Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՈՑԱՊԸ ՄՏԱԴԻՐ Է ԴԻՄԵԼ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 27,2008 00:00

\"\"Կասկածելով իր նախկին աշխատակցին՝ փաստաթուղթ կեղծելու մեջ

Մեր թերթում անդրադարձել էինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջազգային կապերի պետի թափուր տեղի համար՝ Քաղծառայության խորհրդի փետրվարի 2-ին կազմակերպած մրցույթին («Առավոտ», 16.09.2008): Ինչպես տեղեկացրել էինք, մրցույթում հաղթել էր Հասմիկ Պողոսյանը, որը, սակայն, եռօրյա ժամկետում չէր նշանակվել պետի պաշտոնին: Հ. Պողոսյանը դիմել էր վարչական դատարան եւ հաղթել: Սակայն նրա նշանակումից մեկ ամիս հետո նախարարությունը ազատել է Հ. Պողոսյանին աշխատանքից, պատճառը մրցույթին ներկայացված փաստաթղթերում առկա անհամապատասխանություններն են: «Առավոտի» հարցին, թե ի՞նչ անհամապատասխանություններ են հայտնաբերվել Հ. Պողոսյանի փաստաթղթերում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ Արայիկ Հայրապետյանը տեղեկացրեց, որ Հ. Պողոսյանի աշխատանքային գրքույկում «որոշ տվյալներ տեղիք են տվել մտահոգության՝ առ այն, որ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ չունի»: Մեր այն հարցադրմանը, թե այդ դեպքում ինչի՞ հիման վրա է մրցույթում հաղթած Հ. Պողոսյանը հայտարարում, որ ինքը 1992-ից աշխատել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, Ա. Հայրապետյանը հայտնեց. «Հ. Պողոսյանը, ըստ իր աշխատանքային գրքույկի, 1992թ. նոյեմբերի 9-ից ընդունվել է աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարարության սոցիալական աջակցության ֆոնդ՝ որպես բազմազավակ ընտանիքների գծով առաջին կարգի մասնագետ, ազատվել է աշխատանքից 1996-ին: Հիշյալ գրառումը եղել է ջնջումներով, բացի այդ՝ նախարարության կառուցվածքում վերոհիշյալ ֆոնդ չի եղել»: Այդ կապակցությամբ նրանք դիմել են արդարադատության նախարարություն, որտեղից ստացվել են փաստաթղթեր եւ ըստ դրանց՝ հիշյալ ֆոնդ նախարարությունում առկա չէ: Սակայն մի՞թե այդ հանգամանքը մրցույթից առաջ հնարավոր չէր նկատել: Մեր այդ հարցադրմանը Ա. Հայրապետյանը պատասխանեց. «Դրանք նկատվել են այն ժամանակ, երբ Հ. Պողոսյանը հայտնվել է նախարարությունում, որտեղ կատարվել են ուսումնասիրություններ»:

«Առավոտի» զրուցակիցը նկատեց նաեւ, որ Հ. Պողոսյանի աշխատանքային գրքույկում չկա որեւէ նշում 1995թ. հոկտեմբերի 16-ից գործերի կառավարչությունում որպես ավագ տեսուչ աշխատելու եւ ազատվելու մասին: «Նախարարության հաստիքացուցակներում առկա չէ նաեւ վերոհիշյալ սոցիալական աջակցության ֆոնդի՝ որպես կառուցվածքային միավորի, Պողոսյանի՝ որպես առաջին կարգի մասնագետի մասին որեւէ տվյալ»,- հավելեց նա: Տեղեկացնենք նաեւ, որ Քաղծառայության խորհուրդը իր հերթին կատարել է ուսումնասիրություններ եւ որոշել է միջնորդել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարին՝ զբաղեցրած պաշտոնից ազատել Հասմիկ Պողոսյանին՝ օրենքի սահմանված կարգի խախտմամբ քաղծառայության պաշտոնին նշանակված լինելու պատճառով: ՔԾԽ-ն, ըստ իրավաբան Ա. Հայրապետյանի, իր հերթին ուսումնասիրել է Պողոսյանի աշխատանքային գրքույկի 20-21-րդ էջերում առկա գրառումների հավաստիությունը. «Այնտեղ եղել է սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի եւ փախստականների հարցերի նախարարության կադրերի բաժնի կնիքը»: Հետեւաբար, եթե նախարարության իրավաբանի դիտարկումները ճիշտ են, ապա պետք է ենթադրել, որ կամ կնիքն է կեղծ եղել, կամ կնիք խփողն է օրենք խախտել: Ի դեպ, արդարադատության նախարարի 2001թ. մարտի 12-ի թիվ 285 հրամանով գրանցված է սոցիալական աջակցության «Օգնիր եւ օգնություն կգտնես» հասարակական կազմակերպություն-հիմնադրամ: Հ. Պողոսյանը, ըստ նախարարության պաշտոնական պատասխանի, աշխատել է հենց այդ հիմնադրամում, իսկ այդ հիմնադրամը պետական կառավարման ոլորտի ստաժ չի համարվել: Ըստ իրավաբանական վարչության պետի տեղակալի, քանի որ իրենք չունեն հետաքննություն իրականացնելու իրավասություն, ուստի մտադիր են դիմել դատախազություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել