Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկած թուղթը

Սեպտեմբեր 26,2008 00:00

/հատված/

\"\"Առանց թեզանիքների, ուսերի մոտ դիզված ժանյակներով, սեւ, մինչեւ ծնկները հասնող պարեգոտի վրայից ծիրանի քղամիդ հագած, ոտքերին սրածայր, կարմիր կոշիկներ, լայն ժպիտից շողշողացող դեմքով՝ հյուրերին դիմավորելու դուրս եկավ թագադիր ասպետ իշխան Սահակ Բագրատունին: Նա ուսերին թափված երկար, ալիքավոր, շագանակագույն մազեր ուներ ու կարճ գանգրացած մորուք:

– Ուշանում ես, սիրելի փիլիսոփա, շատ ես ուշանում,- ասաց իշխանն ու հին բարեկամի նման գրկեց Մովսեսին:

– Այդպես պատահեց, մեծ իշխան, մեր հայրերի թողած հին երկիրը մեծ է, ճանապարհներն՝ անապահով,- ասաց Մովսեսը: Հետո մի քայլ ետ գնալով՝ հիացմունքով նայեց բարձրահասակ, թիկնեղ իշխանին:

– Քո նամակի միջոցով ես սկզբում հոգուդ հետ ծանոթացա, հիմա, երբ տեսնում եմ քո գեղեցիկ պատկերը՝ հասկանում եմ, որ հոգիդ ու մարմինդ ներդաշնակ են,- ասաց Մովսեսն ու մի պահ լռելուց հետո շարունակեց,- ուստի մտածում եմ, որ ոչ միայն պիտի գովել քեզ, իշխան, այլ քեզ համար պետք է աղոթել, որ միշտ այսպես մնաս:

Շարունակելով լայն ժպտալ, ի նշան շնորհակալության՝ իշխանը ձեռքը դրեց սրտին, հետո հարցական նայեց Մովսեսի կողքին կանգնած տղային:

– Հա, մոռացա ներկայացնել, իմ զարմիկ Դավիթն է,- ասաց Մովսեսը,- հետս բերել եմ, որ ուսումը Վաղարշապատում շարունակի: Հավատա ինձ, իշխան, նա մի օր մեծ փիլիսոփա կդառնա:

Դավիթը շփոթված առաջ եկավ ու խոնարհվեց իշխանին:

– Ափսոս,- ասաց իշխանը,- ափսոս, եթե շուտ տեղյակ լինեի Դավիթի մասին, ես իմ զարմիկին էլ կհրավիրեի, կամ կգրեի, որ հետդ բերեիր. նա հիմա Կապադովկիայում է՝ Գորեմեի հովտում: Նա իմ այն զարմիկն է, որը տարիներ առաջ մի խորհրդավոր երազ է տեսել ու ոչ մեկին չի պատմում, նույնիսկ ինձ,- իշխանի ձայնում մի պահ տարակուսանք նշմարվեց ու անմիջապես էլ հանգավ, երբ ուշադիր նայեց Դավիթին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել