Լրահոս
Օրվա լրահոսը

Պուրակի փոխարեն օբյե՞կտ են կառուցում

Սեպտեմբեր 27,2008 00:00

Շուտով Արաբկիր համայնքի 30 եղեւնիներ իրենց տեղը կզիջեն սպասարկման օբյեկտի

Մայրաքաղաքում կանաչ տարածքների, պուրակների եւ ծառերի ոչնչացումն արդեն ոչ մեկին չի զարմացնում: Այգիները վերանում են ու տեղում ինչ-որ սրճարան կամ խանութ է կառուցվում, իսկ շենքերի բակերը վերածվում են «գարաժների»: Այս ամենն արվում է պաշտոնյաների եւ ոլորտի պատասխանատուների «քթի տակ», սակայն մինչ օրս դրա համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

Արաբկիր համայնքում՝ ՔանաքեռՀԷԿ-ի հարեւանությամբ տնկված մոտ 650 քմ տարածքով պուրակն էլ վերջերս նույն ճակատագրին է արժանացել: Այս տարածքին արդեն տասնյակ բիզնեսմեններ են «աչք դրել»:

65-ամյա Լաուրա Խալաթյանը, որն այս այգում մի քանի տասնյակ ծառ է տնկել ու խնամել, «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց կանաչ տարածքների հանդեպ պաշտոնյաների անտարբերությունից եւ անպատասխանատու վերաբերմունքից. «40 տարի առաջ ես եւ ամուսինս մոտ 30-35 եղեւնի տնկեցինք ՀԷԿ-ի հարեւանությամբ: Մինչեւ հիմա մեր ուժերով այն խնամում ենք՝ ջրում, մշակում: Հիմա արդեն մեծ ծառեր են ու շատերի համար դարձել են զբոսանքի սիրված վայր: Սակայն այս գարնանից այդտեղ ինչ-որ մարդիկ են հայտնվել ու տարբեր կարգի ոտնձգություններ են անում: Մենք ամեն կերպ պայքարում ենք, որ այգին պահպանվի, բայց այսօր սովորական քաղաքացուն ո՞վ է բանի տեղ դնում»:

Նրա պատմելով՝ մարտ-ապրիլ ամիսներին ոմն Ցոլակ Թագմանյան այդ այգում մետաղյա կրպակ եւ ճաղեր տեղադրեց՝ հենց մուտքի մոտ, ինչի պատճառով մարդիկ չէին կարողանում մտնել այգի, բայց երկար պայքարելուց հետո դա ապամոնտաժվեց: Վերջերս Խալաթյանները պարզել են, որ պուրակը վաճառվել է այդ նույն Ցոլակ Թագմանյանին: Խալաթյանները մտավախություն ունեն, որ ծառերը կհատվեն եւ, ինչպես սովորաբար արվում է, տեղում ինչ-որ սպասարկման օբյեկտ կկառուցվի: Նշենք, որ տարածքը պետական սեփականություն է, ընդ որում, Լ. Խալաթյանի պնդմամբ՝ այն վաճառվել է ինքնակամ ձեւով, առանց աճուրդ հայտարարելու. «Տարիներ շարունակ, առանց որեւէ շահախնդրության, քրտինք ենք թափել ու պուրակին տիրություն արել, իսկ մեր պաշտոնյաները մեկ օրվա ընթացքում որոշում են կայացնում ու ի շահ իրենց՝ տարածքը վերցնում ու ում ուզում՝ նվիրում են: Փոխանակ առանց այն էլ անապատի վերածված քաղաքը կանաչապատեն, եղածն են ոչնչացնում»:

Այգու ճակատագրով մտահոգված քաղաքացիները դիմել են քաղաքապետարան, որտեղից էլ նրանց պատասխանել են, որ Ց. Թագմանյանը սեպտեմբերի 5-ին դիմել է իրենց՝ տարածքը գնելու համար, իսկ արդեն սեպտեմբերի 19-ին որոշում է կայացվել այն հատկացնել տվյալ քաղաքացուն: Նշենք, որ ըստ «Հրապարակային սակարկումների մասին» օրենքի, աճուրդը պետք է տեղի ունենա հայտարարությունից ոչ պակաս, քան 15 օր հետո: Հետեւաբար, Ց. Թագմանյանը չէր կարող այգին գնել աճուրդով:

Նկատենք նաեւ, որ քաղաքացիներին ինքնակամ շինություն, օբյեկտ կամ մինչեւ 300 քմ հողատարածք հատկացվում է այն դեպքում, երբ քաղաքացին այն տնօրինել է մինչեւ 2001 թվականը, իսկ ինչ վերաբերում է 650 քմ-անոց պետական սեփականություն հանդիսացող այգիներին կամ հողատարածքներին, այն պետք է աճուրդով վաճառվի: Վերոնշյալ հողատարածքի կադաստրային արժեքը 7 հազար դրամ է, իսկ եթե այն վաճառվեր աճուրդով, ապա մեկնարկային գինը կկազմեր 20-22 հազար դրամ: Փաստորեն, հողատարածքը ինքնակամ տրամադրելու հետեւանքով մոտ 14 միլիոն 300 հազար դրամի վնաս է պատճառվել պետությանը:

Խնդրի առնչությամբ «Առավոտը» երկու օր շարունակ պարզաբանում էր պահանջում Երեւանի քաղաքապետարանից, սակայն պաշտոնյաները խնդրի պարզաբանումը իրար վրա էին գցում, եւ միայն աշխատանքային օրվա ավարտին խոստացան հարցին կոնկրետ պատասխան տալ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել