Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԼԱՎԵՍԻՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ՝ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Սեպտեմբեր 27,2008 00:00

\"\"Առաջին անգամ հայի մեկնաբանմամբ

Վերադարձի դասական երաժշտության երկրորդ փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 30-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում եւ հոկտեմբերի 3-ին՝ Կամերային երաժշտության տանը դասական երաժշտության սիրահարներին սպասվում է անակնկալ: «Առավոտի» հետ զրուցած մասնագետները չհիշեցին որեւէ հայ կլավեսինահարի, որը երբեւէ Հայաստանում հանդես եկած լիներ մենահամերգով, եւ ահա վերջապես Վերադարձի փառատոնի շրջանակներում իր արվեստն է ցուցադրելու Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, Մոսկվայի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայում եւ Բազելի երաժշտության համալսարանում որպես դաշնակահար երաժշտական կրթություն ստացած, իսկ 2005-ից Բրեմենի Կուենստե համալսարանում կլավեսինի դասարանում ուսանող Միքայել Բալյանը: Հիշեցնենք, որ կլավեսինային երաժշտության բացը Հայաստանում 2006թ. լրացրել է «Նարեկացի» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյանը, կազմակերպելով աշխարհահռչակ Քրիստոֆեր Սթեմբրիջի համերգները Երեւանում, իսկ վերջինս էլ, տպավորված լինելով «Նարեկացու» գործունեությամբ, 2008թ. փետրվարին նրանց նվիրել է կլավեսին:

Գերմանաբնակ Մ. Բալյանը, որը որպես դաշնակահար քանիցս ելույթ է ունեցել հայրենիքում, առաջին անգամ է հանդես գալիս իբրեւ կլավեսինահար: «Առավոտի» դիտարկմանը, թե կլավեսինային երաժշտության մենք հանդիպում ենք հիմնականում եկեղեցական արարողությունների ժամանակ, ի՞նչ հաճախականությամբ է այդ արվեստին հաղորդակցվում եվրոպացի երաժշտասերը, մեր զրուցակիցը տեղեկացրեց. «Կլավեսինի համար երաժշտություն գրվել է դեռ 16-րդ դարից առաջ, շարունակվելով մինչեւ 18-րդ դարի վերջ: Իսկ այդ գործիքին հատուկ ուշադրություն է դարձվել շուրջ կես դար առաջ: Օրինակ, Եվրոպայում «կլավեսինային» շարժումը սկսվել է 1950-ական թվականներից: Այսօր արդեն կան բարձրագույն դպրոցներ, որոնք ունեն հնագույն գործիքների (կլավեսին, երգեհոն, կլավիկորդ) բաժիններ: Ընդ որում, հայտնեմ, որ երգեհոնահարը առանց ճիգերի կարող է ներկայացնել նաեւ կլավեսինային երաժշտություն: Ուրախ եմ, որ վանաձորյան համերգներին աջակցություն են ցուցաբերել Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա տեր Վահան Ազարյանը եւ արվեստագետ Կարինե Մանուկյանը: Այսինքն՝ կամաց- կամաց հայաստանյան երաժշտական կյանքում կլավեսինը կգրավի իր տեղը»: Հարցին՝ ժամանակակից կամ հայ կոմպոզիտորներից ո՞ւմ է ճանաչում, որ հատուկ ստեղծագործել է կլավեսինի համար, երաժիշտը հիշատակեց հունգարացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Դյորդ Լիգեդի եւ որոշ վերապահումով՝ Ավետ Տերտերյանի անունները, հավելելով, որ ինչպես, օրինակ, Շնիտկեն ռուսական երաժշտության ոլորտում, այնպես էլ Տերտերյանը՝ հայկականում, իրենց երկերում մեծ տեղ են հատկացրել կլավեսինի հնչողությանը:

Հետաքրքրությանը՝ ժամանակը չէ՞, որ հենց դպրոցական հասակից երեխաները հաճախեն կլավեսինի դասարան, Մ. Բալյանը, հիշեցնելով, որ Եվրոպայում չկան հատուկ երաժշտական դպրոցներ, այնտեղ ամեն ինչ սկսվում է մասնավոր պարապմունքներից, պատասխանեց. «Թեեւ վերջին տարիներին Եվրոպայում նման պրակտիկա կա, որ երեխան միանգամից սովորի կլավեսին նվագել, բայց գտնում եմ, որ դա պարտադիր չէ… Դաշնակահարները ինչպես երգեհոնի, այնպես էլ կլավեսինի կտիրապետեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել