Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՆԿՈՄԱՏԻՑ ՓՈՂ ԳՈՂԱՆԱԼԸ ՀԵ՞ՇՏ Է

Սեպտեմբեր 27,2008 00:00

\"\"Ըստ «Արմենիան քարդի» գործադիր տնօրեն Շահեն Հովհաննիսյանի, վերջերս մեր բանկոմատներից կատարված գողությունների հետեւանքով դրանց սպասարկող բանկերը չեն տուժել:

«Յունիբանկ», «Կոնվերս բանկ», «ՎՏԲ» եւ «Անելիք» բանկերի՝ Երեւանում եւ մարզկենտրոններում տեղակայված բանկոմատներից նախորդ ամիս միջազգային հանցավոր մի խումբ կարողացել էր կեղծ պլաստիկ քարտերով իրականացնել ավելի քան 80 միլիոն դրամի չափով գումարի կանխիկացման գործարքներ: Հանցավոր խմբի բացահայտումից հետո նրանց հյուրանոցային համարներում հայտնաբերվեց 160 կեղծ պլաստիկ քարտ: Ըստ ԱԱԾ մամուլի ծառայության, Հայաստանի բանկոմատներից նրանք կարողացել են գումար ստանալ՝ օգտագործելով հանրահայտ բրիտանական «Բարկլայս» բանկի հաճախորդների բանկային հաշվեհամարները: Այս հանգամանքը բանկոմատների եւ դրանց սպասարկող բանկերի հանդեպ անվստահության պատճառ դարձավ երկրի շատ քաղաքացիների համար, որոնց համոզմամբ՝ դրանք բավարար չափով պաշտպանված լինելու դեպքում հանցագործ խումբը պարզապես չէր կարող նման գործարքներ իրականացնել: Մեր խնդրանքով «Արմենիան քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Շահեն Հովհաննիսյանն այս առնչությամբ «Առավոտին» հարցազրույց տվեց, որում պարզաբանեց, որ այդ միջադեպը մեր բանկոմատների անվտանգության ու պաշտպանված լինելու հետ ոչ մի կապ չուներ: Շ. Հովհաննիսյանի խոսքերով. «Մեր բանկոմատները բավարար չափով պաշտպանված են միջազգային վճարային համակարգերով սահմանված բոլոր նորմերով: Կատարվել է հետեւյալը. դուք ձեր քարտի PIN-ը գիտեք, եւ ցանկացած պահի կարող եք մտնել բանկոմատ, գործարք անել ու գումար հանել: Այդ քարտի պարունակությունը, այսինքն՝ այն ամենը, ինչ գրված է քարտի վրա, թողարկող բանկի մոտ պահպանվում է, նույնն էլ PIN-ը: Պատկերացրեք, որ ինչ-որ ձեւով՝ արտասահմանյան բանկերից այդ ինֆորմացիան դարձել է կեղծարարներին հասանելի: Իմանալով այդ ինֆորմացիան, նրանք դրա հիման վրա պատրաստել են քարտեր, որը սովորական պլաստիկ քարտ է, վրան՝ մագնիսական շերտով, որից հետո գնացել են տարբեր երկրներ ու սկսել են գործարքներ անել»:

Պարոն Հովհաննիսյանն «Առավոտին» ներկայացրեց նաեւ, թե ինչպես է բացահայտվել հանցավոր խումբը. «Քարտի առավելությունը հենց դա է, որ դուք աշխարհի ցանկացած երկրում կարողանաք կատարել ձեր գործարքները: Երբ այլ պետության բանկի կողմից թողարկված քարտը գալիս է մեր երկրում գործարք անելու, ապա հասկանալի է, որ նա մեր երկրում հանում է իր թողարկող բանկի փողերը, ոչ թե այդ բանկոմատը սպասարկող բանկի: Մինչեւ փողը բանկոմատից դուրս գալը, հարցում է գնում քարտը թողարկող բանկին, որն էլ փողը հաճախորդին տալու համար դրական պատասխան է տալիս: Ներկայումս շատ երկրներում ու նաեւ Հայաստանում գործում է sms ծառայություն, որի միջոցով Հայաստանի բանկերի կողմից թողարկված պլաստիկ քարտերի բաժանորդներն անմիջապես հաղորդագրություն են ստանում այն դեպքում, երբ տվյալ քարտի տերը կամ ինչ-որ այլ անձ այդ քարտով գործարք է անում: Եվ եթե բաժանորդն այդ պահին գործարք չի արել, բայց այդ մասին հաղորդագրություն է ստանում, կարող է զանգել իր բանկ ու ասել, որ քարտն արգելափակեն, իսկ դրանով գործարք անելու դեպքում այն առգրավեն: Եվ երբ այդ հանցավոր խումբը հայկական բանկերում նման գործարքներ է արել, առաջին 2-3 գործարքից հետո մարդիկ բլոկավորել են իրենց քարտերը, եւ բանկոմատն առգրավել է դրանք: Երբ մեր սպասարկող բանկերը նկատել են, որ բանկոմատներում գոյացել են ոչ ստանդարտ տիպի դիզայնով քարտեր, անհանգստացել են, եւ քանի որ ամեն կատարած գործարքը բանկոմատը նաեւ տեսագրում է, նայել են եւ տեսել, որ նույն խմբի մարդիկ տարբեր ժամերի, տարբեր բանկոմատներում գործարքներ են արել: Կասկած է առաջացել եւ նրանք դիմել են իրավապահ մարմիններին, որոնք էլ այդ մարդկանց ձերբակալել են»:

Ինչ վերաբերում է նրան, որ այս պատճառով մեր բանկերը ֆինանսական մեծ վնասներ են կրել, ապա Շ. Հովհաննիսյանի կարծիքով, դա իրականությանը չի համապատասխանում. «Մեր սպասարկող բանկերը որեւէ կորուստ չեն ունեցել: Հակառակը, իրենք ամեն սպասարկման համար ստացել են միջնորդավարձ: Բացի այդ, իմ տեղեկություններով, հանցագործների անձնագրերում տարբեր երկրների մուտքի վիզաներ են եղել, եւ չի բացառվում, որ նրանք նմանատիպ գործարքներ են արել նաեւ այդ երկրներում, սակայն եկել եւ հենց Հայաստանում են բռնվել: Փաստորեն, այդ մարդկանց ձերբակալելով, մենք փրկում ենք այլ բանկերի գումարները»:

Նշենք նաեւ, որ «Առավոտը» բանկոմատների սպասարկման որակի հետ կապված տասնյակ բողոքներ է ստանում: Մասնավորապես, ըստ հաճախորդների, հաճախ մի քանի հազար դրամ հաշվից հանելիս՝ բանկոմատը հաճախորդից ներողություն է խնդրում ու մերժում գործարքը, իսկ երկրորդ անգամ փորձ կատարելիս՝ քարտը «կուլ տալիս»: Դժգոհությունները մեծ են հատկապես անձրեւային եղանակներին, երբ բանկոմատից օգտվելու ժամանակ հաճախորդը հոսանքահարվում է: «Արմենիան քարդ» ընկերության գործադիր տնօրենի հետ զրույցի ընթացքում «Առավոտն» անդրադարձավ նաեւ այս խնդիրներին: Պարոն Հովհաննիսյանի ներկայացմամբ. «Հայաստանի ողջ տարածքում այսօր տեղադրված է մոտ 350 բանկոմատ, կարող է եւ լինեն նման դեպքեր, ասենք՝ ոչ լավ հողանցման պատճառով: Ու քանի որ բանկոմատի աշխատանքի համար պատասխանատուն այն սպասարկող բանկն է, ապա ճիշտ կլինի դիմել այդ բանկին եւ այդ մասին տեղյակ պահել, դա ինչ-որ լուրջ խնդիր չէ, որ այն վերացնել չլինի»:

Շ. Հովհաննիսյանի տեղեկացմամբ, անշուշտ, Կենտրոնական բանկը լծակներ ունի վերահսկելու բանկոմատների աշխատանքը, եթե որեւէ խախտում է հայտնաբերվել: Մեր այն հարցին, թե եղե՞լ են բանկի կողմից բանկոմատների սպասարկման կանոնների խախտման դեպքեր, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես նման խախտման դեպքեր չեմ գրանցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել