Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Շենգավիթում» ծննդաբերողը թալանվում է

Սեպտեմբեր 27,2008 00:00

\"\"Սրանում համոզվեցինք, երբ հղի ձեւանալով այցելեցինք այս բուժկենտրոն

Առողջապահության նախարարությունը պարբերաբար զգուշացնում է, որ մեր երկրում ծննդօգնությունը՝ սկսած կոնսուլտացիայից, վերջացրած ծննդաբերությունով, ա՛ն-վը՛-ճա՛ր է: Չնայած դրան, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բուժաշխատողները շարունակում են ծննդկանից գումար կորզել: Այստեղ անվճար է միայն ծննդաբերությունը, այն էլ միայն ծննդաբերական պրոցեսը, մնացած բոլոր ծառայությունների համար ծննդկանը պետք է վճարի:

«Առավոտը» պարբերաբար բողոքներ է ստանում այս բուժհիմնարկի վերաբերյալ: Հղի կանայք, որոնք մեզ հետ զրույցում չցանկացան ներկայանալ, դժգոհում են, որ անվճար ծննդաբերության սերտիֆիկատը ձեռքներին գնում են, սակայն իրենցից հավելյալ գումարներ են պահանջում՝ պատճառաբանելով, որ նախարարության տված գումարը միայն ծննդաբերության պրոցեսն է իր մեջ ներառում, իսկ հետծննդաբերական օրերին ծննդկանի նկատմամբ տարվող խնամքն առանձին ծառայություն է, որի համար պետք է վճարել: Մինչդեռ առողջապահության նախարարը ամեն առիթով նախազգուշացնում է, որ սերտիֆիկատը բոլոր ծախսերը ծածկում է: Անգամ եթե ծննդկանի մոտ բարդություններ առաջանան եւ պահանջվի, որ նա մի քանի օր ավելի պառկի տվյալ ծննդատանը, ապա հիվանդանոցը պարտավոր է նրան սպասարկել անվճար, քանի որ նախարարությունը այդ ծախսերն էլ է հետագայում փոխհատուցում: Հղի կանայք դժգոհում էին նաեւ վճարովի հիվանդասենյակների բարձր գներից. լավ հարմարություններով հիվանդասենյակի օրական միջինն արժե 30 հազար դրամ:

Քանի որ մեզ բողոք ներկայացրածներն իրենց անուններով հանդես չեկան, ուստի «Առավոտը» որոշեց բողոքի իսկությունը ճշտելու համար այցելել «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Ձեւանալով հղի, բաժնի վարիչ ներկայացած Սեյրան Սիրունյանից հետաքրքրվեցինք, թե իրենց ծննդատանը կոնսուլտացիան եւ երեխա ունենալն ինչ արժե: Բաժնի վարիչը մեզ հետ զրույցում ասաց. «Եթե վաուչեր ունեք՝ անվճար է: Պալատները վճարովի են»:

Բաժնի վարիչի ներկայացմամբ, կոնսուլտացիայի համար պետք է վճարենք 6000 դրամ եւ հղիության 9 ամիսների ընթացքում կարող ենք այցելել ստուգումների: Չնայած դրան, բուժկենտրոն այցելող հղի կանայք հավաստիացնում են, որ իրենք կոնսուլտացիաների համար վճարել ու վճարում են 40 հազար դրամից ոչ պակաս: Պարոն Սիրունյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ունե՞ն, արդյոք, անվճար պալատներ: Ս. Սիրունյանը պատասխանեց. «Ունենք, բայց դրանց պայմանները վատն են, մեկում սառնարան չկա, մյուսում՝ լոգարան, մեկ ուրիշում՝ մի քանի հոգի են պառկած: Ավելի լավ է վճարեք ու պառկեք նորմալ պալատում՝ բոլոր պայմաններով ապահովված: Եթե վճարում եք՝ մեր կողմից նվերներով ենք ճանապարհում»:

Ինչպես պարզվեց՝ ծննդկաններին տրվող նվերների գինը չի անցնում 5000 դրամից: Այդ փաթեթում՝ մանկիկի համար նախատեսված բարակ ծածկոց է ու մի քանի մանկական հագուստ: Թե ի՞նչ «արժեին» հիվանդասենյակները, պարոն Սիրունյանը չպատասխանեց, միայն ասաց, որ այդ ծառայությունների մասին նա տեղյակ չէ։ Վճարովի հիվանդասենյակների գները փակցված էին բուժկենտրոնի մուտքի պատին: Ընդ որում, այդ ցուցակում նշված չէր, որ անվճար հիվանդասենյակներ էլ կան, ուստի հղիները, եթե առողջապահության նախարարության սահմանած կարգին ծանոթ չլինեն, այդպես էլ չեն իմանա, որ իրենք իրավունք ունեն նաեւ օգտվել անվճար հիվանդասենյակից: Ըստ այդ ցուցակի, հիվանդասենյակի օրավարձը 15 հազար դրամ է, կանացի հիգիենայի պարագաների համար, համաձայն ցուցակի, պետք է վճարել 5000 դրամ, սննդի համար՝ նույնպես 5000 դրամ: Փաստորեն, ամենակոպիտ հաշվարկներով, բացի սերտիֆիկատով հատկացված մոտ 110 հազար դրամից, ծննդկանը լրացուցիչ ծախսերի համար վճարում է եւս 100 հազար դրամ:

Նկատենք, որ «թալանը» սկսվում է հենց հիվանդանոցի մուտքից, որտեղ յուրաքանչյուր այցելու պետք է 200 դրամ վճարի՝ ցելոֆանե «կրկնակոշիկներ» հագնելու համար:

Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանով եւ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, այս տարի պետբյուջեից միայն ծննդօգնության համար հատկացվել է 1 միլիարդ դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել