից եկավ Հայաստան, նա արդեն ուներ իր այն բնորոշ արտաքինը, որը պահպանվել է մեր բոլորիս հիշողության մեջ՝ երկար, սպիտակ բեղեր, փարթամ այտամորուք, երկար մազեր: Նա այլեւս չէր խուսափում ոչ իր տարիքից, ոչ էլ իր արտաքինից՝ Հայաստանը ընդունել եւ սիրել էր նրան: Բայց Սարյանն արդեն չկար: Շփվել նկարչի հետ՝ հնարավոր էր միայն նրա թողած արվեստի միջոցով: «Ես երեկ այցելեցի Վարպետի տուն-թանգարան եւ ամբողջ ժամանակ մեջս մի ցանկություն կար՝ լռել… Քանի որ ոչ թե ես էի ազդում նկարների վրա, այլ նրանք՝ ինձ վրա: Մի խոսքով, այն նույնը, ինչի մեջ ինձ տարիներ առաջ մեղադրում էին քննադատները»:

Սարոյան եւ Սարյան… Հետաքրքրական է, որ այս երկու հայ մեծերի ընդհանրությունը նկատել է եւ ուրիշ անվանի հայ գրող՝ Հրանտ Մաթեւոսյանը: Երբ նրան հարցրել են, թե ինչումն է մեր ժողովրդի էությունը, նա ասել է. «Եթե համադրել Հռիփսիմե տաճարը կերտողին, Արամ Խաչատրյանին, Սարյանին եւ Սարոյանին, ապա կարելի է տեսնել, որ ընդհանուրը նրանց միջեւ՝ հայեցողականությունն է…»:

Ինչքան անմիջական ու պարզ է եղել թե նկարչի, թե գրողի հայեցողական հայացքը, այնքան էլ խորն ու ազդեցիկ են եղել նրանց ապրումները: «Սարյանը այնպես է սիրել հայոց հողը, ինչպես կարելի էր այն սիրել միայն կոտորածից հետո,- շարունակել է Հ. Մաթեւոսյանը:- Սարոյանը այնքան բացեց անգլերեն լեզվի սահմանները, որ այն ընդգրկեց նաեւ հայկական վիշտը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել