Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՅՈՒՆ ՉԷՐ, ԱՅԼ ԲԵՆԶԻ՞Ն

Սեպտեմբեր 27,2008 00:00

\"\"«Մարտի 1»-ի տեսանյութում մարդո՞ւ այտոսկր չէր, այլ խոճկորի, իսկ մեքենայի տակ գցողն էլ ոչ թե ոստիկան էր, այլ քաղաքացիակա՞ն անձ:

Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում քննարկման նյութն ընդդիմության՝ «մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հանրային հանձնաժողովի» պատրաստած տեսանյութն էր, որն ԱԺ հանձնաժողովին էր տրամադրել «ՀԺ»-ի թղթակիցը: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտնեց, որ քննարկմանն ապարդյուն հրավիրել է նաեւ Հանրային հանձնաժողովի՝ ուժային կառույցների գործողություններն ուսումնասիրող հանձնախմբի ղեկավար Սուրեն Աբրահամյանին: «Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչու է մերժել հրավերը՝ Սուրեն Աբրահամյանը հիշեցրեց, որ Հայ ազգային կոնգրեսն իր վերաբերմունքն արտահայտել է այս հանձնաժողովի նկատմամբ:

Որ այս հանձնաժողովի հանդեպ ընդդիմության անվստահությունը հիմնավոր էր՝ ապացույցը դարձավ այս նիստը, որն ընթացավ «Հերքում, հերքում մինչեւ վերջ» նշանաբանով եւ խիստ միակողմանի հարցադրումներով:

Քանի՞սն են եղել պատի մոտ

«Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի աջակցությամբ հանձնաժողովի երեկվա նիստին մասնակցեցին այդ տեսաերիզում երեւացող երիտասարդներից 3-ը, որոնք տեսագրության մեջ պատի տակ պպզած, կուչ եկած պատասխանում են ոստիկանների հարցերին, իսկ հաջորդ կադրում նրանց գլխավերեւում՝ պատի վրա, արդեն հայտնվում են ինչ-որ հետքեր: Վահագն Հարությունյանը պատմեց, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ փողոցում կանգնեցվել է տաքսի, որի մեջ եղել են «թալանված խանութներից ապրանքներ»: Նաեւ այդ տաքսու ուղեւորներն են եղել Տիգրան Կիրակոսյանը, Գարիկ Հովակիմյանը, Ռոման Գրիգորյանը, Գեւորգ Գրիգորյանը, Վրեժ Գյոզալյանը եւ Տիգրան Ծառուկյանը: «Նրանց անձը եւ ապրանքների ձեռք բերման ճանապարհը պարզելու նպատակով ռազմական ոստիկանության աշխատակիցները, որոնք անկարգությունների ավարտից հետո շրջագայություն են իրականացրել այդ տարածքում՝ նրանց կանգնեցրել են, ստուգել»,- պատմեց Վահագն Հարությունյանը՝ իբրեւ բացատրություն, թե ինչպես են այդ անձինք հայտնվել Ֆրանսիայի դեսպանատան պատի տակ: Իսկ պատի վրա առկա հետքերն ի սկզբանե անվանելով «հեղուկի հետքեր»՝ նշեց, թե ըստ դատահետքաբանական փորձաքննության, «քանի որ պատը բազալտ քարից է՝ այնտեղից որեւէ հետք, առավել եւս՝ արյան հետքը վերացնելու համար առնվազն պետք էր շուշաթղթով կամ այլ շփման եղանակով դրանք մաքրել: Նման եղանակով պատի վրա առկա սալիկները չեն մաքրվել. մաքրման հետքեր չկան»: Որ պատը չի մաքրվել՝ ցուցմունք են տվել նաեւ Ֆրանսիայի դեսպանատան հարցաքննված աշխատակիցները, որոնք նաեւ, ըստ պրն Հարությունյանի, ականատես չեն եղել, թե այդ պատի մոտ կամ դեսպանատանը հարակից այլ տարածքներում որեւէ մեկի նկատմամբ կիրառված լինի բռնություն. «Ավելի՛ն, նրանք հայտնել են, որ տեսել են, մինչ զանգվածային անկարգությունների ավարտը, որոշ անձանց, որոնք բացահայտ՝ բենզինով լի տարայից պատրաստել են «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող դյուրավառ հեղուկով շշերը… Պատի վրա հայտնաբերված վառելիքով լի շշերը փաստում են այդ հանգամանքը»: Հովհաննես Մարգարյանը միանգամից հետաքրքրվեց, թե միգուցե այդ դյուրավառ հեղուկների՞ հետքն էր պատի վրա: «Միանշանա՛կ»,- համաձայնեց քննչական խմբի ղեկավարը:

Տաքսու վարորդը՝ Ռոման Գրիգորյանը, հաստատեց այդ պնդումը, որ երբ իրեն գողության կասկածանքով բերել էին դեսպանատան պատի մոտ, շշեր էին շարված. «Կանգնել եմ՝ շարժվելուց կպել եմ շշերից մեկին: Սենց կպան իրար, մի 3 շիշ թափվել ա դաժե մեր վրա: Բենզին ու սոլյարկա էր մեջերը»: Հերքեց, թե իրենց ծեծել են. «Դաժե մատներիցս արյուն չի եկել»: Այդպես վարվեցին մյուս երկու երիտասարդները նույնպես՝ նաեւ պնդելով, թե արյուն էլ չեն տեսել:

Ի դեպ, Ռոման Գրիգորյանը նշեց, թե պատի մոտ եղել են 7 հոգով. իր տաքսու մեջ 5 հոգով էին՝ բերել էին եւս 2-ի: Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցի սան Տիգրան Կիրակոսյանը (նա պատմեց, որ այդ օրը «Ռոբերտո» խանութի դիմացից գտել է մի ցելոֆան, որտեղ եղել է մի հատ կոշիկ. «Ուզում էի՝ մի բանից օգտվեի էլի») պնդեց, թե պատի մոտ նստած են եղել 6 հոգով, հետո բերել են եւս 2-ի: Գարիկ Հովակիմյանը նշեց, թե 5-ով էին: Թվաքանակի մասին հարցեր էր ուղղում հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Արտյուշ Շահբազյանը: Հիշեցնենք, որ 10 զոհվածներից մեկի՝ Սամվել Հարությունյանի հայրը պնդում է, թե որդուն տեսել է դեսպանատան պատի վերաբերյալ այդ կադրերում: Մինչդեռ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը պնդեց, թե բերման ենթարկվածները 6-ն էին, եւ Սամվել Հարությունյանն այնտեղ «չի՛ եղել եւ չէ՛ր կարող լինել»:

Վրաերթի համար էլ մեղավոր չկա

Նիստի ընթացքում քննարկվեց  տեսանյութում ոստիկանության զորքերի ՈՒԱԶ՝ փշալարերի մեքենայի կողմից քաղաքացուն վրաերթի ենթարկելու դրվագը: «Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավարը տեղեկացրեց, որ վրաերթի էր ենթարկվել Արարատի Մարմարաշեն գյուղի 27-ամյա բնակիչ Գեւորգ Թեւանյանը: Նա հիվանդանոցում «համառոտ» հարցաքննվել է արդեն մարտի 8-ին: Արտյուշ Շահբազյանը նկատեց, թե անզեն աչքով էլ երեւում է, որ մեքենան բավական արագ էր ընթանում. «Ու կարծես նաեւ վրայով անցնում է»: Ի պատասխան՝ Վահագն Հարությունյանը հայտնեց, թե տեսաձայնագրային փորձաքննությունը կպարզի. «Կարող է ուղղակի տեսաձայնագրության նաեւ ստվերի, տակն ընկնելու, տեղաշարժի, որակի եւ այլ հարցեր կան»:

Գեւորգ Թեւանյանն արդեն իսկ ճանաչվել է տուժող՝ վրաերթի հետեւանքով վնասվածքներ ստանալու պատճառով: Սակայն սրա համար էլ ոստիկանները չեն ենթարկվի պատասխանատվության, քանի որ ըստ Վահագն Հարությունյանի՝ այդ մեքենան, ինչպես նաեւ կադրում երեւացող ոստիկանական մեկ այլ մեքենա, «զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից խլվել են: Այս ՈՒԱԶ-ը վարող զինվորը դիմել է փախուստի՝ մեքենան թողնելով այնտեղ: Դրանից հետո՝ ինչպես այս, այնպես էլ կան նաեւ այլ դրվագներ, դեպքեր, երբ որ զանգվածային անկարգության մասնակիցները հափշտակած ավտոմեքենաներն ուղղել են ոստիկանական շարքերի ուղղությամբ»:

Ըստ նրա՝ հարցաքննվել են խանութի աշխատակիցներ, «որոնք տեսել են, թե ինչպես մեքենան՝ վրաերթի ենթարկելուց հետո, մի փոքր տարածք անցնելուց հետո, բախվել է մայթեզրին, կանգ առել: Կանգնելուց հետո մոտ 30 տարեկան մի երիտասարդ ղեկից իջել եւ դիմել է փախուստի»: Այդ պատճառով, ըստ նրա՝ հնարավոր չէ պարզել նրան, ով գտնվել է մեքենայի ղեկին:

Ի դեպ, Վահագն Հարությունյանը խոստացավ, որ հաջորդ նիստերից մեկում «կապահովեմ նաեւ Գեւորգ Թեւանյանի ներկայությունը»:

Խոճկորնե՞ր էին մորթել

Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը պարզաբանումներ տվեց տեսանյութի մեկ այլ դրվագի մասին, որտեղ փողոցում արյուն է, ծնոտի մի հատված, ուղեղի կտորներ եւ այլն: Նա տեղեկացրեց, որ դատախազության եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գրությամբ՝ կատարել են տեսաերիզի փորձաքննություն, ընդգրկելով նաեւ պետական բուհերի դիմածնոտային անատոմիայի ամբիոնների վարիչներին. «Միանշանակ բոլորի կողմից հիմնավորվել է՝ ոսկրային բեկորները, որ ներկայացվել է՝ դրանք մարդու մարմնամասեր չեն, այլ խոճկորի մարմնամասեր են: Ոսկորը՝ այտոսկրը որ կա, դա երիտասարդ խոճկորի է: Իսկ լեզուն կա՛մ ոչխարի է, կա՛մ հորթի է, որովհետեւ այն թմբկությունը, որ կա լեզվի վրա՝ մարդու լեզու չի դա: Նույնը եւ ծնոտը. նախ մարդու ծնոտը, եթե այնտեղ ուշադիր նայեք՝ նկարի վրա կտեսնեք, որ կա հաստություն. մարդու վերին ծնոտը կամ ընդհանրապես դիմային գանգի ծնոտի ոսկորներն այդպիսի հաստություն չունեն, բայց այստեղ, այս նկարի վրա հստակ երեւում է հաստությունը եւ ատամների ձեւը: Ատամները փնջային ատամ են՝ 3 ատամը միասին են երեւում, որը միայն խոզի մոտ է լինում»: Հանձնաժողովում ԱԺՄ ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանը հետաքրքրվեց՝ «Բացառություններ չե՞ն լինում»:

Իսկ Հովհաննես Մարգարյանի հարցին, թե արդյոք հնարավո՞ր էր այդ քանակի արյուն թափված լիներ՝ Շոթա Վարդանյանը պատասխանեց. «Բավականին մեծ ծավալ է: Դրա համար օգտագործված է ե՛ւ ստվերը, ե՛ւ ինչ-որ հեղուկ: Երկուսն իրար հետ են օգտագործել, ու շատ խելոք մոնտաժ է»: Նա նաեւ նկատեց, որ ոչ մի ոսկորի վրա չկա գնդակի հետք. «Հետեւապես սա էլի է խոսում, որ պարկուճները դրել են կամ ինչ են արել»:

Մինչդեռ «Ա1+»-ի թղթակից Դիանա Մարկոսյանը պնդեց, որ այդ տեսարանները նկարահանել է հեռուստաընկերության օպերատորը՝ հենց մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, եւ որ դրանից հետո նրա կոշիկներն արյունոտ են եղել: Իսկ տեսագրված կադրերը մարտի 1-ից հետո անմիջապես տեղադրված են եղել Ինտերնետում: Այսինքն՝ այդ պահին արհեստական պատկեր ստեղծելու կամ մոնտաժելու կարիք եւ հնարավորություն անգամ չկար: «Ա1+»-ի լրագրողը Սամվել Նիկոյանի ներկայությամբ էլ պնդեց ասվածը, ու վերջինս առաջարկեց հանձնաժողովի առաջիկա նիստերից մեկին հրավիրել նաեւ օպերատորին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել