Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այսօրվա հայ հանդիսատեսը «փչացած» է»

Սեպտեմբեր 27,2008 00:00

Ասում է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի թատերախմբի վարիչ Հովհաննես Թեքգյոզյանը:

– Պարոն Թեքգյոզյան, ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում 40-րդ թատերաշրջանում:

– Թատերաշրջանը՝ սկսած սեպտեմբերի 13-ից մինչեւ մյուս տարվա հուլիսի վերջը, նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Հրաչյա Ղափլանյանի 85-ամյակին: Լինելու են բազմաթիվ միջոցառումներ, նշելու ենք Արթուր Ութմազյանի 60-ամյակը, Վլադիմիր Մսրյանի 75-ամյակը, Պերճ Զեյթունցյանի 70-ամյակը եւ թատրոնի 40-ամյակը: Իսկ սեպտեմբերի 27-ին եւ 28-ին տեղի կունենա «Սիրային խառնաշփոթ» ներկայացման պրեմիերան:

– Ինչի՞ մասին է ներկայացումը:

– Այն բեմադրվում է եվրոպացի դրամատուրգ Հերբերտ Բերգերի «Եվս մեկ Ջեքսոն» պիեսի հիման վրա: Սիրային հնգանկյան մասին է. երկու զույգերին միանում է հինգերորդը, եւ ամեն ինչ խառնվում է իրար: Տիպիկ իրավիճակային կոմեդիա է:

– Այս տարի կրկին մասնակցել եք «Արմմոնոյին» (այժմ արդեն՝ Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն) եւ, ինչպես անցյալ տարի, այս տարի եւս ներկայացել եք «Մակբեթ» ներկայացմամբ: Ինչո՞ւ Դրամատիկական թատրոնի կողմից պրեմիերա չեղավ:

– Նախ փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը շատ է սիրում «Մակբեթը», եւ բացի այդ՝ Շեքսպիրը յուրաքանչյուր թատրոնի համար մի փորձաքար է, եւ այն հաղթահարելու համար կուտակումներ են անհրաժեշտ:

– Դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիա՞ է բացվելու:

– Այո, թատրոնը երիտասարդների պակաս ունի, եւ մենք որոշեցինք թատերական ստուդիա բացել: Այժմ հայտերի ընդունման ժամանակն է, իսկ հոկտեմբերի կեսերից ստուդիան արդեն կգործի, կանցկացվեն դերասանի վարպետության, արվեստի պատմության, պարի եւ վոկալի դասընթացներ:

– Հանդիսատեսն այսօր ո՞ր ներկայացումներն է գերադասում:

– Հիմա հանդիսատեսը շատ խայտաբղետ է: Ներկայացումներ կան, օրինակ, «Անվերջ վերադարձը», որ միշտ իր հանդիսատեսն ունի: Սակայն, իմ դիտարկումներով, մեր հանդիսատեսը, միեւնույն է, մնում է Շեքսպիրի սիրահար: Սեպտեմբերին նշելու ենք «Ռոմեո եւ Ջուլիետի» 100-րդ ներկայացումը, եւ մինչեւ հիմա դահլիճում ազատ տեղ չի լինում: Իսկ հայ դրամատուրգիան մի փոքր խնդիրներ ունի: Գիտեք, հաճախ նույնիսկ բովանդակությունը կապ չի ունենում հանդիսատեսի արձագանքների հետ: Եղել են դեպքեր, երբ ներկայացումը շատ լավն է եղել, սակայն հանդիսատեսը չի ընդունել: Երեւանի հանդիսատեսը շատ խառնիճաղանջ է, ցանկություններն ու ճաշակը՝ հաճախ անհասկանալի: Իրականում մեր հանդիսատեսը փչացած է հեռուստատեսային շոու-ծրագրերով: Ամեն դեպքում ես տեսնում եմ, որ այդ ծրագրերը մարդկանց կյանքից քիչ-քիչ ետ են մղվում, բայց դա շատ աննկատ է: Ես հույս ունեմ, որ շուտով թատրոնն իր դերով առաջ է գալու:

– Ինչի՞ կարիք ունի թատրոնն այսօր իր աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար:

– Ուշադրության: Ուշադրություն թե՛ պետության, թե՛ հանդիսատեսի կողմից: Պետության ֆինանսական աջակցությունից բացի, թատրոնը կարիք ունի ակտիվ եւ ինտելեկտուալ հանդիսատեսի: Քանի որ թատրոնը ոչ միայն կրթում է, այլեւ պահանջում է կրթված հանդիսատես:

– Իսկ նյութական առումով այսօրվա դերասանը որքանո՞վ է ապահովված:

– Նույնիսկ ծիծաղելի է դերասանի հոնորարը համեմատել մեր շոու-բիզնեսի «աստղերի» հոնորարների հետ: Թատրոնում մնացել են արվեստի նվիրյալները: Այդ մարդկանց պետք է հերոսի կոչում տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել