Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱՐԺՄԱՆ ՀԱՋՈՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

Սեպտեմբեր 27,2008 00:00

\"\"ՀՀ առաջին նախագահը երեկ խոստացավ այդ օրը հրապարակել Շարժման հետագա պայքարի ռազմավարությունը:

Երեկ Հյուսիսային պողոտայում, հակառակ իշխանությունների հարուցած խոչընդոտներին եւ ՀՀ ոստիկանապետի՝ օրերս հնչեցրած սպառնալիքներին, համատեղվեցին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած «չարտոնված» հանրահավաքը եւ Կենտրոնի թաղապետի թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի՝ համայնքի բնակիչների հետ նախընտրական վերջին հանդիպումը: Իհարկե, մինչեւ զանգվածային հրապարակային միջոցառումը սկսվելը ոստիկանությունը լուրջ ուժեր էր կենտրոնացրել պողոտային հարակից փողոցներում, բայցեւ որեւէ լուրջ խոչընդոտ հանրահավաքի կազմակերպիչների եւ մասնակիցների նկատմամբ չհարուցվեց:

Քանի որ գործող օրենսդրությամբ այսօր այլեւս արգելված է քարոզչական հրապարակումներ անելը, ուստի մենք կանդրադառնանք հանրահավաքի ընթացքում հնչած բացառապես քաղաքական ելույթներին: Հանրահավաքն այս անգամ վարում էր ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը, որը ներկաներին Հայ ազգային կոնգրեսի անունից այսպես ողջունեց՝ «Ազատության հրապարակի պատվավոր քաղաքացիներ, Հյուսիսային պողոտայի տերեր», նաեւ ասաց, թե իրենք հավաքվել են Համաժողովրդական շարժման՝ «արդեն մեկ տարի տեւող պայքարի հաջորդ քայլերի մասնակիցը լինելու, մեր հնարավորությունը ներդնելու՝ մեծ հաղթանակին մոտենալու համար»: Ա. Մանուկյանը հայտարարեց, որ սին եւ փուչ են իշխանությունների կողմից տարածվող բոլոր այն կարծիքները, թե շարժումը մարում է. «Շարժումը չի կարող մարել, շարժումը ուժեղ է հաղթանակած մարդկանցով»:

Ելույթ ունեցավ նաեւ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, որը հայտարարեց, թե իրեն զանգել է մեր համաքաղաքացիներից մեկը եւ խնդրել Կոնգրեսին՝ հաջորդ հանրահավաքն անցկացնել Սարի թաղում: «Տեսնո՞ւմ եք, թե ինչ բարի գործ ենք անում, բարեկարգվում է մեր քաղաքը՝ Օպերայի շրջակայքը, Մատենադարանը: Մեր ուշադրությունը պետք է բեւեռենք դեպի ծայրամասերը, միգուցե, այնտեղ էլ բարեկարգման աշխատանքներ տանեն»,- հայտարարեց ՍԴՀԿ ատենապետը: Նա համբերատարության կոչ արեց ժողովրդին՝ վստահեցնելով, որ օրինական ճանապարհով Շարժումը հասնելու է հաղթանակի: «Մեզանից շատերն ակնկալում էին արագ հաղթանակ, բայց նաեւ մեր հոգու խորքում հասկանում էինք, որ արագ հաղթանակի պարագայում մենք նաեւ շատ լուրջ մարդկային եւ բարոյական կորուստներ էինք ունենալու: Մենք դանդաղ եւ մտածված ենք առաջ շարժվում, եւ այդ ընթացքում ե՛ւ հասունանում ենք, ե՛ւ ավելի խորն ենք գիտակցում մեր պրոբլեմները: Կարծում եմ, սա լավագույն ճանապարհն էր, որ մենք անցանք»:

Խոսեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա Կոնգրեսի անունից մի քանի դիտարկումներ հնչեցրեց, որոնցից առաջինը վերաբերում էր «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի արած հայտարարությանը, թե իրենք ստեղծում են փաստահավաք խումբ, որին ընդդիմությունը ստիպված է լինելու մասնակցել: Ա. Մուսինյանի ասելով, այդպիսի խումբ ձեւավորելու եւ այնտեղ իշխանության եւ ընդդիմության հավասար թվով ներկայացուցիչներ ունենալու պահանջ ի սկզբանե դրել է ՀՀ առաջին նախագահն ու նրա գլխավորած Համաժողովրդական շարժումը, եւ այդ Շարժման մասնակիցների պայքարի շնորհիվ իշխանությունները ստիպված են եղել նման հանձնախումբ ստեղծելու որոշում կայացնել: «Պարոն Նիկոյան, կաղավաղեք, թե չեք աղավաղի իրականությունը, այսօր էլ, վաղն էլ եւ հետայսու հրապարակում կանգնած ժողովրդի ճնշման տակ ընդունելու եք նրա բոլոր պահանջները եւ շատ խելոք կատարելու եք դրանք»,- հեռակա կարգով Ս. Նիկոյանին դիմեց նա:

Ա. Մուսինյանը խոսեց նաեւ հանձնաժողովում երեկ արված այն «բացահայտման» մասին, ըստ որի՝ ընդդիմության կողմից «Մարտի 1»-ի դեպքերին վերաբերող տեսաերիզում արյան հեղեղի մեջ եղած մարդու ծնոտի հատվածը ոչ թե մարդու, այլ՝ խոճկորի ծնոտ է. «Այդպես հայտարարողները երեւի մատով չափել են իրենց ծնոտը, դա համեմատել տեսաերիզում եղածի հետ եւ նոր հայտարարել, որ դա խոճկորի ծնոտ է: Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ»:

Երեկվա հանրահավաքում խոսեց նաեւ Կոնգրեսի աշխատանքները համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նշեց, որ Շարժման հանրահավաքները կասեցնելու իշխանության փորձերը շարունակում են հակառակ արդյունքը գրանցել եւ նոր թափ հաղորդել Շարժմանը. «Իշխանություններն իսկապես չեն հասկանում, որ փակելով Ազատության հրապարակը՝ ոչնչի չեն հասնի: Մենք, միեւնույնն է, հավաքվելու համար մի տեղ կգտնենք»: Լ. Զուրաբյանը, կոչ անելով ակտիվորեն մասնակցել կիրակի օրը կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ նաեւ խոսեց Կոնգրեսի առաջիկա ծրագրերի մասին: Ըստ այդմ, առաջիկա ընտրություններից հետո իրավիճակը կվերլուծվի, եւ հոկտեմբերի 17-ին Կոնգրեսը կհրավիրի հանրահավաք եւ անպայման հզոր երթ. այդ օրը Շարժումը կամփոփի մարտի 21-ից անցած ուղին, կներկայացնի իր նոր ռազմավարությունը եւ հետագա անելիքները: Հանրահավաքը կարճ ելույթով եզրափակեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել