Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ներն՝ ըստ ԵՊՀ-ի

Սեպտեմբեր 27,2008 00:00

Համալսարանը փորձել է հետազոտության միջոցով պարզել, թե ինչ է մտածում մամուլն իր մասին:

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ջանքերով, արդեն երկրորդ տարին է, համակարգվում եւ վերլուծվում են Մայր բուհի մասին լույս տեսած եւ եթեր հեռարձակված գրեթե բոլոր նյութերը: Հետազոտության նպատակն է պարզել, թե որ տեսանկյունից կամ ինչ համատեքստում են լրատվամիջոցներն անդրադառնում ԵՊՀ-ին, ծանոթանալ հեղինակների մոտեցումներին եւ այլն: Տվյալ ուսումնասիրությունն ընդգրկում է 2007-2008 ուստարվա ընթացքում հայաստանյան ԶԼՄ-ներում տեղ գտած նյութերը՝ հրապարակված սեպտեմբեր-հունիս ժամանակահատվածում: Ուսումնասիրվել են 10 տպագիր պարբերական, 10 հեռուստաընկերության լրատվական հաղորդում, «Ա1+», panorama.am էլեկտրոնային պարբերականները, Հայաստանի հանրային ռադիոյի եւ «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերը, նաեւ լրատվական գործակալություններ: Վերը նշված ժամանակահատվածում ԵՊՀ-ի մասին մամուլում տեղ է գտել 316 հրապարակում, ամենաշատը՝ «Առավոտում»՝ 22,81%, ամենաքիչը՝ «Հետաքննություն. իրավունք» շաբաթաթերթում՝ 0,62%: Նյութերի 76,7%-ը չեզոք է, 15,21%-ը՝ քննադատական, 8,09%-ը՝ դրական: Ըստ ԵՊՀ իրականացրած հետազոտության, նյութերի ամբողջ քանակի 83,87%-ի դեպքում հեղինակները եղել են օբյեկտիվ, 15,81%-ի դեպքում՝ սուբյեկտիվ: Դիտարկվող ժամանակահատվածի ընթացքում 62 նյութ հեռարձակել է «Ազատություն» ռադիոկայանը, 54 նյութ՝ Հանրային ռադիոն: TV-ներից ամենաշատը՝ «ԱՐ»-ի «Ազդարարը» (174 հեռուստանյութի 20,57%-ը), ամենաքիչը՝ «Շանթի» «Հորիզոնը» (4,57%):

Ըստ հետազոտության արդյունքների, ԶԼՄ-ներում ամենաշատ ԵՊՀ-ի խնդիրներին քննադատական մոտեցում է ցուցաբերել տպագիր մամուլը՝ ընդհանուր հրապարակումների 15,16%-ի չափով, այնուհետեւ էլեկտրոնային պարբերականները՝ 11,31%, ամենաքիչ քննադատական մոտեցում են ցուցաբերել հեռուստաընկերությունները՝ 0,58%: Ըստ ԵՊՀ-ականների, այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ հեռուստաընկերությունները քիչ ժամանակահատվածում պետք է հայտնեն հիմնական ասելիքը, ուստի՝ մեկնաբանություններին ժամանակ չի մնում, մինչդեռ տպագիր լրատվամիջոցի լրագրողը հնարավորություն ունի խորանալ նյութի մեջ, վերլուծել փաստերը:

ԵՊՀ-ի մասին 2007թ. սեպտեմբեր-2008թ. հունիս ընկած ժամանակահատվածում հայկական ԶԼՄ-ներում հրապարակված եւ հեռարձակված նյութերի վերլուծության արդյունքում իրականացված հետազոտության հեղինակները հանգել են այն եզրակացության, որ զգալի են ԵՊՀ-ի եւ հատկապես տպագիր ԶԼՄ-ների համագործակցության արդյունքները. անցյալ տարվա 202 նյութի փախարեն, այս տարի եղել է 316-ը: Հետազոտությունն իրականացնողները փաստում են, որ հեռուստաընկերություններն ավելի շատ ժամանակ են տրամադրել համալսարանական այն միջոցառումներին, որոնց մասնակցել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հ/կ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նույն աղբյուրի, այս տարի աճել են նաեւ սուբյեկտիվ նյութերը (15,81%՝ անցյալ տարվա 9,95%-ի փոխարեն), ինչը պայմանավորված է քաղաքական զարգացումների եւ ԵՊՀ-ն հիմնականում որպես քաղաքական կառույց դիտարկելու հետ: Ռադիո եւ հեռուստատեսային լրատվական թողարկումները, պարզվում է, եղել են 100%-ով օբյեկտիվ: Ոչ սուբյեկտիվն, իհարկե, թերթերն են: Ըստ հետազոտությունն իրականացնողների, կրթության թեման ուսումնասիրելու ցանկություն մամուլը, թերեւս, այնքան էլ չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել