Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՎԵԼՈՐԴՆԵՐԸ»՝ ԳՅՈՒՂԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Սեպտեմբեր 27,2008 00:00

Այս բուհի ազատված երեք դասախոսները պատրաստվում են իրենց ոտնահարված իրավունքները վերականգնել դատարանում:

Արդեն մեկ տարուց ավելի է՝ Ագրարային համալսարանի նախկին դասախոսներ Արմեդա Խաչատրյանն ու Սվետլանա Պետրոսյանն ազատվել են աշխատանքից, սակայն մինչ օրս համալսարանից նրանց չի պատճառաբանվել, թե իրենք հատկապես ո՞ր չափանիշներին չեն համապատասխանել:

Օրերս ռուսաց լեզվի գործազուրկ դասախոսներն այցելել էին «Առավոտի» խմբագրություն եւ հանգամանալից ներկայացրել իրենց «պատմությունը»: Արմեդա Խաչատրյանը շուրջ 15 տարի աշխատել է Ագրարային համալսարանում, այդ ընթացքում ոչ մի նկատողություն չի ստացել: Բողոքներ չեն եղել նաեւ ուսանողների կողմից, ընդհակառակը՝ վերջիններս բարձր են գնահատել նրա աշխատանքը եւ 5 բալանոց համակարգով գնահատելիս՝ Ա. Խաչատրյանին տվել 4,8 միավոր: «Անցյալ տարի այնպես դասավորվեց, որ դասախոսների կենսագրությունը կարդալուց հետո նրանց աշխատանքում մնալ-չմնալու հարցը հերթով դրվեց քվեարկության: Դասախոսներ կային, որոնց ամբիոնը դեմ քվեարկեց, իսկ մենք բոլորի կողմից անցանք միաձայն: Դրանից հետո, գիտխորհրդի նիստից մեկ օր առաջ, ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Մանուկ Բաբայանը մեզ բոլորիս հավաքեց իր մոտ եւ խորհուրդ տվեց հանգիստ լինել, քանի որ ռեկտորը համաձայնել է թեկուզ կես դրույքով բոլորիս թողնել մեր տեղում: Մենք էլ հանգիստ գնացինք գիտխորհրդի նիստին, մտածելով, որ աշխատանքից չենք ազատվելու: Սակայն ընթացքում զգացինք, որ այս ամենը մրցույթի է նմանվում: Հետո միայն պարզվեց, որ մենք՝ երկու ընկերուհիներս ենք աշխատանքից դուրս մնացել»,- մեզ պատմեց Ա. Խաչատրյանը: Ըստ նրա, երբ գնացել է ամբիոնի վարիչի մոտ եւ հետաքրքրվել, թե ինչի համար են իրենց ազատել աշխատանքից, Մ. Բաբայանը կտրուկ պատասխանել է, թե լավ է արել եւ խորհուրդ տվել իր գործերին չխառնվել: Այս առնչությամբ պրոռեկտորը Ա. Խաչատրյանին եւ Ս. Պետրոսյանին պարզաբանել է, թե իրենք այս ամենի հետ կապ չունեն, իսկ գիտխորհուրդը քվեարկել է ամբիոնից եկած կարծիքի հիման վրա: Սակայն նշենք, որ ամբիոնի վարիչը թե՛ Արմեդա Խաչատրյանին եւ թե՛ Սվետլանա Պետրոսյանին լավ բնութագրեր է տվել, որոնք մեր ձեռքի տակ են: Այս դեպքում «հանելուկային» է մնում նրանց աշխատանքից ազատելը: «Արդեն անցել է մեկ տարի, բայց մինչեւ հիմա մեզ գրավոր հիմնավորում չեն տվել: Հետաքրքիր է, այդ ո՞ր չափանիշներին չենք համապատասխանել, որ ազատել են: Բազմիցս ցանկացել ենք հանդիպել նաեւ ռեկտոր Արշալույս Թարվերդյանի հետ, սակայն նա էլ մեզ չի ընդունել: Օր է եղել՝ առավոտյան ժամը 8-ից նրա ընդունարանում սպասել ենք, որ գա՝ հանդիպենք, էլի չի ընդունել, ասել է՝ քարտուղարուհու մոտ գրանցվենք եւ սպասենք ընդունելության: Բայց գնացել ենք գրանցվելու, քարտուղարուհին ասել է, թե իզուր է, միեւնույն է՝ չի ընդունելու, չարժե գրանցվել»,- նշեց տիկին Խաչատրյանը: Նա մեզ փոխանցեց, որ այս տարի ամբիոնի վարիչն իր մոտ է հրավիրել մի քանի դասախոսների, ովքեր ունեն մեկ դրույքից ավելի ժամաքանակ եւ հորդորել է նրանց հրաժարվել ավելի ժամաքանակից, որպեսզի կրճատված դասախոսներին վերականգնեն աշխատանքի: Այսինքն, նրա խոսքերով՝ բոլոր կրճատվածներին վերականգնել են աշխատանքի, բացի իրենցից: Ժամաքանակ է հատկացվել նաեւ արդեն իսկ աշխատանք ունեցող լաբորանտ Անուշ Ավետիսյանին, մի քանիսին էլ նույնիսկ հին դրույքով են պահում. «Այդ ինչպես եղավ, մեր ժամանակ կես դրույքի հրամանի տակ ռեկտորը չէր ստորագրում, բայց հիմա կես դրույքով դասախոս են պահում»,- նշեց Ա. Խաչատրյանը: Տեղեկացնենք, որ նա իր խնամքի տակ ունի անչափահաս երեխա, միայնակ մայր է, եւ, աշխատանքը կորցնելով, հայտնվել է նյութական ծանր վիճակում:

Նույն կարգավիճակում է նաեւ Սվետլանա Պետրոսյանը: Նա էլ է միայնակ մայր եւ իր խնամքի տակ ունի անչափահաս երեխա: Ս. Պետրոսյանն ունի 19 տարվա աշխատանքային ստաժ, մի քանի անգամ հաճախել է վերապատրաստման դասընթացների եւ, ինչպես Ա. Խաչատրյանը, նույնպես ոչ մի անգամ նկատողություն չի ստացել: Այդ ամենից հետո աշխատանքից ազատվելն իր համար անակնկալ է եղել: Ուսանողները նրա դասախոսական որակները նույնպես բարձր են գնահատել՝ 4,6 միավոր:

Արդեն նախկին դասախոսները «Առավոտին» նշեցին, որ իրենց համալսարանում այսօր դասախոս կա, որ դպրոցում անգլերեն է պարապում, իսկ համալսարանում՝ ռուսերեն, բայց իրենք՝ իրենց բարձրագույն կրթությամբ, նույնիսկ կես դրույքի չեն արժանանում, դրա համար էլ պատրաստվում են աշխատանքի վերականգնվել դատական ատյանների օգնությամբ: Նրանք միայն ենթադրում էին, թե ինչն է եղել իրենց ազատման պատճառը՝ Մանկավարժական համալսարանում հայցորդ են ձեւակերպվել եւ պատրաստվում են թեկնածուական պաշտպանել: Որպես պատճառաբանման հիմք, նրանց աշխատանքային գրքույկում հղում է արվել Աշխատանքային օրենսգրքի 111 հոդվածին՝ պայմանագրի ժամկետն ավարտված լինելը:

Հավելենք, որ Ագրարային համալսարանից պարզաբանում ստանալու մեր բոլոր փորձերը մատնվեցին անհաջողության: Ռեկտորը քաղաքից բացակայում էր, իսկ պրոռեկտորը խորհուրդ տվեց մեր հարցի պատասխանը ստանալ լրատվականից, բայց օրեր շարունակ այնտեղից մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում: Հիշեցնենք, որ Արմեդա Խաչատրյանն ու Սվետլանա Պետրոսյանը միակ դասախոսները չեն, որ պատրաստվում են դիմել դատարան: «Առավոտի» սեպտեմբերի 19-ի համարում տեղեկացրել էինք համանման մի պատմության մասին. նույն բուհի մեկ այլ հեռացված դասախոս՝ Մնացական Հարոյանն էլ է պատրաստվում աշխատանքի իրավունքը վիճարկել դատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել