Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պասիվանալու իրավունք չունենք

Սեպտեմբեր 27,2008 00:00

\"\"Ըստ ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեծ խաղասեղանի առջեւ խաղում է թույլ խաղաքարտերով:

«Որեւէ ոչ արտաքին, ոչ ներքին ազդակ չի կարող ընդդիմության համար պասիվացնող կամ կասեցնող դառնալ: Մեր հասարակության ներսում առկա բազում հարցերի պատասխաններն իշխանությունը չի տվել, ուստի ընդդիմությունը չի կարող, իրավունք չունի եւ հասարակությունն էլ չի թողնի, որ ընդդիմությունը պասիվանա»,- երեկ «Ուրբաթ» ակումբում, գնահատելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ի պատասխան «Առավոտի» հարցի՝ ասաց Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երբեմնի ղեկավար, Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության հիմնադիր եւ երբեմնի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Նա ասում է, որ ռուս-վրացական պատերազմը 180 աստիճանով փոխել է իրավիճակն աշխարհում, մասնավորապես՝ Կովկասում: Արդյունքում՝ դրա պտուղներից օգտվում է Սերժ Սարգսյանը, ով արագ է կողմնորոշվել իրավիճակը հօգուտ սեփական շահի օգտագործելու հարցում եւ սկսել է բավականին ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարել՝ ի տարբերություն իր նախորդի:

Բանախոսի համոզմամբ՝ այդ քայլի նպատակն է ներքաղաքական խնդիրների ստվերումը եւ աշխարհում սեփական, մարտի 1-ից հետո կորսված վարկանիշի բարձրացումը: Պարոն Հովհաննիսյանը դժվարանում է գնահատել՝ Ս. Սարգսյանի որդեգրած կեցվածքը ճի՞շտ է, թե՞ սխալ: Ամեն դեպքում փաստում է, որ խաղաքարտերն են թույլ. «Շատ մեծ խաղ է, շատ բարդ խաղ: Սերժ Սարգսյանը նստել է մեծ խաղասեղանի առջեւ եւ խաղում է աշխարհի մեծերի հետ: Խաղաքարտերն այնքան թույլ են Սերժ Սարգսյանի մոտ, ուստի՝ ինչ կլինի արդյունքում, կերեւա առաջիկա մեկ-երկու ամսում»,- կանխատեսում է նա: Ընդդիմության հետագա անելիքների մասով բանախոսն ասաց, որ առաջիկայում Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես կգա հայտարարությամբ ու բավականին հիմնավորված, հասարակությանը շատ ընկալելի կներկայացնի հետագա քայլերն ու դրանց տրամաբանությունը: Իսկ Հայաստանի երկրորդ նախագահի հնարավոր վերադարձի մասին խոսակցությունների վերաբերյալ Հովհաննես Հովհաննիսյանն ասում է. «Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա: Սերժ Սարգսյանին եւ այսօրվա իշխանությանը նրա վերադարձը պետք չէ»: Բացի այդ, ըստ ՀԼԿ ղեկավարի՝ «ի տարբերություն Պուտինի, Քոչարյանը չի ցանկանա նախագահի աթոռից հետո այլ պաշտոն զբաղեցնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել