Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ թափառող շներն են մաքուր

Սեպտեմբեր 27,2008 00:00

Նորվեգիայում կառուցապատման համար կանաչ զանգվածներն անխնա չեն ոչնչացվում, թափառող կենդանիների վրա օրը ցերեկով չեն կրակում, նույնիսկ ծխախոտի մնացորդը փողոց չեն նետում:

Ի տարբերություն Հայաստանի սարսափելի աղտոտված մթնոլորտի, Նորվեգիայի տարածքը համարվում է էկոլոգիապես գերմաքուր գոտի: Այսքանով հանդերձ, նորվեգացիները չեն բավարարվում բնության տված անսահման կանաչով եւ ցանկացած տան յուրաքանչյուր պատուհանին, փողոցներում դեկորատիվ ծառեր եւ ծաղիկներ են աճեցնում։ Իսկ Երեւանի փողոցները հաստատ կնախանձեն Նորվեգիայի ցանկացած փողոցի. դրանք օրվա մեջ մի քանի անգամ լվացվում ու մաքրվում են: Նշենք, որ Նորվեգիա մեր այցելությունը նպատակ ուներ լուսաբանելու արդեն ավանդական դարձած ֆուտբոլային միջազգային մրցաշարը, որը տեղի ունեցավ Օսլոյում՝ հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը:

Այս երկրի ենթակառուցվածքների, կենցաղի ու մարդկանց ապրելակերպի մասին կարելի է անվերջ խոսել: Նորվեգիա այցելող ցանկացած մեկը չի կարող չնկատել, որ քաղաքը թաղված է կանաչի, ծառ ու ծաղկի մեջ: Ծառ կտրելը խստիվ արգելվում է, եթե անհրաժեշտություն է առաջանում այս կամ այն ծառը կտրելու, ապա դա արվում է հատուկ թույլտվությամբ. քաղաքապետարանի կողմից կազմված հանձնաժողովը ուսումնասիրելուց հետո, եթե անգամ թույլատրում էլ է, ապա պայմանով, որ մեկ ծառի դիմաց՝ մի քանի ծառ տնկվի: Նորվեգիայում աղբահանության համակարգը աշխատում է կատարյալ, փողոցներում, շենքերի բակերում, կանգառներում տեղադրված են տարբեր թափոնների համար ըստ գույնի եւ չափերի զանազանվող աղբամաններ, նույնիսկ շինաղբի աղբաման կա: Առեւտրի կետերում էլ տեղադրված են հատուկ սարքավորումներ, որտեղ քաղաքացիները որոշակի գումարի դիմաց հանձնում են պլաստմասսայե տարաները: Ջիմի Վարդեւանյանը, ում տանը իջեւանել էինք, ափսոսանքով նշեց, որ Հայաստանին ժամանակին առաջարկել է այդ սարքավորումների տեղադրման համար ծրագիր, սակայն ընթացք չի տրվել:

Այս երկրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կանաչ տարածքներին: Կանաչապատ զանգվածների հաշվին այստեղ որեւէ զվարճանքի կամ առեւտրի օբյեկտ չի կառուցվում:

Փողոցներում շինաշխատանքների ժամանակ փոսերը, կառույցները ծածկվում են ժամանակավոր ծածկույթով, եւ փոշի հասկացություն գոյություն չունի: Շենքերի պատշգամբներից գույնզգույն լվացք կամ քրքրված վարագույրներ կախված չեն, փոխարենը պատուհանագոգերին բազմերանգ ծաղիկներով ծաղկամաններ են տեղադրված: Փողոցներում չկան շենքերին կից օժանդակ կառույցներ, փողոցային առեւտուր, գովազդային ճչացող պաստառներով վահանակներ եւ անհաճո այլ տեսարաններ: Օսլոյի շենքերի բակերում տարածքը ոչ թե ավտոտնակների համար է հատկացված, այլ՝ կանաչապատման: Բուսականությունը համահունչ է բնակլիմայական պայմաններին՝ ծառերը ցրտադիմացկուն են, ինչի պատճառով տարվա բոլոր եղանակներին քաղաքը կանաչապատ է:

Էլ չենք խոսում տրանսպորտի ճշտապահության, կարգ ու կանոնի մասին: Յուրաքանչյուր հասարակական տրանսպորտում կա քաղաքի ուղեցույցը, որի օգնությամբ զբոսաշրջիկը կարող է հեշտությամբ տեղաշարժվել՝ ուր հարկն է: Ըստ նորվեգացի բնապահպանների, օդի աղտոտվածության 80-85%-ը բաժին է ընկնում ավտոմեքենաներին, ինչն այդ երկրում հաշվի է առնված: Մեքենաների մուտքը քաղաքի կենտրոն՝ վճարովի է՝ մոտ $5, կենտրոնական փողոցներում, մայրուղիներում չկան մեքենաների կուտակումներ, նորվեգացիների գերակշռող մասը օգտվում է հեծանիվներից:

Յուրաքանչյուր քաղաքացի, սկսած փոքրերից, հետեւում է իր քաղաքի մաքրությանը: Տեղացիներն անգամ ծխախոտի մնացորդը գետնին չեն գցում, միակ աղտոտողները օտարներն էին:

Ֆուտբոլային միջազգային մրցաշարի առիթով Նորվեգիա էր ժամանել շուրջ 50 երկրից 30 հազար մասնակից, սակայն քաղաքի մաքրությունը նույնիսկ այդ օրերին կատարյալ էր, փողոցներում, խաղահրապարակներում դպրոցական երեխաները պատրաստակամ, ձեռնոցներով, սրածայր փայտիկներով անընդհատ հավաքում էին թափված յուրաքանչյուր թուղթը: Նորվեգացիները բոլորին ժպտում էին, անգամ կենդանիները, եթե կարողանային՝ կժպտային: Փողոցներում գրեթե չկային թափառող կենդանիներ, եղածներն էլ մաքուր էին եւ խնամված: Այստեղ մարդիկ սոցիալական պայմաններից ելնելով՝ երկիրը չեն լքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել